RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04 > #169, 2013-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013



Տեղադրվել է` 2013-10-02 23:12:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1172, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԼԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՀՐԱՅՐԻ ՀԵՏ ԱՆՀՆԱՐԻՆԸ ԴԱՐՁՐԵՑԻՆՔ ՀՆԱՐԱՎՈՐ...»

Զրուցեց ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆԸ
Լուսանկարըՙ ԷՄԻՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ

Հարցազրույց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրենի հետ հաստատության 20-ամյակի նախօրեին

- Տիկին Մուրադյան, կուզենայինք անձամբ Ձեզանից լսել կենտրոնի ստեղծման նախապատմությունը, որը, ինչպես հասկանում ենք, սկսվում է մեր ամերիկահայ հայրենակից, սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ Ձեր առաջին հանդիպումից:

- Հրայր Հովակիմյանը Հայաստան եկավ երկրաշարժից հետո: Դրան հաջորդեցին անկախության առաջինՙ դժվարին տարիները, պատերազմը. սոցիալ-տնտեսական բավականին ծանր իրավիճակ էր: Սփյուռքի հայությունը, հատկապես ԱՄՆ-ի, Միացյալ հայկական ֆոնդի միջոցով իր շուրջը համախմբեց մասնագիտական մի թիմ, եւ յուրաքանչյուրն առաջարկեց իր օգնությունն արդեն անկախ Հայաստանին, եւ դոկտոր Հրայր Հովակիմյանը նրանցից մեկն էր: Այդ տարիներին սրտի վիրաբուժությունը Հայաստանում սաղմնային վիճակում էր` որպես ժառանգություն Խ. Միությունից, եւ սրտի խնդիրներ ունեցող շատ մարդիկ լիարժեք բուժում ստանալու հնարավորություն չունեին:

Մեծ ցավով եմ հիշում, թե որքա՜ն երեխաներ մահացան սրտի բնածին արատի պատճառով... Հրայրի հայտնվելը Հայաստանում իսկական երեւույթ էր. դա նշանակում էր, որ շատ երեխաներ արդեն իսկ փրկված են:

1992-1993թ.թ. նա աշխատում էր Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Այդ ժամանակահատվածում իմ ղեկավարած թիվ 2 մանկական հիվանդանոցից, որտեղ կար սրտի բնածին կամ ձեռքբերովի արատներով հիվանդների բաժանմունք, երեխաները նախապատրաստվում եւ տեղափոխվում էին Միքայելյանի անվան ինստիտուտՙ վիրահատվելու: Վիրահատությունները կատարում էր Հրայր Հովակիմյանը:

Այնպես ստացվեց, որ 1993թ. վերջերին դոկտոր Հովակիմյանը որոշեց հեռանալ այդ բուժհաստատությունից: Այն ժամանակվա առողջապահության նախարար Արա Բաբլոյանի առաջարկությամբ 1993-ի նոյեմբերին մի քանի բժիշկների հետ, ում հետ աշխատում էր արդեն, նա տեղափոխվեց մեզ մոտ: Նրա գլխավոր հարցադրումն ինձ այն էր, թե այս հիվանդանոցը պե՞տք է սեփականաշնորհվի, թե՞ ո՛չ: Անկեղծ ասեմ, որ ինքնաբերաբար հիվանդանոցը արդեն մտցված էր սեփականաշնորհման գործընթացի մեջ, քանի որ այս կառույցը որպես մանկական հիվանդանոց այն ժամանակ գրեթե կես ծանրաբեռնվածությամբ էր աշխատում, եւ դրա վաղվա օրը ես չէի տեսնում: Ասեմ, սակայն, որ ինքս էլ գաղափարապես դեմ էի պետական մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցի սեփականաշնորհմանը: Եվ այդ գործընթացը կասեցվեց: Առ այսօր էլ ես դեմ եմ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սեփականաշնորհմանը: Մենք ամեն տարի այդ հարցը քննարկում ենք եւ խնդրում ՀՀ նախագահին, որ երբեւէ այս կենտրոնի սեփականաշնորհման հարցը չդրվի: Դա ունի իր պատճառները. սրտի վիրաբուժությունը աշխարհում ամենաթանկ բժշկական ծառայությունն է, եւ առանց պետության աջակցության քսան տարիների ընթացքում չէինք կարողանա ապահովել սրտի վիրաբուժական օգնություն բնակչությունը իսկապես նվազագույն գումարներով:

