ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ Մայիսի 18-ին Երեւանում ձերբակալվել են քաղաքագետ Արկադի Վարդանյանը եւ Արսեն Ռոբերտի Ավետյանը: Ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությանՙ նրանք կասկածվում են Արսեն Ավետյանի հորՙ Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ԱԱԾ-ի ձեռք բերած տվյալների, ձերբակալվածները պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրան վերացնելու եւ նրա գույքին տիրելու համար: Հաղորդագրությունը տեղեկացնում է նաեւ, որ ձերբակալվածների նկատմամբ դեռեւս 2013 թ. մայիսի 17-ին հարուցվել է քրեական գործ օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստում): Նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը, որը ներկայումս քննարկում է կասկածյալներին մեղադրանք առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու եւ խափանման միջոց ընտրելու հարցերը: |