RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-08-29 23:13:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 800, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 25

«100 ԴՐԱՄԻՑ ԲԱՐՁՐ ՈՒՂԵՎԱՐՁՈՎ ԱՌԱՋԱՐԿԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԷՐ ԸՆԴՈՒՆԻ»

Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Երեւանի քաղաքապետի խորհրդականը` ավտոբուսային մրցույթների չկայանալու պատճառների եւ տրանսպորտի սակագնի մասին

Երեւանի քաղաքապետարանը օրերս երկրորդ անգամ 23 ավտոբուսային եւ մեկ միկրոավտոբուսային երթուղիներում սպասարկող ընկերությունների մրցույթ հայտարարեց: Ի՞նչ նպատակով, ի՞նչ եղավ նախորդ մրցույթը եւ ի՞նչ է սպասվում Երեւանի հասարակական տրանսպորտին առաջիկայում: Այս հարցերն ուղղեցինք Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանին:


- Պրն Գեւորգյան, Երեւանի քաղաքապետարանը օգոստոսի 27-ին նորից մրցույթ հայտարարեց 23 ավտոբուսային երթուղիների սպասարկող կազմակերպություններ ընտրելու համար: Ի՞նչ եղավ նախորդ անգամ հայտարարված այս նույն մրցույթի ճակատագիրը:

- Նախ հիշեցնեմ, որ մայրաքաղաքում նոր երթուղային ցանցի հաստատումից հետո, անցյալ տարվա մայիսի 31-ից սկսվեցին միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիների մրցույթները: Համաձայն նոր ցանցի, գործող 109 միկրոավտոբուսային երթուղիները պետք է դառնան 76, իսկ ավտոբուսայինները` 29-ից 68: 23 երթուղիներից 15 երթուղի միկրոավտոբուսայինից ավտոբուսային դարձնելը նախատեսված է երթուղային ցանցով: Դրանց մեջ կան նաեւ նոր երթուղիներ: Այս երթուղիների մի մասի համար հայտարարված մրցույթը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, մյուս մասինը` օգոստոսի 16-ին: Այսինքն, դրանք տեղի չունեցան:

- Ինչո՞ւ:

- Տեղի չունեցան, որովհետեւ ոչ մի կազմակերպությունց չստացանք մրցույթին մասնակցելու հայտ:

- 100 դրամ ուղեվարձը քաղաքապետարանի կողմից սահմանված մրցույթի պայմա՞ն էր:

- Ոչ, սակագնի առաջարկը ներկայացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող ընկերությունները, բայց քանի որ քաղաքապետը կասեցրել է տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը եւ ներկայումս փոխադրավարձը 100 դրամ է, ընկերությունների կողմից դրանից բարձր սակագնով առաջարկը մրցութային հանձնաժողովը անընդունելի կհամարեր:

- Ինչո՞ւ ընկերություններից ոչ մեկը չցանկացավ 100 դրամ ուղեվարձով առաջարկ ներկայացնել:

- Երթուղիներ սպասարկող ընկերությունները դեռ 2008-ից են բարձրացրել ուղեվարձի բարձրացման հարցը: Այս տարվա հուլիսի 9-ին նրանք գրավոր դիմեցին Երեւանի քաղաքապետինՙ խնդրելով վերանայել ուղեվարձը եւ դարձնել 200 դրամ: Նրանք նշում էին այն փոփոխությունները, որոնք անհնար են դարձնում 100 դրամով երթուղիներ սպասարկելը` ընդհանուր գնաճը, որն ազդել է վառելիքի, ավտոբուսների, պահեստամասերի, քսայուղերի գների վրա, վարկերով նոր ավտոբուսներ ձեռք բերելու անհնարինությունը, քանի որ բանկերը հրաժարվում են վարկեր տալ, ռիսկային համարելով 100 դրամ սակագնի պայմաններում բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը: Հաջորդը վարորդների ցածր աշխատավարձերն են, որոնց պատճառով կան ավտոբուսներ, որ չեն աշխատում: Մենք այս պահին 220-230 վարորդի կարիք ունենք: Այս սակագինը նաեւ հնարավորություն չի տալիս վարորդների ծանր աշխատանքին համարժեք աշխատավարձ տալ:

- Ե՞րբ է տեղի ունենալու հայտարարված մրցույթը, եւ ի՞նչ պետք է լինի, եթե նորից չկայանա:

- 23 ավտոբուսային եւ 1 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթը տեղի է ունենալու հոկտեմբերի 17-ին: Այս պահին չեմ կարող պատասխանել, հայտեր կլինե՞ն, թե՞ ոչ: Չլինելու դեպքում մրցույթը կհամարվի չկայացած եւ կհայտարարվի նոր մրցույթ:

- Պրն Գեւորգյան, երբ քաղաքապետը կասեցրեց ուղեվարձի թանկացման իր որոշումը, իր ելույթում ասաց, որ հանձնաժողով պետք է ստեղծվի` սակագնի, բնակչության խոցելի խավերին առնչվող հարցերը քննարկելու եւ որոշումներ ընդունելու համար: Հանձնաժողովը ստեղծվե՞լ է:

- Նկատի ունենալով հարցի կարեւորությունըՙ ստեղծվելիք հանձնաժողովում ներգրավվելու են ոլորտի մասնագետներ, շահագրգիռ անձինք եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ Երեւանի ավագանու բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Այժմ հանձնաժողովը ձեւավորվման փուլում է: Արդեն իսկ ուսումնասիրվում է սոցիալական խոցելի խավերի համար ճկուն զեղչային տարբերակների, միասնական կտրոնային համակարգի ներդրման տարբեր երկրների փորձը: Մի խոսքով, այս բոլոր հարցերը կքննարկենք հանձնաժողովում, այնուհետեւ հանձնաժողովի եզրակացությունները դրանց վերաբերյալ կներկայացնենք հանրային քննարկման, որից հետո միայն վերջնական որոշում կընդունվի:

- Պրն Գեւորգյան, այդուհանդերձ, Դուք հնարավոր համարո՞ւմ եք 100 դրամ ուղեվարձի պահպանումը:

- 100 դրամ ուղեվարձով հնարավոր չէ որակյալ եւ անվտանգ տրանսպորտային սպասարկում ապահովել: Բացի իմ հիշատակած վառելիքի, ավտոբուսների եւ պահեստամասերի գների աճից, վարորդների ցածր աշխատավարձից եւ որպես արդյունք 220 թափուր աշխատատեղերից, այդ սակագնով աշխատելու համար ոչ մի կազմակերպություն նոր ավտոբուսներ չի ներկրի: Մեկ-երկու տարի հետո եղած շարժակազմը կմաշվի եւ շարքից դուրս կգա, ինչի հետեւանքով հասարակական տրանսպորտը կգնա փոշիացման: Ոչ մի բիզնես ներդրում չի կատարի այնտեղ, որտեղից գումարի հետ վերադարձ եւ շահույթ չկա: Սա անհրաժեշտ է գիտակցել: Չի կարելի Երեւանի տրանսպորտը հասցնել նման վիճակի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