ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱԿՈԲ ԽԱՉԻԿՅԱՆԻ ՀԵՏ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ Մ. Բ. Նյու Ջերսիից Հակոբ Վարդիվառյանը տեղեկացնում է Ֆեր Լոնի Սուրբ Ղեւոնդյանց եկեղեցու սրահում ապրիլի 5-ին կայացած գրական հաճելի երեկոյիՙ գրասեր հանրության հանդիպման մասինՙ կանադահայ արձակագիր Հակոբ Խաչիկյանի հետ: Խաչիկյանի գրական վաստակը, ավելի քան 30 գործերը հեղինակին ճանաչելի են դարձրել ոչ միայն հայկական, նաեւ օտար շրջանակներում: Հայոց ցեղասպանության վերապրողների հիշողությունների միջոցով 1915-ի ողբերգական իրողությունները, մարդկային ծանր, բարդ ճակատագրերը սյուժետային հետաքրքրական զարգացումներով ներկայացնող նրա «Ամառն առանց արշալույսների» վեպը (ֆրանս.) դարձավ բեստսելլեր եւ ի թիվս օտար մի շարք լեզուների, թարգմանվեց նաեւ հայերեն: Այստեղ, Հայաստանում, գրողըՙ ծագումով պոլսեցի, իր հանգիստ խառնվածքի, հաղորդական բնույթի ու թեթեւ հումորի շնորհիվ շահեց շատերի համակրանքը: Նյու Ջերսիի հիշյալ երեկոյին ներկայացվել են հեղինակի «Երիտասարդ մարդը մոխրագույն զգեստով», «Չուղարկված նամակներ» եւ «Իմ ցեղի հարցը» գրքերը: Ինչպես գրում է Հ. Վարդիվառյանը, հաղորդական ու անմիջական զրույցի վերածված հանդիպման ընթացքում գրողն անդրադարձել է իր կյանքի վաղ շրջանին, Թուրքիայում ապրած տարիներին, երբ այնտեղ առկա էին ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունները, Հայոց ցեղասպանության խնդրին, թարգմանական գրականության անհրաժեշտությանը, հայ-թուրքական հարաբերությունների ժամանակակից զարգացումներին: Հանդիպումը կազմակերպվել էր ՀԲԸՄ-ի, Թեքեյան մշակութային միության, Վարդանանց ասպետների եւ Պոլսահայ բարեսիրական ընկերակցության գործակցությամբՙ Արա Արազի գլխավորությամբ: Երեկոյի ընթացքում հնչել են հեղինակի հիշյալ գործերից հատվածներՙ Ադրիեն Աշպահյանի, Սեդա Շահինյանի եւ Տիրան Ճեպեճյանի ընթերցմամբ, ելույթ է ունեցել ամերիկահայ գործիչ Պերճ Արազը: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Հակոբ Վարդիվառյանը հիշատակում է Խաչիկյանի անդրանիկՙ «Թոմաս» վեպի առաջաբանիՙ Ուիլյամ Սարոյանի խոսքերը. «Թոմասը» հաճելի եւ հարուստ վեպ է: Խաչիկյանը երիտասարդ եւ խանդավառ գրող է, նա ջերմությամբ, հարգանքով եւ գրկաբաց է ընդունվելու»: |