ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸՙ ԱՅՍՕՐ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամ մայիսի 3-ին, ժ.19.00-ին, «Ազգային պատկերասրահ» Միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակներում կներկայացնի տաղանդաշատ դաշնակահար Հայկ Մելիքյանին: Համերգային ծրագրում ընդգրկված են 20-21 դդ. կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաեւ համերգի ավարտին դաշնակահարը կներկայանա իմպրովիզացիաներով: Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի եւ քննադատների կողմից ճանաչված է որպես ժամանակակից երաժշտության լավագույն կատարողներից մեկը, ով իր վառ երեւակայությամբ եւ վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նրա միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000-ին Հռոմումՙ 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության «Concerto di Concerti» միջազգային փառատոնի շրջանակներում: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների բազում երկրներում: 2000-ին Հռոմում կայացած 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության «Premio Valentino Bucch» միջազգային դաշնամուրային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց հետո, ժամանակակից երաժշտությունը զբաղեցրեց նրա նվագացանկի գերակշիռ չափաբաժինը: Հայկ Մելիքյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: |