ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽՈՍՔԻ ԱՐԺԵՔԸ. «ՓԱԿ ՇՈՒԿԱՆ» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՑ ԿԳՈՐԾԻ ՈՐՊԵՍ «ԵՐԵՎԱՆ-ՍԻԹԻ» ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երկու տարի շարունակ ԶԼՄ-ներն ու ճարտարապետներն անընդհատ բարձրաձայնում էին «Փակ շուկայի» խնդրի մասին: Երկու տարի շարունակ ասուլիսներ, բողոքի ակցիաներ, հարյուրավոր հոդվածներ: Երկու տարի շարունակ կառույցի ճակատագրով պատասխանատուներըՙ մշակույթի նախարարությունն ու քաղաքապետարանը, կա՛մ խուսափում էին «Փակ շուկայի» վերաբերյալ խոսելուց, կա՛մ էլ հավաստիացնում, որ ամեն ինչ լավ է լինելու: Գրեթե միշտ լուռ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկու անգամ հավաստիացրել է, որ «Փակ շուկան» վերադարձվելու է նախկին տեսքին: Մի անգամ Տարոն Մարգարյանը նման խոստում տվել է ավագանու անդամների հետ հանդիպմանը, մեկ անգամ էլՙ երդմնակալության արարողությունից հետո, երբ լրագրողներն ուղղակի «ստիպեցին», որ Մարգարյանը խոսի: «Հավաստիացնում եմ, որ «Փակ շուկան» կվերադառնա իր նախկին տեսքին: Քաղաքապետարանն այժմ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»: Սա Տարոն Մարգարյանի խոսքն է ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ, որը հետագայում հարցազրույցներից մեկի ժամանակ մեջբերել է ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանըՙ հավաստիացնելով, որ կառույցը անպայման պահպանվելու է, եւ խնդրել է երեւանցիներին հետեւել իր օրինակին ու հավատալ քաղաքապետի խոսքին: «Ես ոնց ասեմ, էդպես էլ լինելու է», քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո «Ազգ»-ին կարճ-կոնկրետ պատասխան տվեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Փաստորեն դեպքերի հետագա ընթացքն ապացուցում է, որ տիկին նախարարն ուզում էր, որ 60-ականների շինությունը «սեւ ապակիներով եվրոռեմոնտ» կառույց դառնա: Տարիներ շարունակ «Փակ շուկա»-ի հարցով երկու կառույցները խնդիրն իրար վրա էին գցում: Քաղաքապետարանից ասում էին, որ տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվության համար դրական եզրակացություն տվել է մշակույթի նախարարությունը, իրենք ընդամենը կատարել են իրենց գործը: Հետո էլ հայտարարում էին, որ մի քանի տասնյակ հազար դրամի տուգանք են սահմանել սեփականատիրոջ, պետության ամենահայտնի օլիգարխի, մենաշնորհի եւ լցնովի կասկածելի որակի ապրանքների խորհրդանիշ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկի) դեմ, որովհետեւ նա քանդում է հուշարձան: Քաղաքապետարանի «միամիտ» աշխատակիցները հույս էին փայփայում, որ սեփականատերն էլ խախտումներ չի անի: Ամենայն հավանականությամբ, նրանք «Երեւան-սիթիից» առեւտուր չեն անում եւ տեղյակ չեն, որ Լֆիկը միշտ է խախտում անումՙ կեղծում շատ բանՙ օղիներից մինչեւ ատամի մածուկ, մանկական կեր ու դեղ: Շուկայի հարցում էլ Լֆիկը մնաց իր բարձունքին, եւ շինարարության հետեւանքով 4 կամար փլվեց: Յուրաքանչյուր բարձրացված աղմուկից հետո շինարարությունը կանգ էր առնում, սակայն որոշ ժամանակ անց բուլդոզերները մտնում էին տարածք, ու շինարարությունը նորից շարունակվում էր: Հաճախ Ալեքսանյանին էլ կարելի էր տեսնել շինհրապարակումՙ շինարարներին ուղղություն տալիս: Այս ընթացքում ճարտարապետները մի քանի անգամ նամակ են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. նամակներն այդպես էլ մնացել են անպատասխան: Ու մինչ պետությունն ինքն իրեն մատնել էր անգործության ու մինչ քաղաքապետարանն ու մշակույթի նախարարն իրար վրա ցեխ էին շպրտում, «Փակ շուկայի» «եվրոռեմոնտն» ավարտվեց, ու ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 15-ից հին հասցեով, բայց արդեն այլանդակված շենքում կգործի «Երեւան-սիթի» սուպերմարկետը: Շուկայի վերաբերյալ երեկ հերթական ցնցող հայտարարությունն է արել ՀՀ կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նոր պաշտոնում Սարգսյանը քննադատել է շուկայի շինարարությունըՙ հավելելով, որ հարկերի կառուցումն անթույլատրելի է եղել: Սարգսյանը մոռացել էր, որ վերջին 3 տարին, երբ «Փակ շուկան» քանդվում էր, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն ինքն էր, ու իր նստավայրից մեկ կանգառ ներքեւ տեղի էր ունենում, իր խոսքերով, «հուշարձանի աղճատում»: Երկու տարվա ընթացքում Նարեկ Սարգսյանն այդպես էլ ոչ մի հայտարարություն, ոչ մի քննադատություն չներկայացրեց ու հիմա նոր պաշտոնում իրեն դնում է անհեթեթ վիճակումՙ իր անգործությունը որակելով օրենքի խախտում: «Փակ շուկա» հուշարձանն աղճատված է, այսինքնՙ բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին», ասել է Նարեկ Սարգսյանըՙ հավելելով, որ Երեւանի քաղաքապետարանը ոչ մի նախագիծ չի հաստատել, նման նախագիծ բերվել է, սակայն մերժվել է, մերժվել է նաեւ այլ ատյանների, այդ թվումՙ մշակույթի նախարարության կողմից: «Ինչ վերաբերում է նոր հարկերի կառուցմանը, ապա նշեմ, որ կամարների 50 տոկոսը մնացել է, իսկ մնացած 50 տոկոս կամարները քանդված են»: Հարցին, իշխանություններն արդյո՞ք անզոր են օլիգարխի առջեւ, Նարեկ Սարգսյանն ասաց. «Դա էնպիսի խնդիր է, որտեղ ես որեւէ պատասխան կամ արդարացում չեմ կարող ասել: Այս հարցով ես շատ բան եմ արել, բայց ոչինչ չի հաջողվել»: Փաստորեն առանց որեւէ թույլտվության քաղաքի կենտրոնում երկու տարի շարունակ հուշարձան է քանդվել, ու ոչ ոք չի նկատել կամ չի ցանկացել նկատել: Այս տարի ճարտարապետները դիմել էին գլխավոր դատախազությանըՙ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, սակայն եւս մեկ ցնցող պատասխան էլ դատախազությունից էր եկել: «Շուկայի առնչությամբ խախտում չի կատարվում»: Փաստորեն, մեր երկրում պետական համակարգը, գերատեսչությունները, իրավապահ մարմինները, դատախազությունն ու օրենքը անզոր են, երբ հարցը վերաբերում է օլիգարխի շահերին: |