ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՆԵՐԴՆՈՂՆԵՐԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ազատ տնտեսական գոտին, որի մասին պարբերաբար խոսվում էր վերջին մի քանի տարիներին, արդեն իրականություն է: Հիշեցնենք, որ այս ծրագրի գործնական հիմքերը դրվել են 2011-ին, երբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկեցին Ռուսաստանին փոխանցված հայաստանյան ձեռնարկություններում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցը: Անցած ժամանակահատվածում հաղթահարվեցին բոլոր դժվարությունները, եւ Հայաստանի կառավարության նախորդ նիստի ժամանակ որոշում ընդունվեց «ՌԱՕ ՄԱՐՍ» (այսպես կոչված «ռոբոտների գործարան», Երեւան, Րաֆֆու 111) եւ «ԵրՄՄԳՀԻ» («Մերգելյան ինստիտուտ», Երեւան, Հակոբ Հակոբյան 3) ընկերությունների տարածքներում օգոստոսի 1-ից ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկի մասին: Կառավարության որոշմամբ այդ գոտիներում կազմակերպիչ է ճանաչվել «Սիտրոնիկս» ընկերությունը, որը լայն ճանաչում ունի աշխարհում: Մասնավորապես նրա ներկայացուցչություններն ու մասնաճյուղերն են գործում աշխարհի 30 երկրներում, ընկերությունն արտահանում է իրականացնում ավելի քան 60 երկիր, հասույթը 2010-ին 1,1 մլրդ դոլարից ավելի է կազմել, աշխատակիցների ընդհանուր թիվը մոտ 8000 է, որոնցից ավելի քան 1000-ն աշխատում են հետազոտությունների եւ մշակումների ոլորտում: Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով Հայաստանից արտահանման ծավալների աճն է եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ «ՌԱՕ ՄԱՐՍ»-ի, եւ «ԵրՄՄԳՀԻ»-ի տարածքներում գործելու են արտադրաարդյունաբերական եւ տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության եւ բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության` ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի եւ նյութերի նախագծան եւ արտադրության ձեռնարկություններ, իսկ «ԵրՄՄԳՀԻ»-ում իրականացվելու են նաեւ այս ճյուղերը սպասարկող գիտական հետազոտություններ եւ մշակումներ, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ: Սակայն երկու գոտիներում կան ոլորտների տարբերություններ: «ՌԱՕ ՄԱՐՍ»-ի հիմքի վրա ստեղծվող ազատ տնտեսական գոտու ուղղվածություն է լինելու բարձր-գիտատար տեխնոլոգիաների եւ արտադրության (High Tech) զարգացումը, իսկ «ԵրՄՄԳՀԻ»-ի հիմքի վրա` նորարարությունների, գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (R&D) եւ ԻՏ (IT) զարգացումը: Այս տարածքներում նախատեսվող ներդրումների ընդհանուր ծավալը 2014-ի վերջին կգերազանցի 10 մլն դոլարը: Ազատ տնտեսական գոտիների համար կազմակերպիչը պարտավորվում է ապահովել շահագործողների արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածք` տրանսպորտային, ինժեներակոմունալ, գործարար, սպասարկման եւ այլն: Հայաստանյան ազատ տնտեսական գոտում նախատեսվում է գործունեության համար առաջնահերթություն տալ այն կազմակերպություններին, որոնք հայտնի են համաշխարհային բրենդ հանդիսացող արտադրանքով: High Tech ոլորտում խոսքը LG, Motorola, Panasonic, Philips, Sony, Toshiba, Acer, Dell Inc., Fujitsu, IBM, Sun Microsystems, Apple Inc., Hewlett-Packard Company, Microsoft, Intel Corporation, Adobe, Oracle Corporation, SAP