ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇԻՐԱԿՑԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ Գ. Մ. Արդեն մեկ ամիս է` մարել են Գյումրիում տեղի ունեցած երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» հինգերորդ միջազգային մրցույթ-փառատոնի հնչյունները, սակայն այդ իրադարձության արձագանքները դեռ հնչում են: Փառատոնի հանդիսավոր փակման եւ շքահամերգի ժամանակ` ապրիլի 18-ին, իրենց պարգեւները ստացան միայն մրցութային անվանակարգերի մեկ տասնյակ մեծ մրցանակակիրները, իսկ բազմաթիվ ենթաանվանակարգերում ու հինգ տարիքային խմբերում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների ու փառատոնի դափնեկրի կոչման արժանացածների թիվը շատ ավելի մեծ էր: Միայն Շիրակի մարզի մասնակից երիտասարդ կատարողներից փառատոնի ոսկե մեդալակիր են դարձել 21-ը, արծաթե մեդալակիր` 19 եւ բրոնզե մեդալակիր` 28-ը: Ընդհանուր առմամբ մարզից այս փառատոնին մասնակցել են արվեստի 18 կրթօջախ, 5 երգչախումբ եւ 200 անհատ կատարող: Անցած շաբաթ օրը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դահլիճում կազմակերպվել էր փառատոնի շիրակցի ոսկե մեդալակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Կրկին ջերմ խոսքեր հնչեցին նրանց եւ փառատոնի կազմակերպիչների հասցեին, որոնց պարգեւներ ու շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի կողմից: Մյուս մրցանակակիրները կպարգեւատրվեն իրենց դպրոցներում, որոնցից փառատոնում առավել ակտիվներին նույնպես պարգեւներ հանձնվեցին: Մրցույթ-փառատոնի 30 երկրներից ժամանած 2415 մասնակիցների ու հաղթողների թվում էին Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչներ: Որոշվել է մյուս մարզերից մրցանակակիրների պարգեւները նույնպես հանդիսավոր հանձնել իրենց մարզերում: Կազմակերպիչները գնահատել էին նաեւ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը լուսաբանած լրատվամիջոցների աշխատանքը: Փառատոնի կազմկոմիտեի շնորհակալագրերով եւ Ժան Տեր-Մերկերյանի կատարումներով տեսասկավառակով պարգեւատրվեցին Գյումրու «Շանթ», «Ցայգ» հեռուստաընկերությունների, «Ասպարեզ», «Շրջապատ», «Շիրակ» թերթերի ներկայացուցիչները, Հանրային հեռուստատեսության, «Արմենպրես» լրատվական գործակալության եւ «Ազգ» օրաթերթի մարզային թղթակիցները: |