RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013



Տեղադրվել է` 2013-05-03 23:44:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1513, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ` ԸՆԴԴԵՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի տարեկան զեկույցում Ադրբեջանը գնահատված է որպես երկիր, «որտեղ հավատի ազատության հարցում իրավիճակն անբավարար է»: Իսկ Fredom Hause-ն Ադրբեջանում մամուլը համարել է «անազատ»:

Նախագահական «ընտրությունների» նախապատրաստվող վարչախումբը, բնականաբար, նման գնահատականները համարում է «ոչ համաչափ»: Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը գտնում է, որ Ադրբեջանում «պետությունն ամեն ինչ անում է, որ ազատ մամուլը կայանա»: Նրան դիպուկ հակադարձել է «Զերկալո»-ի մեկնաբանը` ձեւակերպելով, որ «անազատության մեջ մամուլի ազատություն լինել չի կարող»:

Քաղաքագետ եւ Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, մինչդեռ, իշխանություններին խորհուրդ է տալիս «նյարդային կեցվածք չցուցաբերել միջազգային կառույցների գնահատականներին, այլ փորձել հետեւողականորեն ներկայացնել սեփական տեսակետը»: Այսինքն, լսել, չարձագանքել եւ շարունակել այն, ինչ արվել եւ արվում է:

Մամուլի ազատության հարցում թերեւս ամեն ինչ հասկանալի է: Ավելի էական է, թե ինչո՞ւ ԱՄՆ պետական դեպարտամենտը հավատի ազատության հարցում եւս տրորում է Իլհամ Ալիեւի «կոշտուկը»: Չէ՞ որ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ին եւ առհասարակ արեւմտյան հանրությանը «չափազանց սրտամոտ է մուսուլմանական երկրում աշխարհիկ պետություն կառուցելու ադրբեջանական մոդելը»:

Իշխող վարչախումբը հաճախ չի զլանում նույնիսկ դա հռչակել որպես «օրինակելի փորձ»: Ընդ որում, հարեւան Իրանի հետ հարաբերությունները գնահատելիս ադրբեջանական պաշտոնյաները հատուկ ընդգծում են, որ Թեհրանում «ադրբեջանական աշխարհիկ պետությունը համարում են մոլլապետության համար սպառնալիք»:

Այս իմաստով, թվում է, ԱՄՆ-ի համար ընդունելի պիտի լիներ, որ Իլհամ Ալիեւի վարչախումբը հետեւողականորեն պայքարում է «իսլամական արմատականության դեմ»: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, պետական դեպարտամենտը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հավատի ազատության ոչ բավարար վիճակի առնչությամբ:

Բանը հասել է նրան, որ երեկ Ադրբեջանի իսլամական կուսակցության փոխնախագահ Ռովշան Քեբիրլին ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցը համարել է «անաչառ եւ արդարացի»: Նրա կարծիքով, Ադրբեջանի «ոչ միայն հավատացյալների, այլեւ առհասարակ քաղաքացիների գլխավոր խնդիրն այն է, որ երկրում օրենքները չեն հարգվում» (տես` http://haqqin.az/news/5521): Նրա գնահատմամբ, Ադրբեջանի «կառավարությունը մի կողմից հռչակում է հարգանք կրոնական ազատության հանդեպ, մյուս կողմից` արգելում հիջաբ կրել, հետապնդում հավատացյալներին»: Քեբիրլին հույս է հայտնել, որ իշխանությունները «կշտկեն այդ ոլորտի իրավիճակը»:

Ադրբեջանում իսլամական կուսակցությունը հետապնդվում է որպես «Իրանի հինգերորդ զորասյուն»: Այսինքն, հավատացյալների հանդեպ բռնություններ գործադրվում են այն վստահությամբ, որ հակաիրանական Արեւմուտքը դրանց կարեւորություն չի տա: Մինչդեռ, պարզվում է, ԱՄՆ պետական դեպարտամենտին պետք է, որ Ադրբեջանում տիրի կատարյալ կրոնական ազատություն:

Ինչո՞վ բացատրել դա: Թվում է, մեկնաբանությունը մեկը կարող է լինել. Միացյալ Նահանգները վերջնականապես համոզվել է, որ Ադրբեջանում քաղաքական ընդդիմություն գոյություն չունի, բոլորը խաղում են իշխող վարչախմբի կողմից իրենց վերապահված դերը, ինչն Իլհամ Ալիեւին հնարավորություն է տալիս կարգավորել սեփական վերարտադրության հետ կապված հարցը:

Բաքվում ձեւավորված ներքաղաքական ստատուս քվոն կարող է խախտվել միայն «իսլամական զարթոնքի» դեպքում: Իսկ դա հնարավոր կլինի, եթե վարչախումբը թուլացնի հավատացյալների հանդեպ ճնշումները: Բացառված չէ, որ ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցը միջնորդավորված ազդակ է ադրբեջանական իսլամականներին, որպեսզի վերջիններս ավելի համարձակ գործեն: Շատ հնարավոր է, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ կերպ մեսիջ է հղում նաեւ Իրանի էթնիկ ադրբեջանցիներին:

Նրանց շրջանում, ըստ որոշ վերլուծությունների, չափազանց վերապահ վերաբերմունք կա Ադրբեջանի իշխող վարչախմբի հանդեպ: Ավելի պարզ ասած, իսլամական արժեքներ դավանող իրանական էթնիկ ադրբեջանցիներն Իլհամ Ալիեւի վարչախումբը համարում են «անհավատ»: Ուշագրավ է, որ գրեթե միաժամանակ ԱՄՆ պետական դեպարտամենտը խստորեն քննադատել է Իրանի կառավարությանը` էթնիկ ադրբեջանցիների «իրավունքները ոտնահարելու» համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