RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1701, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԱՍԵՐՆԵՐԻՆ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ անցկացված շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել Լեւոն Արոնյանը, որն արժանացավ գեղեցիկ հուշագավաթի եւ 30 հազար եվրո պարգեւավճարի:

Արոնյանի համար մրցաշարն անհաջող սկսվեց: Մեկնարկային տուրում հայ գրոսմայստերն անսպասելի պարտություն կրեց չինացի Դին Լիժենից: Դա մրցաշարում Արոնյանի միակ պարտությունն էր: Դրանից հետո Լեւոնն իրեն հիանալի դրսեւորեցՙ հաղթելով Վլադիմիր Կրամնիկին ու Պյոտր Սվիդլերին: Իսկ ավարտական տուրում շահելով վճռորոշ պարտիան մրցաշարի փարիզյան հատվածի առաջատար, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ մրցախաղում, լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Բորիս Գելֆանդից եւ դարձավ հաղթող:

Մրցաշարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Լեւոն Արոնյանը հանդես է եկել եզրափակիչ խոսքով. «Նման ուժեղ մրցաշարում հաղթելը մեծ պատիվ է ինձ համար: Բացի այդ, Ալյոխինն իմ սիրած շախմատիստն է: Ինձ շատ հաճելի եւ ուրախալի է գլխավոր մրցանակին արժանանալը: Ամեն անգամ չէ, որ մեզ հրավիրում են նման հիանալի վայրերում խաղալու: Թեեւ հասկանում էի, որ Լոնդոնից հետո հոգնած կլինեմ, սակայն սիրով ընդունեցի հրավերը: Շատ հաճելի էր խաղալ Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում, մանավանդ որ մրցաշարը բարձր մակարդակով էր կազմակերպված:

Ինձ թվում է, որ շախմատը մարդուն տրամադրում է հարգել արվեստը, ստեղծագործաբար մոտենալ գործին: Ես շատ թանգարաններում եմ եղել: Ռուսական թանգարանն էլ ինձ շատ դուր եկավ: Հատկապես տպավորված եմ Այվազովսկու եւ Բրյուլովի կտավներով: Ինձ թվում է, որ մեր խաղացած պարտիաներն էլ որոշակի արտիստական երանգ ունեին:

Վճռորոշ պարտիաները հաջող անցկացնելու համար նյարդային ամուր համակարգ է հարկավոր ունենալ: Լոնդոնում հանգիստ չէի, ինչն ինձ երբեմն խանգարում էր: Պետք է մարզել նյարդային համակարգը, պարտությունից հետո լավատեսորեն տրամադրվել: Դա միակ միջոցն է ծանր դրությունից դուրս գալու համար:

Շատ շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին, որոնք Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում ներկա էին մրցաշարին ու աջակցում էին ինձ: Մեզ համար շատ կարեւոր է զգալ կապը հայրենիքի հետ: Շատ հաճելի է, որ հայերը գալիս են, աջակցում են, փորձում են օգնել: Հույս ունեմ, որ իմ եւ մեր հավաքականի հաջողությունները կօգնեն հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցներին մերձենալ ու հաջողություններ գրանցել իրենց ասպարեզում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