ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՄԱՅՔՐՈՍՈՖԹԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ Ա. Մ. Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին: Այդ մասին տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ստեղծված «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի աշխատանքները, վերջինիս գործունեության ընդլայնման, Հայաստանում «Մայքրոսոֆթ»-ի տարածաշրջանային հետազոտական կենտրոն հիմնելու հնարավորություններին առնչվող հարցեր: Տակույա Հիրանոն պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու փոխգործակցության մակարդակը եւ նպաստելու մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Միաժամանակ կարեւորվել է մտավոր սեփականության ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացումն ու ապահովումը, ինչը, Տակույա Հիրանոյի խոսքով, կարեւոր նշանակություն ունի ՏՏ ոլորտի զարգացման գործում: Տեղեկացվել է, որ ներկայումս քննարկման փուլում է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ հուշագրի ստորագրման նախագիծըՙ նոր կրթական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: |