ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՎԵՐԱԾԵԼ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Տոնական օրերին սովորաբար քննադատական խոսքեր չեն ասում: Ընդունված է, որ այս կամ այն տոնի առթիվ սովորաբար շռայլում են դրական խոսքեր ու մաղթանքներ: Երեկ էլ մերՙ լրագրողների մասնագիտական տոնն էր: Ամբողջ աշխարհում մայիսի 3-ը նշվում է որպես մամուլի ազատության օր: Երեկվանից ամենատարբեր կազմակերպություններ զեկույցներ են հրապարակում աշխարհում մամուլի ազատության վիճակի մասին, ներկայացնում խնդիրներ ու վիճակագրություն: Հայաստանն էլ այդ ամենից դուրս չէ: Պարզվում է, որ մենք բարելավել ենք մեր ցուցանիշն ու մի քանի հորիզոնականով վերեւ բարձրացել, սակայն մամուլի համար դեռ շարունակում ենք համարվել մասամբ ազատ երկիր: Դա իհարկե ոգեւորիչ է եւ հուսադրող: Այսօր լրագրողներին չեն ծեծում, բանտ չեն նստեցնում ու թերթեր չեն փակում: Սա նշանակում է, որ մենք կատարել են մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավար երկիր ու ամրագրել որոշակի հաջողություններ: Մինչդեռ ամենամեծ նվերը ոլորտում առկա խնդիրների մասին խոսելն ու դրանց լուծում տալն է: Մեր դաշտում խնդիրները բազմաթիվ են: Գրագողությունից մինչեւ էթիկայի եւ հարց տալու մշակույթի բացակայություն: Վերջին շրջանում նկատելի է էլեկտրոնային կայքերի ահռելի քանակություն: Այդ կայքերում աշխատող լրագրողներից շատերը ոչ միայն մասնագիտական համապատասխան կրթություն չունեն, այլեւ հիմնականում վերածվում են սղագրողներիՙ օրական 4 ասուլիս, յուրաքանչյուր ասուլիսից 5 փոքրիկ լուր եւ վերջ: Նրանց թվում է, թե լրագրությունը հենց դա էՙ ասուլիսից ասուլիս վազելն ու պուճուրիկ լուրեր հրապարակելը: Սա, բնականաբար, գցում է լրատվական դաշտ կոչվածի անունը, հեղինակությունն ու որակը: Ռեյտինգ ապահովելու համար լրատվական կայքերի մի ստվար հատվածն օգտագործում է Քիմ Քարդաշյանի անունն ու լուսանկարները կամ էլ սեքսուալ բնույթի հրապարակումներ: Հաճախ էլ գրում են շատ սուր մի վերնագիր, որը չի համապատասխանում հոդվածին: Օրինակՙ «Աշխարհը հրաժեշտ կտա Լեոնարդո դի Կապրիոյին» վերնագրով հոդվածը ենթադրում է, որ հոլիվուդյան դերասանը մահացել է: Սակայն նյութը բացելուց կարդում ես ընդամենը 2 նախադասություն, որ դերասանը որոշել է 50 տարեկանից հետո այլեւս չնկարահանվել ֆիլմերում: Վերոնշյալ կայքերին ու թերթերին զուգահեռ կան նաեւ այնպիսիք, որոնց նշաձողն ավելի բարձր է, եւ որտեղ հոդվածները տպագրվում են առանց խեղաթյուրումների, սակայն հասարակ ընթերցողի աչքին մամուլը մնում է մամուլՙ առանց առանձնահատկությունների ու նշաձողերի: Օրինակՙ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում հստակ տարանջատում կաՙ դեղին մամուլ եւ մամուլ: Ե՛վ ընթերցողները, ե՛ւ մամուլի ներկայացուցիչները գիտեն, թե որ թերթը կամ կայքն է դեղին մամուլի ներկայացուցիչ, որըՙ ոչ: Մեզ մոտ շատ հաճախ այդ երկուսը միաձուլվում են եւ «թերթերը գրում են կամ թերթում եմ կարդացել» արտահայտությունը տարածվում է բոլորի վրա, ու բացասական վերաբերմունքն ընկնում է ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների վրա: Այսօր Facebook-ը դարձել է մեր կյանքի ու աշխատանքի անբաժան մասը: Ինչպես լրագրողներն են գրառումներ կատարում իրենց ֆեյսբուքյան էջերում, այնպես էլ քաղաքական գործիչները: Ի