ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ստանձնել է «Ոոբոտների օր» միջոցառման գլխավոր հովանավորությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում են խրախուսել հեռանկարային ոլորտում հետաքրքրություն եւ ձիրք դրսեւորող երիտասարդներին: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կայացել է ռոբոտների ցուցադրության հերթական մրցույթը: Միջոցառմանը ներկայացվել են ֆունկցիոնալ ամենատարբեր նշանակության մոդելներ: Մասնավորապես` ԱՄՆ-ում հատուկ մրցանակի արժանացած «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները ցուցադրել են հրշեջ ռոբոտ, գծին հետեւող ու ական փնտրող ռոբոտներ, ինչպես նաեւ ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա: Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները ներկայացրել են տորթ կտրող ռոբոտ, կամուրջ անցնող եւ մուկ որսացող ռոբոտ: «Նաիրի» կրթական կոնսորցիումը ցուցադրել է եռաչափ տպիչ եւ խառատային հաստոց, իսկ «Սայմոտեկ» ընկերությունը` ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակում ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով հատկացվելու է Հայաստանի 50 համայնքի: Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանը նպաստելու եւ նոր կազմակերպություններ ստեղծելու նպատակով, «ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակում այս տարի նախատեսված է իրականացնել «Ռոբոտներնՙ առօրյայում» գաղափարների մրցույթ: Դրան մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն, իրենց գաղափարները վերածեն ինժեներական նախագծերի եւ ներկայացնեն դրանք մրցույթի ժյուրիին: Լավագույնը ճանաչված նախագծերի հեղինակները հետագայում հնարավորություն կունենան պատրաստելու իրենց իսկ առաջարկած ռոբոտը: «ԱրմՌոբոտիքս»-ի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Խրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը եւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստան»-ը: |