AG, Symantec, Google, Yahoo, Veritas Software, Computer Associates, Borland, Samsung, Hitachi Global Storage Technologies բրենդերի, իսկ R&D ոլորտում Toyota, Daimler, Robert Bosch, Roche, Pfizer, Novartis, Johnson&Johnson, Sanofi-Aventis, GlaxoSmithKline, Merck, Tekeda Pharmaceutical, Siemens բրենդերի մասին է: Ներկայումս արդեն «Սիտրոնիկս Արմենիա»-ի ներկայացուցիչները նախնական բանակցություններ են սկսել մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ ազատ տնտեսական գոտիներում` նրանց աշխատանքը սկսելու համար: Նախնական բանակցություններով, որպես գործընկեր ներկայանում են` GlaxoSmithKline (բրիտանական դեղագործական կազմակերպություն, աշխարհում խոշորներից մեկը), PARAVAN կազմակերպությունների խումբ (ռուսական շուկայում առաջատարներից մեկը անվտանգության համակարգերի, արդյունաբերական ավտոմատիզացման եւ համակարգային ինտեգրացիայի ոլորտում), CargoMatrix, Inc. (ամերիկյան կազմակերպություն, բեռնափոխադրումների եւ լոգիստիկայի ոլորտում ԻՏ լուծումների եւ ծրագրերի մշակման առաջատարներից մեկը), Fabtech (միջազգային կազմակերպություն. բիոտեխնոլոգիական եւ դեղագործական, բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների նախագծման, ինժեներիայի եւ հագեցման ծառայություններ մատուցող), Bystronic Laser (կազմակերպություն, շերտային մետաղի եւ այլ հարթ նյութերի լազերային մշակման ոլորտում լուծումներ առաջարկող) եւ այլ կազմակերպություններ: Նախնական կանխատեսումներով, ազատ տնտեսական գոտու զբաղեցման ներկայիս տեմպերի դեպքում, «ՌԱՕ ՄԱՐՍ»-ի եւ «ԵրՄՄԳՀԻ»-ի տարածքում կբացվեն զգալի թվով նոր աշխատատեղեր: Մասնավորապես, 2012-2015-ին կանխատեսվում է մոտ 1500 նոր աշխատատեղեր, 2016-2017-ին` 3500 եւ 2018-2020-ին այդ թիվը կհասնի 5000-ի: Տնտեսվարողների համար ազատ տնտեսական գոտում տրամադրվող արտադրա-տնտեսական, գրասենյակային տարածքների վարձակալությունը կարժենա 10 դոլար ամսական 1 քմ համար: Ընդ որում, կախված վարձակալվող տարածքի չափից եւ վարձակալության ժամկետից վարձակալության գինը կարող է ցածր լինել: Վարձակալության գների մեջ ներառված են կոմունալ ծառայությունները (էլեկտրաէներգիա, ջուր, ջրահեռացում, գազամատակարարում), գերարագ ինտերնետը, հեռախոսաֆիկացումը, տարածքի մաքրումը եւ բարեկարգումը, տարածքի շուրջօրյա պահպանությունը: Եվ թերեւս ամենագլխավորը` ի՞նչ են շահելու ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալողները, ի՞նչ արտոնություններից են նրանք օգտվելու: Եկամուտների հարկման, ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքերի բացակայություն, անշարժ գույքի հարկման բացակայություն, արժութային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի եւ շահութաբաժնի ազատ վերադարձ: Սրանք են այն հիմնական խթանները, որոնք գրավիչ կդառնան հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալողների համար: Վերջում մեկ անգամ եւս ընդգծենք, որ ազատ տնտեսական գոտիներ չեն կարող տեղափոխվել Հայաստանի արդեն հարկման ընդհանուր դաշտում գործող ընկերությունները եւ այն ընկերություններոը, որոնց գործունեությունը չի համապատասխանում ազատ տնտեսական գոտիների ուղղվածությանը: Այսինքնՙ որեւէ ընկերության կողմից ազատ տնտեսական գոտին չի կարող դիտարկվել հարկերից խուսափելու հնարավորություն: |