դեպ, ֆեյսբուքում առավել ակտիվ են այն քաղաքական գործիչները, ովքեր հասանելի են նաեւ իրական կյանքում ու յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ կարող ես նրանց զանգել եւ կարծիք հարցնել: Արդյոք իմաստ կա՞ այս կամ այն պատգամավորի կամ քաղաքական ակտիվիստի ստատուսը copy paste անել եւ տեղադրել կայքում, դա դարձնելով հոդված ու ցածրացնելով հոդված հասկացությունը: Խոսելով Copy paste-ի մասինՙ պետք է փաստել, որ արտահայտությունն արդեն 2 տարի այլ նշանակություն է ստացել եւ համակարգչային գործողությունից վերածվել նյութագողության, բանագողության: Մեր ոլորտում այս խնդիրը դեռեւս որեւէ կարգավորիչ մեխանիզմ չունի: Մեր թերթի պարագայում էլ շատ են եղել դեպքերը, երբ զանգել ենք այս կամ այն խմբագրություն եւ տեղեկացրել, որ հոդվածը գողացված է, պահանջել ենք կամ կայքից ջնջել, կամ հղում ավելացնել: Բազմաթիվ անգամ «Վայ, մենք չենք իմացել, հիմա կուղղենք» պատասխանն այդպես էլ շարունակություն չի ստացել, ու նույն լրատվամիջոցը մի քանի օր անց կրկին նույն ձեռագրով նույն Copy paste-ն է կատարել: Ավագ գործընկերներս հաճախ ասում են, որ պետք է հաճախ դիտել օտարերկրյա նախագահների, քաղաքական գործիչների ասուլիսները: Նախ գործում է dress code պարտադիր հասկացությունը, բացի դրանիցՙ հարց տալու, ներկայանալու եւ պատասխանի սպասելու մշակույթ: Մեր ոլորտում dress code հասկացություն գոյություն չունի: Ամենաբազմազանՙ երեկոյան, ծովափնյա ու լայն բացվածքներով հագուստով լրագրողների կարելի է հանդիպել ամենատարբեր գերատեսչություններումՙ նախագահական նստավայրից մինչեւ պաշտպանության նախարարություն եւ քաղաքապետարան: Մեր ոլորտում ազատություն ասվածը մի տեսակ այլ ենթատեքստ է ստացել, դարձել է սանձարձակություն: Լրագրողի զենքը հարցերն ենՙ սուր եւ դիպուկ: Սուր եւ դիպուկ դեռեւս չի նշանակում վիրավորել, սարկազմով ու հեգնանքով ծոր տալ հարցը կամ մազերի հետ խաղալովՙ «քնքշորեն» վիրավորել դիմացը կանգնած քաղաքական գործչին: «Եթե քո հարցին չեն պատասխանում, դա նույնպես պատասխան է»: Սա լրագրողական ամենահայտնի ասացվածքներից մեկն է, մինչդեռ մենք հաճախ ենք այն անտեսնում: «Իսկ դուք չե՞ք կարծում այսպես, իսկ դուք չե՞ք կարծում այնպես, իսկ ինչո՞ւ չեք ասում, ինչո՞ւ անկեղծ չեք, լավ, էլի, պարոն էսինչյան, հիմա դուք մեր հարցին չե՞ք պատասխանելու, ո՞ւր եք գնում, եկեք իմ հարցերին առանձին պատասխանեք» ու նմանատիպ հարցերի մի ամբողջ տարափ է թափվում հատկապես այն քաղաքական գործիչների գլխին, ովքեր, մեղմ ասած, նախ չգիտեն, թե ինչո՞ւ են ԱԺ-ում եւ չգիտենՙ ինչպե՞ս խոսել եւ ինչպե՞ս պատասխանել լրագրողների հարցերին: Լրագրողներից ազատվելու համար քաղաքական գործիչները, օլիգարխ բիզնեսմենները վիրավորում են, հրում, անպատվում լրագրողներին, ու պատրաստ է սկանդալը, որը մի քանի օր շարունակ քննարկվում է սոցցանցերում, հետո մարում: Իրականում լրագրողական ազատությունը մտքի ազատությունն է, հոդված գրելու, հարց տալու եւ պարզաբանումներ պահանջելու, այն չի ենթադրում հագուկապի, բառապաշարի ազատություն, վիրավորանք եւ սադրանք: Այս պարագայում ազատությունը վերածվում է սանձարձակության, եւ պատասխանն էլ լինում է համարժեք: Իրականում խնդիրը չափազանց լուրջ է, որովհետեւ նման պահվածքով լրագրությունը եւ լրագրողներ հասկացությունը նսեմացվում է ու կորցնում իր արժեքը: |