Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏՐԱՄԱԴՐԵՑ ԵՎՍ 20 ԿՐԹԱԹՈՇԱԿ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange հիմնադրամն երեկ կրթաթոշակներ տրամադրեց Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գյումրու եւ Վանաձորի մասնաճյուղերի 20 ուսանողների: «Համալսարանների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները»,-ասաց Orange Արմենիա հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը : Համալսարաններին Orange հիմնադրամը փոխանցեց 2.000.000 դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի առաջադիմություն եւ ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր առմամբ նախատեսված է տրամադրել կրթաթոշակներ 9 համալսարաններում: Համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը չի սահմանափակվում կրթաթոշակների տրամադրմամբ. բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար: WiFi անկյունների ստեղծումն այս համագործակցության տարրերից մյուսն է: Վանաձորի մասնաճյուղում նման WiFi անկյուն արդեն բացվել է մեկ տարի առաջ, իսկ Գյումրիի մասնաճյուղում WiFi անկյան բացումը տեղնի ունեցավ Ֆրանսիս Ժելիբտերի այցի ժամանակ: WiFi անկյուններն ուսանողներին եւ համալսարանների աշխատակիցներին թույլ են տալիս ինտերնետից օգտվել ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային նպատակներով: Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է երկու տարի առաջ: 2011-12 ուսանողական տարվա ընթացքում Orange հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների, իսկ 2012-13-ին կրթաթոշակ կտրամադրի 9 համալսարանների 95 ուսանողների, որոնցից 70-ըՙ Հայաստանի մարզերում: |