ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԹՎԻ ԱՂԵՏԱԼԻ ՆՎԱԶՈՒՄ. ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Ապրիլի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանությունը կապված կրոնական եւ այլ համոզմունքների հետ եւ կրոնական համայնքների պաշտպանությունը բռնությունից» վերտառությամբ: Կրոնական համայնքների դեմ բռնության թեմայով զեկույց պատրաստելը եւ բանաձեւի նախագիծ ներկայացնելը հանձնարարվել էր ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար, իտալացի պատգամավոր Վոլոնտեին: Այս փաստաթուղթը, չնայած իր ձեւակերպումների ընդհանրությանն ու գործնական երաշխավորությունների պակասին, բարձրակետն է այն մտահոգությունների, որոնք այսօր կան աշխարհումՙ կապված քրիստոնյաների նկատմամբ հալածանքի եւ Մերձավոր Արեւելքից նրանց զանգվածային հեռացման հետեւանքների հետ: Փորձենք հասկանալՙ ինչո՞ւ են հեռանում քրիստոնյաները քրիստոնեության հայրենիքից եւ ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ քրիստոնյա աշխարհի եւ քրիստոնեական արժեքների պահպանման համար: Միայն վիճակագրություն 20-րդ դարի սկզբին, այսինքնՙ ուղիղ մեկ դար առաջ, Մերձավոր Արեւելքում քրիստոնյաները կազմել են բնակչության մոտ մեկ հինգերորդը: Հայոց ցեղասպանությունից եւ արաբական աշխարհի անկախացումից հետո քրիստոնյաների թիվը մերձավորարեւելյան տարածաշրջանում նվազման միտում է դրսեւորել: Սակայն նախկինում երբեք այդ նվազման միտումները այնքան մեծ չեն եղել, ինչքան վերջին հինգ տարիներին եւ մասնավորապես արաբական գարունների ընթացքում: Այսօր Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների ընդհանուր թիվը, տարբեր հաշվումներով, կազմում է 12-15 միլիոն մարդ: Այդ թվի ուղիղ կեսը Եգիպտոսի ղպտի բնակչությունն է, որը կազմում է իր երկրի բնակիչների մոտ տասը տոկոսը եւ 7,5 միլիոն է: Երեսուն տարի առաջ քրիստոնյաները Իրաքում կազմել են բնակչության մոտ վեց տոկոսը: 1987թ. Իրաքում վերջին անգամ հավաստի մարդահամար է իրականացվել, եւ այն ժամանակ քրիստոնյաները կազմել են մոտ 1,4 միլիոն մարդ: Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության տասը տարիների ընթացքում քրիստոնյաների թիվը պակասել է ավելի քան տասը անգամ: Այս մասին հայտարարել է Ռուս ուղղափար եկեղեցու ներկայացուցիչ, միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը մի քանի առիթներովՙ փոխանցելով եկեղեցու անհանգստությունը: 1932թ. Լիբանանում քրիստոնյաները կազմում էին բնակչության 55 տոկոսը: 2005թ. «Համաշխարհային քրիստոնեական աղբյուր» կազմակերպության տվյալների համաձայնՙ դեռ նախքան արաբական գարունների ծավալումը քրիստոնյաների թիվը կազմում էր 34 տոկոս կամ 1,35 միլիոն մարդ: Լիբանանի քրիստոնյաները հեռանում են ոչ միայն Արեւմտյան Եվրոպա եւ ԱՄՆ, ինչպես դա տեղի էր ունենում նախորդ երեսնամյակում, այլ նաեւ Լատինական Ամերիկա: Օրինակՙ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում այսօր գործում է լիբանանցի քրիստոնյաների ութսունհազարանոց աշխույժ համայնք: Քրիստոնյաների թվի նվազեցման պատճառով Լիբանանի նրանց համայնքը կորցրել է շատ քաղաքական արտոնյալ իրավունքներ, որոնք ուներ առաջներում: Սակայն այսօր էլ Լիբանանը մնում է Մերձավոր Արեւելքի միակ երկիրը, որտեղ քրիստոնյաները ընդգծված քաղաքական ներկայություն ունեն պետության կյանքում: Սիրիայում անցյալ դարի սկզբին քրիստոնյաները կազմել են բնակչության մեկ երրորդը, իսկ քաղաքացիական պատերազմի նախօրեին կազմում էին բնակչության միայն 10 տոկոսը: Հորդանանում քրիստոնյաների թիվը բնակչության ընդհանուր թվակազմում կրճատվել է մոտ 10 տոկոսով: Սրընթաց կրճատվեց Պաղեստինի բնիկ քրիստոնյա բնակչությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեթղեհեմի արաբ քրիստոնյաները կազմում էին քաղաքի բնակչության 85 տոկոսը, իսկ այսօրՙ միայն 12 տոկոսը: Ընդամենը տասը տարի առաջ Նազարեթ քաղաքի բնակիչների մեծ մասը քրիստոնյա էր, իսկ այսօր բնակչության 76 տոկոսը մահմեդական է: Երուսաղեմում 1922թ. բնակչության 53 տոկոսը քրիստոնյա է եղել: Այժմ քրիստոնյաները կազմում են Երուսաղեմի բնակիչների 2 տոկոսը կամ 15 հազար մարդ: Բրիտանական մանդատի վերջին տարում (1947) քրիստոնյաները կազմել են Պաղեստինի բնակչության 10 տոկոսը: 1949թ. Պաղեստինի ոչ հրեա բնակիչների շրջանում քրիստոնյաներն արդեն 21 տոկոս էին: Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի սեկտորում 3 միլիոն ընդհանուր բնակչության մեջ քրիստոնյաները կազմում են 1,5 տոկոս կամ մոտ 50 հազար մարդ: Բուն Գազայի սեկտորում մնացել է միայն 2 հազար քրիստոնյա, որը 1 տոկոսից մի փոքր ավելի է: Իսրայելը Մերձավոր Արեւելքի միակ երկիրն է, որտեղ քրիստոնյաները բնական աճ են արձանագրում: Մյուս բոլոր երկրներում քրիստոնյաների արտագաղքն ընդունել է սպառնալի չափեր: Կա եւս մեկ հետաքրքրական վիճակագրություն: Մերձավոր Արեւելքի մահմեդական ընտանիքում կա միջին վիճակագրական 3,9 երեխա, դրուզների շրջանումՙ 2,5 երեխա, հրեաների ընտանիքումՙ 2,9 երեխա, իսկ քրիստոնյա ընտանիքումՙ 2,1 երեխա: Լիբանանում շիա ընտանիքը ունի մինչեւ 8 երեխա, սուննի ընտանիքըՙ 4-5 երեխա, քրիստոնյա ՙ միայն 2: Իրաքում ամերիկացիների դեմ դժգոհության ծավալման պայմաններում ահագնացան հալածանքները քրիստոնյաների նկատմամբ, եւ 5 տարվա ընթացքում 850 հազար քրիստոնյաներից մնաց միայն 400 հազարը: Վերջին տարիների զանգվածային արտագաղթի պայմաններում, երբ առավել կրթված եւ նյութապես ապահով քրիստոնյաները սկսել են հեռանալ դեպի Եվրոպա եւ ԱՄՆ, նրանց թիվը էլի 2 անգամ կրճատվել է: Բնակության նախկին վայրերից հեռացողները նշում են, որ արտագաղքի հիմնական պատճառներն են բռնությունը մահմեդականների կողմից եւ անապահով ու անկայուն իրավիճակը: Բռնության ալիք քրիստոնյաների նկատմամբ Դեռ իրաքյան պատերազմի տարիներին Անգլիկան եկեղեցու հոգեւոր առաջնորդը քննադատությամբ էր հանդես եկել պաշտոնական Վաշինգտոնի եւ Լոնդոնի հասցեին, որոնք իրենց մինչեւ վերջ չմտածված գործողություններով քրիստոնյաներին դրեցին վտանգավոր վիճակի մեջ, ինչը սաստկացրեց արտագաղթը: Լիբիայի պատերազմի հետեւանքով քրիստոնյաների ուղիղ կեսը հեռացավ երկրից: Եգիպտոսի ղպտիները տարբեր առիթներով ահազանգել են իրենց համայնքի անդամների բռնի մահմեդականացման եւ կենցաղային հալածանքների դեպքերի մասին: Այդ դեպքերը քննության առիթ են դարձել քրիստոնյա աշխարհի հորգեւոր առաջնորդների մասնակցությամբ անցած ժողովներում: Սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, բռնության ծավալներով եւ տեսակով «գերազանցել է» բոլորին: Ապրիլի 23-ին Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին եւ Թուրքիայի կառավարության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղերձներ է հղել խոր տագնապով Սիրիայի հյուսիսում Անտիոքի ուղղափառ եկեղեցու Հալեպի միտրոպոլիտ Պողոսի եւ սիրիական ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ մար Գրիգորի Հովհան Իբրահիմի առեւանգման կապակցությամբ: Այս երկու բարձրաստիճան հոգեւորականներն առեւանգվել էին Հալեպի հյուսիսում, այն ժամանակ, երբ հետեւում էին մարդասիրական բեռների բաշխմանը: Համայն Ռուսիո պատրիարքը անթուլատրելի էր համարել խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկության եւ բռնության գործողություննեեւը եւ կոչ էր արել պետությունների ղեկավարներինՙ ջանքեր գործադրել շուտափույթ ազատման համար: