Ք. Ա. ԱՌԱՋԻՆ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ` ԱՍՖԱԼՏԻ ՇԵՐՏԻ ՏԱԿ Գ. Մ. Գյումրու Շիրակացի փողոցի տակ` «Ճերմակ հիվանդանոցի» դիմաց, նոր ջրագիծ անցկացնելու համար կատարված փորվածքում Ք. ա. առաջին հազարամյակի դամբարանադաշտ է հայտնաբերվել: Հողափորման ժամանակ, մի քանի օր առաջ, շինարարները ոսկորներ են գտել, տեղեկացրել ոստիկաններին: Այնուհետեւ եկել են նաեւ հնագետները` Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցները եւ սկսել ուսումնասիրությունը: Մարդկային կմախքների մասերից եւ անասունի ոսկորներից բացի պեղումների առաջին օրերին հայտնաբերվել են նաեւ խեցեղենի տարբեր նմուշներ, այդ թվում` երկու ամբողջական կճուճ, ինչպես նաեւ բրոնզե իրի հատված, ուլունքներ: Բեկորային վիճակում գտնվել են տաշտ, քրեղան, խնոցի, որոնք իրենց նկարագրի տարբեր կողմերով (ձեւով, կավի որակով, նախշերի առանձնահատկություններով) համադրվելով հայտնի օրինակների հետ, թվագրվում են Ք. ա. 8-7-րդ դարերով, այսինքնՙ մոտ 2700 տարեկան են, նշել է հնագետ Լարիսա Եգանյանը : Պեղված դամբարանները կառուցված են եղել չորս սալերով սարքված սալարկղերի տեսքով. տարածքում զուգահեռ դասավորված մի քանի այդպիսի սալարկղեր են գտնվել: Դամբարանադաշտի սահմանները հնագետները դժվարանում են որոշել, քանի որ դրա վրա ժամանակի ընթացքում մի քանի շերտ ճանապարհային ծածկույթ է ավելացվել: Բայց նկատի ունենալով այդ տարածքից քիչ հեռու գտնվող նույն ժամանակաշրջանի «Կումայրի» հնավայրում ու քաղաքի մի շարք այլ վայրերում նույնպես դամբարանադաշտերի առկայությունը, կարծիք են հայտնում, որ ժամանակին այդ տարածքներում իրարից բավական հեռու ապրել են հարակից, բայց ինքնուրույն ցեղեր, որոնք նաեւ իրենց առանձին գերեզմանոցներն են ունեցել: |