ԼԱՎԱԳՈՒՅՆ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍԸ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ Է ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 90-ականներին էլեկտրաէներգիայի ու գազի ճգնաժամը ծնունդ տվեց Հայաստանում արեւից էներգիա ստանալու գաղափարին: Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանիՙ արեւային էներգիա ստանալու մտահղացումն առաջ է եկել 1993-ին: «Արդեն հասկանալի էր, որ հետագայում էլ էներգետիկայի բնագավառում լուրջ խնդիրներ ենք ունենալու, քանի որ բացի ջրից էլեկտրաէներգիա ստանալու համար սեփական աղբյուրներ Հայաստանը չունի, իսկ Սեւանի քաղցրահամ ջուրն ափսոս է, որ օգտագործվի էներգիայի ստացման համար: Հետեւաբար միակ լուծումը արեւային էներգիան է», երեկ «Նոյյան տապան» ակումբում նշեց Վահան Համազասպյանը , որի փոխանցմամբ` գազի թանկացումը ցույց է տալիս, որ գազի կիրառումն էլ Հայաստանում անհեռանկար է: Վահան Համազասպյանն իր հեղինակած հելիոֆիկացիայի ծրագիրն առայժմ ընդամենը էկզոտիկա է համարում, սակայն ապագայում դա կարող է դառնալ իրականություն, մանավանդ որ ծրագիրն ունի նաեւ քաղաքական նշանակություն: Նա, հիշելով հայ գիտնական Պարիս Հերունու առաջարկը արեւային էներգիայի անցնելու մասին, ասաց, որ ժամանակին նրա առաջարկն էլ չընդունվեց, սակայն 20 տարի անց ժամանակը կրկին ցույց է տալիս, որ մեզ համար լավագույն եղանակը արեւային էներգիային անցնելն է: Վահան Համազասպյանը հաշվարկել էՙ հելիոֆիկացիայի ծրագիրը կյանքի կոչելու դեպքում Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում կբացվի 400-800 հազար աշխատատեղ, իսկ մեր արտադրանքը կգրավի համաշխարհային շուկայի 0,1 տոկոսը: Ըստ բանախոսի` հայ մասնագետներն ունեն բավարար գիտելիքներ ծրագիրը կյանքի կոչելու համար: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում նրանց: Վահան Համազասպյանը չի բողոքում ֆինանսական ներդրումների բացակայությունից, ասում է` կառավարությունից էլ գումար չեն ուզում, միայն ուզում են, որ չխանգարեն իրենց: Վահան Համազասպյանը պատմում է, որ գնացել է Միխայիլ Գորբաչովի մոտ, վերջինս խոստացել է Սպիտակում կառուցել հելիոֆիկացիայի գործարան, սակայն գումար հատկացնելու համար հարկ է եղել Հայաստանի ղեկավարության թույլտվությունը, որն այդպես էլ չեն ստացել: Շվեյցարիացի մի մասնագետ էլ, գալով Հայաստան, ըստ նրա, ասել է. «Ոսկու վրա ենք նստած», նույնիսկ համաձայնել են ներդրումներ անել, սակայն պայմանով, որ Հայաստանի կառավարությունը դառնա երաշխավորը: Վահան Համազասպյանն այս խնդրով դիմել է կառավարությանը, որտեղից որեւէ, անգամ բացասական պատասխան չի ստացել: Հայ գործարարների ու օլիգարխների հետ բիզնես-պայամանագրեր նույնպես չեն կնքվել, ըստ պարոն Համազասպյանի, երեւի թե այն պատճառով, որ այսօր գիտնականի գրպանը դատարկ է: Շարունակելով ծրագրին խոչընդոտելու թեման` Վահան Համազասպյանը պատմեց, որ Աբովյանում պոլիգոնը, որտեղ դպրոցականներին գիտելիքներ են փոխանցել արեւային էներգիայի ու դրա ստացման տեխնոլոգիայի մասին, կրթության նախարար Արմեն Աշոտյանի որոշմամբ փակվել է, իսկ դպրոցի տնօրենը կանչել է իրեն, որպեսզի լուծարեն պայմանագիրը: Արեւային էներգիան երկրին կարող է տալ էներգետիկ անկախություն: «Օրինակ` արեւային տեխնիկայով կարող ենք լուծել էկոլոգիապես մաքուր սննդի հարցը», ավելացրեց բանախոսը: Մասնագետի հաշվարկներով` հելիոֆիկացիայի ծրագիրն ամբողջ Հայաստանում իրականացնելու համար կպահանջվի 700 միլիոն դոլար, որն անհամեմատ էժան է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելուց: Նոր էներգաբլոկի կառուցմանը մասնագետը դեմ չէ, սակայն հնարավորություն է ուզում արեւային էներգիայի աղբյուրը նույնպես օգտագործելու համար: Ըստ Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի` ամեն տուն պետք է ունենա արեւային մի սարք, սակայն գիշերն այս սարքերը չեն աշխատելու: Երեկվա ասուլիսը նաեւ հոբելյանական բնույթի էր, քանի որ ճիշտ 20 տարի առաջ` մայիսի 21-ին հելիոֆիկացիայի ծրագրի մասնագետները Հայաստանում կատարեցին իրենց առաջին փորձերը: Մյուս բանախոսը` տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանը , հավելեց, որ հելիոֆիկացիայի ծրագիրը մշակել են առանց վարձատրվելու, եւ հիմա առաջարկում են փորձարկել արդեն պատրաստի ծրագիրը, որը եվրոպացիները նույնիսկ ցանկացել են գնել, ավելի ճիշտՙ ցանկացել են գնել Վահան Համազասպյանի գյուտը, սակայն հեղինակը չի համաձայնել: |