ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ Ա. Մ. ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2012-ի հաշվետվությունը երեկ կառավարության նիստին ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2012-ին կատարված ստուգումների արդյունքում վերականգնվել է 1,1 մլրդ դրամ, իսկ ամենամեծ արդյունքը եղել է 2011-ի տեսչական ստուգումների ժամանակ, երբ սոցիալական ոլորտում շրջանառվող գումարներից վերականգնվել էր 11 մլրդ դրամ: Այս հարցին անդրադառնալովՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորագույն ցուցանիշ համարեց այն հանգամանքը, որ չնայած ստուգումների քանակը կտրուկ` 8 անգամ կրճատվել է 5 տարիների ընթացքում, բայց վերականգնվող գումարներն ավելացել են: Այս առումով նա նշեց, որ ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն իրեն ամբողջովին արդարացնում է, որովհետեւ ցույց է տալիս, որ բարձրացել է նաեւ արդյունավետությունը: «Դա նշանակում է, որ 2013 թվականի համար պետք է ճիշտ թիրախներ ընտրենք, թե որոնք են այն ոլորտները, որտեղ ամենամեծ ռիսկերն են եւ որտեղ մենք կարող ենք ակնկալել մեծածավալ վերականգնումներ», եզրափակեց վարչապետը: |