Տարբեր աղբյուրներ գալիս են հաստատելու մեկ իրողությունՙ Սիրիայում հեղափոխականների անվան տակ գործող ապստամբները բացառիկ ատելությամբ են վերաբերվում քրիստոնյաներին: Դեռ քաղաքացիական պատերազմի սկզբում դատարկվեց Հոմս քաղաքի ողջ քրիստոնյա բնակչությունը, իսկ 86-ամյա վերջին քրիստոնյան, որ ստիպված էր մնալ քաղաքում, դաժանորեն սպանվեց: Սիրիայի քրիստոնեական տարբեր ուղղությունների ներկայացուցիչները միաբերան հավաստում են, որ Ասադների ընտանիքի կառավարման շրջանում քրիստոնյաների նկատմամբ բացառիկ հանդուրժող եւ բարյացակամ վերաբերմունք է եղել: Ասում են, որ նաեւ այդ պատճառով է, որ վարչակազմի դեմ զինված պայքար մղող ապստամբները բացառիկ դաժանությամբ են վերաբերվում քրիստոնյաներին: Հալեպի հայերի նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին շատ ենք խոսել, եւ այս պահին դա կրկնելը իմաստ չունի: Հալածվում են նաեւ Հալեպի ասորական թաղամասերի բնակիչները, իսկ քրիստոնյա փախստականների ճամբարներ գոյանում են Սիրիայի եւ Լիբանանի սահմանագլխին: Ռուսաստանում ուշադրությամբ հետեւում են Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակին: Դեռեւս 1882թ. ստեղծված Ռուսական կայսերական պաղեստինյան ընկերության նիստերում (որոնց մասնակցում են բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, խոշոր գործարարներ) քննարկման առարկա են դարձել Մերձավոր Արեւելքի օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցիների աղետալի վիճակի հարցերը: Հարկ է հիշել, որ Ռուսաստանը դեռ 19-րդ դարի սկզբից մշտապես հադես է եկել Պաղեստինի (Սուրբ Երկրի) քրիստոնյաների հովանավորի դերում, եւ Ռուս ուղղափառ եկեղեցու այսօրվա առաջնորդները պետության քաղաքական առաջնորդներին մշտապես հիշեցնում են այդ առաքելության մասին: Իրենց հերթին անընդհատ նոսրացող հետեւորդների թիվ ունեցող մերձավորարեւելյան ուղղափառ եկեղեցիները ապավինել են Ռուսաստանին, որին համարում են մերձավորարեւելյան կնճիռները խաղաղությամբ կարգավորելու միակ իրական ջատագով: Ի՞նչ է բխում ԵԽԽՎ բանաձեւից ԵԽԽՎ ապրիլյան բանաձեւը, որի մասին խոսեցինք հոդվածի սկզբում, կարող էր լինել ավելի կոնկրետ, ավելի հասցեական, սակայն դրա դեմ առարկել են եվրոպացի ուլտրա-լիբերալ պատգամավորները: Այնուամենայնիվ խորհրդաժողովը պահանջել է դատապարտել բռնությունը եւ ատելության քարոզները որեւէ կրոնին պատկանելու հիման վրա: Ուժեղացնել պայքարն այդ դրսեւորումների դեմ եւ արդարադատության ձեռքը հանձնել դրանում մեղավորներին: Բանաձեւը կոչ է անում ակտիվորեն նախաձեռնել միջկրոնական եւ միջմշակութային երկխոսություն: Սահմանել կրոնական համայնքների եւ անհատների արդյունավետ պաշտպանություն: Պաշտպանել կրոնական հավաքների վայրերը, հարգել եւ պաշտպանել տարբեր կրոննների մշակութային ժառանգությունը: Այս բանաձեւը գտնում է, թե «այն ժամանակ, երբ բոլորը կարծում են, որ կրոնական համայնքները ավելի լավ են պաշտպանված Եվրոպայում, քան Աֆրիկայում, Ասիայում եւ Մերձավոր Աֆրիկայում, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում դեռեւս հիմնախնդիրներ կան»: Բանաձեւը ներկայացնող իր զեկույցում պարոն Վոլոնտեն բերել է Արեւմտյան Եվրոպայում քրիստոնյաների հալածանքների օրինակներ: Այս բանաձեւի օգուտներից մեկը այն կարող է լինել, որ «անդամ պետությունների, որտեղ կրոնական սեփականության ռեստիտուցիան դեռեւս չի ավարտվել, արագացնել այն մոտ ապագայում» բանաձեւը նպաստի Թուրքիայում Հայաստանյայց առաքելական եկեղեցու գույքի վերադարձին եւ իրավունքների վերականգնմանը: Սա կարող է պատահել, եթե ԵԽԽՎ-ն ընդհանուր խոսակցություններից ու ընդհանուր դատողություններից զատ հետամուտ լինի իր բանաձեւի ամբողջական կիրառմանը: |