ՈՒՐ ԵՆ «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-Ի ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԸ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութներից մեկում վերջերս մի հետաքրքրական երեւույթ կարելի է նկատել. հսկիչ-դրամարկղային կտրոն որեւէ դրամարկղ չի տրամադրում, հետն էլ տեղեկացնում է, թե այն, ինչ ՀԴՄ է կոչվում, կլինի միայն օգոստոսի 1-ից: Դրա փոխարեն մեկ էլ երեկ մի վաճառողուհի դժվար ընկալելի մի նախադասություն էր փորձում բարձրաձայնել, թե ինչ-որ բան է լինելու, դրա համար էլ այդ ոչ ՀԴՄ կտրոններն են տրամադրվում: Կտրոններ չտրամադրողների դեմ երբեք պահանջ ներկայացնողներից չեմ, ոչ էլ մեկը, որ հատկապես փոքր մի խանութում, այն էլ այս շոգին, կսպասի, մինչեւ ակնհայտ չկամությամբ մեկը ՀԴՄ կտա: Սակայն երբ նման կերպ վարվում է բազմազավակ ընտանիքի հայրը, որի կարողությունը բոլորն ընդհանուր գծերով պատկերացնում են, սակայն ինքը կնոջից է միայն այդ մասին տեղեկանում, առնվազն զավեշտալի է: Զավեշտալի է, քանի որ հայտնի սուպերմարկետների ցանցը աղքատներից չէ, ոչ էլ կարծես ֆինանսական խնդիրներ ունի, սակայն աշխարհի ու ամենից առաջ հայրենի կառավարության աչքի առաջ հաշվի չի առնում տարրական պահանջները, որոնք չպահպանելու համար գլխավոր բակերից մեկի մի փոքր խանութ տարին մի 5-6 անգամ փակում ու բացում են: Մինչդեռ երբ ՀԴՄ չի տրամադրում պատգամավորին պատկանող հսկայական ցանցի մի խանութ, դրա մասին կարծես անտեղյակ են: Այս իրողությունը եթե հանցագործություն չէ ու պատժելի չէ, ապա առնվազն կրկնակի զավեշտալի է այն համատեքստում, ինչ այսօր գրեթե բոլորի առօրյան է. մարդիկ տարբեր միջոցներով, տարբեր հարթակներում, տարբեր մոտեցմամբ, բայց փորձում են իրենց բողոքն արտահայտել հասարակական տրանսպորտի թանկացման առնչությամբ: Այստեղ զավեշտը համընկնում է ողբերգության հետ այն համատեքստում, որ այդ նույն օրերին միլիոնների շրջանառություն ունեցող սուպերմարկետում ՀԴՄ չեն տրամադրում, հետեւաբար նաեւ օրինական հիմք են տալիս կասկածելու, որ ամեն ինչ չէ, որ արվում է ըստ օրենքի: Զավեշտալիության մի մասն էլ այն հանգամանքն է, որ դժգոհող կամ, քաղաքակիրթ ձեւակերպմամբ, սեփական իրավունքները պաշտպանելու փորձ անող գնորդներին էլ սուպերմարկետների հազվադեպ ժպտացող վաճառողուհիները, արդեն իսկ բողոքող անձին միայն, տեղեկացնում են, թե ինչ-որ վիճակահանություն թե մրցանակաբաշխություն, թե նման մի բան է լինելու այդ ոչ ՀԴՄ-ական կտրոններով: Կրկին օրինական մի հարց է ծագում, թե ինչ-որ խաղարկություն կամ էլ նման մեկ այլ կարգի հորինվածքով ՀԴՄ կտրոնների բացակայությունը պատճառաբանող սուպերմարկետների ցանցի ղեկավարներն ինչու են ինքնագլուխ, եւ որ կարեւոր է, օրենքի խախտմամբ, նման միջոցառում կազմակերպում, եթե ընդհանրապես նման մի բան կազմակերպվում է, քանի որ վաճառողուհիները ոչ միայն չեն ժպտում, այլեւ որեւէ բան կրկնելու խնդրանքին դրական արձագանքելու անընդունակ են: Այս ամենից կարելի է եզրակացություն անել եւ, ցավոք, միայն մեկը. Հայաստանում դեռ այնպիսի օրենքներ են գործում, որոնց միջոցով կիսատ-պռատ աշխատող հասարակական տրանսպորտի համար 100-ի փոխարեն 150 դրամ են պահանջում, մինչդեռ միլիոնների շրջանառությունը ուղղակի, բացեիբաց, օրը ցերեկով մտել է ստվեր` միլիոնները միլիարդների եւ տրիլիոնների մոտեցնելու հաստատ մեծ ախորժակով: |