ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ «Ադրբեջանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, գործուն մասնակցություն կունենա Սիրիայի հարցով ԱԽ բանաձեւի քննարկումներին»,- հայտարարել է այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակը: «Զերկալո»-ի մեկնաբանն ասվածից եզրահանգել է, որ պաշտոնական Բաքուն «բաց տեքստով հայտարարել է, որ կքվեարկի Մեծ Բրիտանիայի ներկայացրած բանաձեւի օգտին, որը թույլ է տալիս Ասադի ռեժիմի դեմ ուժ կիրառել` հանուն խաղաղ բնակչության անվտանգության»: Ընդսմին, ադրբեջանցի մեկնաբանը սեփական ենթադրությունն է արել նաեւ սպասվող «ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման» մասին` որպես «գրեթե հարյուրտոկոսանոց հավանականության»: Եթե Ադրբեջանն իրոք ՄԱԿ-ում պաշտպանի Սիրիայի հարցով ԱԽ բանաձեւի նախագիծը, որին դեմ են Ռուսաստանը եւ Չինաստանը, ապա Մոսկվան, անկասկած, դրանից համապատասխան եզրակացություններ կանի: Խնդիրն այն է, թե ո՞վ է ստեղծված իրավիճակում ավելի շահագրգռված ռուս-ադրբեջանական հարաբերություններում հնարավոր լարվածությամբ: Դատելով ադրբեջանական մամուլի որոշ ընդգծված «սենսացիոն» բնույթի հրապարակումներից, Իլհամ Ալիեւի վարչակազմը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակի «սրման պատասխանատվությունը» վերագրվի ռուսաստանյան կողմին: Այս իմաստով հատկանշական է նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածուի շուրջը Ռուսաստանում ձեւավորվող «օժանդակության» թեման: «Ազգ»-ի նախորդ համարում մենք գրել էինք Ռուստամ Իբրահիմբեկովի եւ Դաղստանի ղեկավար Աբդուլատիպովի միջեւ «Մախաչկալայում գաղտնի բանակցությունների» մասին ադրբեջանական մամուլի հրապարակումներից եւ ենթադրել, որ «հնարավոր է, դա մոգոնել են հատուկ ծառայությունները»: Երեկ այդ թեման նոր դրսեւորումներ է ունեցել: Այս անգամ haqqin.az-ի «լավատեղյակ աղբյուրները» հայտնել են, որ Ռուսաստանում գործող «Թալիշական սփյուռք» կազմակերպությունը մտադիր է «գումարներ հանգանակել եւ տրամադրել նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական քարոզչությանը»: Լրատվամիջոցը նպատակահարմար է գտել այդ «ստույգ տեղեկությունն» ուղեկցել խմբագրական մեկնաբանությամբ, ըստ որի` «Ռուսաստանում գրանցում ստացած «Թալիշական սփյուռք» կազմակերպությունը հայտնի է անջատողական ձգտումներով»: Ակնարկը շատ թափանցիկ է: Իշխանահաճ լրատվամիջոցը փաստորեն ռուսաստանյան կողմին մեղադրում է Ադրբեջանի դեմ «անջատողական ձգտումներ ունեցող» կազմակերպությանը պետական գրանցում տալու եւ Իլհամ Ալիեւի մրցակից թեկնածուի օգտին քարոզչություն ծավալելու հնարավորություն ընձեռելու մեջ: Այս կարգի հրապարակումները եւ քաղաքագիտական վերլուծություններում ակնարկները վերջին օրերին ավելի հետեւողական եւ, ըստ ամենայնի, իշխանություններից ուղղորդված բնույթ են ստացել: Դա կարող է լինել քարոզչական նախապատրաստություն` Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները «վերանայելու անհրաժեշտության» համար: Արդեն կարելի է մեծ վստահությամբ խոսել Ադրբեջանի միանշանակ արեւմտամետ կողմնորոշման մասին: Իլհամ Ալիեւն այդ մասին թերեւս կխոսի նախագահական ընտրություններից հետո կամ նույնիսկ քարոզարշավի ինչ-որ փուլում, եթե Սիրիայի դեմ ձեւավորվի ռազմական կոալիցիա, եւ Բաշար Ասադը տապալվի: Ամեն ինչ տանում է դրան: Արժե թերեւս նաեւ նկատել տալ, որ Ադրբեջանում որոշակի «նախապատրաստություններ են տեսնում» նաեւ հարավային` Իրանի ուղղությամբ: Վերջերս Լենքորանում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունները կարծես գնահատվում են որպես «իրանական հատուկ ծառայությունների ձեռքի գործ»: Ադրբեջանի հարավային շրջաններում այդ միջադեպից հետո փաստացի արտակարգ դրություն է հայտարարված, ինչը, չի բացառված, տվյալ տեղաշրջան «պատահական մարդկանց» մուտքն արգելելու նպատակ է հետապնդում: Որոշ տեղեկություններովՙ Լենքորանում եւ Իրանի հետ սահմանակից այլ շրջաններում «ձեռնարկվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ»: |