«ՇԻՐԱԿԸ» ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԳՐԱՆՑԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 40-րդ տուրն անվանեց հանրապետության նոր չեմպիոնին: Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում 1-0 հաշվով հաղթելով «Փյունիկին», «Շիրակն» առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար ու պաշտոնապես գրանցեց իր չեմպիոնությունը: «Շիրակին» հաղթանակ պարգեւեց Լամին Լի Յորոն, որը 81-րդ րոպեին ստանալով աջ թեւից Լեւոն Փաչաջյանի փոխանցումը, գրավեց անպաշտպան դարպասը: «Շիրակը» 4-րդ անգամ դարձավ հանրապետության չեմպիոն: Վերջին անգամ շիրակցիները ոսկե մեդալներին արժանացել էին 1999-ին: Մայիսի 7-ին «Շիրակը» չեմպիոնի կարգավիճակում «Փյունիկի» հետ կվիճարկի Հայաստանի գավաթը: «Շիրակի» չեմպիոնությանը նպաստեց նաեւ «Միկայի» անհաջողությունը «Բանանցի» հետ կայացած մրցավեճում: Այդ խաղը դրամատիկ ավարտ ունեցավ: 68-րդ րոպեին «Բանանցը» Սարգիս Կարապետյանի խփած գոլի շնորհիվ բացեց հաշիվը: Սակայն 81-րդ րոպեին Արարատ Առաքելյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց եւ Սեմյոն Մուրադյանը 11 մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն վերջին րոպեին Նաիրի Մինասյանը հաղթանակ պարգեւեց «Բանանցին»: Բարձրագույն խմբի ուղեգրի համար պայքարը խիստ սրվեց, քանի որ «Արարատի» եւ «Ուլիսի» մրցավեճում դարպասները մնացին անառիկ: Այժմ վճռորոշ կլինի հաջորդ տուրում կայանալիք «Արարատ»-«Բանանց» հանդիպումը: Բրոնզե մեդալների համար պայքարում անչափ կարեւոր հաղթանակ տոնեց «Գանձասարը», որը հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնեց «Իմպուլսին»: Գանձասարցիներից գոլերի հեղինակներ դարձան Արտակ Դաշյանն ու Դիակարիդիա Դումբիան, իսկ դիլիջանցիներից աչքի ընկավ Դիեգո Կաստրոն: Մրցաշարային աղյուսակ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | 1.Շիրակ | 40 | 25 | 9 | 6 | 66-36 | 84 | 2.Միկա | 40 | 23 | 7 | 10 | 56-39 | 76 | 3.Գանձասար | 40 | 17 | 12 | 11 | 45-35 | 63 | 4.Իմպուլս | 40 | 18 | 6 | 16 | 65-59 | 60 | 5.Փյունիկ | 40 | 18 | 6 | 16 | 65-50 | 60 | 6.Ուլիս | 40 | 9 | 12 | 19 | 35-49 | 39 | 7.Արարատ | 40 | 9 | 5 | 26 | 27-66 | 32 | 8.Բանանց | 40 | 5 | 15 | 20 | 36-61 | 30 |
Ռմբարկուները Նորայր Գյոզալյան | «Իմպուլս» | 22 | Սեմյոն Մուրադյան | «Միկա» | 18 | Լամին Լի Յորո | «Շիրակ» | 17 | Ֆոֆանա Բեկո | «Շիրակ» | 14 | Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 12 | Վիուլեն Այվազյան | «Փյունիկ» | 12 | Կամո Հովհաննիսյան | «Փյունիկ» | 10 | Արսեն Բալաբեկյան | «Ուլիս» | 10 |
|