ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ Ի. Պ. Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացնում է Միացյալ Նահանգների այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Հայաստանում, Երեւանի ավագանու ընտրությունների օրը` մայիսի 5-ին, լինել ուշադիր, քանի որ ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի մոտ կարող են հավաքվել մարդկանց փոքր ամբոխներ: ԱՄՆ դեսպանատնից ստացված հաղորդագրությունում նշվում է, որ անգամ խաղաղ հավաքները կարող են լարվածությունը վերածել բռնության: Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում է տեղի իրադարձություններին հետեւել մամուլի միջոցով եւ լինել իրազեկ իրենց շրջակայքի մասին: Դեսպանատունը նաեւ հորդորում է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներինՙ գրանցվել STEP (Department of States Smart Traveler Enrollment Program) համապատասխան ծրագրում, որը փոխանցում է անվտանգության վերջին թարմացումները եւ դեսպանատան համար ավելի հեշտացնում որեւէ հրատապ դեպքում իր քաղաքացիների հետ կապվելը: Եվ ԱՄՆ այն քաղաքացիները, որոնց ինտերնետը հասանելի չէ, կարող են ուղղակի դիմել դեսպանատուն եւ անվտանգության համար գրանցվել հենց դեսպանությունում: Թե ինչու է դեսպանությունը խուճապ ստեղծում իր քաղաքացիների միջավայրում, երեւի միայն ինքը գիտի: |