...Հրայրը առաջին տարիներին Հայաստան էր գալիս վեց ամսով: Սկզբում նա զբաղվում էր միայն մանկական սրտի վիրաբուժությամբ: Մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ առաջին վիրահատությունը Հայաստանում նա կատարեց 1994թ. հունիսին:

...1993-ի նոյեմբերին պայմանավորվեցինք. ես պետք է հասցնեի մանկական հիվանդանոցի բազայի վրա կառուցել վիրահատարան, հետվիրահատական վերակենդանացման բաժին, զոնդի լաբորատորիա, արյան դոնորական լաբորատորիա... Շենքը պետք է հիմնովին վերակառուցվեր:

...Հիշենք այն ժամանակները. պետությունը գումար չուներ, պետական ներդրում չեղավ... Բոլոր հարցերով դիմում էի խորհրդային ժամանակներից պահպանված մեր գործարանների տնօրեններին, տարբեր շինարարական կազմակերպություններին, նույնիսկՙ հանքավայրերի ղեկավարներին, որոնք իրենց պահեստներում ունեին պահած-պահպանած զանազան անհրաժեշտ շինարարական նյութեր: Հիմա խորին հարգանքով են հիշում բոլոր այդ մարդկանց, ովքեր երբեք ինձ չմերժեցին:

Անհավատալի է, սակայն ընդամենը երեք ամսում կառուցեցինք պահանջվող բոլոր օղակները, այդ թվում եւ զոնդավորման լաբորատորիան, որտեղ տեղադրվեց ամերիկյան կողմից հետագայում նվեր ստացած սարքավորումը:

1994թ. ապրիլի վերջերին զանգահարեցի Հրայրին Ամերիկա եւ ասացի, որ ամեն ինչ պատրաստ է: Ասեմ, որ նա շատ զարմացավ, որ այդ կարճ ժամանակահատվածում, այն էլ մեր տնտեսության այդ բարդագույն շրջանում, կարողացել ենք այդ ամենը հասցնել:

-...Փաստորեն առաջին զոնդավորման սարքը ԱՄՆ-ից է ուղարկվել Հայաստան...

- Այո՛, օգտագործված, սակայն բացարձակապես լիարժեք աշխատող սարք:

Մենք զուգահեռ լուծում էինք նաեւ կադրերի պատրաստման հարցըՙ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայ համայնքների աջակցությամբ: Այստեղ Հրայրի օգնությունն էլ էր շատ մեծ:

1996 թվականից արդեն մեծահասակների վիրաբուժության հարց բարձրացրեցինք: Մինչ այդ ամեն ամառ 20 հոգի մեծահասակ էինք վիրահատում անվճար: Դիմեցինք առողջապահության նախարարին մեծահասակների սրտի վիրաբուժության ծառայություն բացելու առաջարկով, ինչը հաջողվեց Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Աշոտ Միրզոյանի օգնությամբ:

Առաջին հարցը, որ մեզ հուզում էր, դա ստեղծվող կենտրոնի ճիշտ քաղաքականության եւ գործելակերպի մշակումն էր: Այդ հարցում մեզ շատ օգնեց Հայաստանի ամերիկյան համալսարանը: Եվ, իհարկե, կարեւորագույն հարց էր կադրային քաղաքականությունը: Սրտի վիրաբույժների պատրաստման հարցը Հրայր Հովակիմյանի առաքելությունն էր, իսկ ինվազիվ (փակ ներսրտային միջամտություն) սրտաբաններ պատրաստելու համար մշակվեցին տարբեր ծրագրեր ինչպես տեղում, այնպես էլ արտերկրում որակավորում ստանալու համար: Քանի որ բոլորին հնարավոր չէր ուղարկել արտերկիր, Հայաստանում բացեցինք դպրոց հիմնված այսպես կոչված «fellowship»-ի, այսինքնՙ հետդիպլոմային կրթության ծրագրի վրա, որը Եվրոպայում, ԱՄՆ-ում աշխատող ծրագիր է: Սկսեցինք ընտրություն կատարել ավարտած բժիշկներից, որոնք սրտաբանության կուրսեր էին անցել, կամ կլինիկական օրդինատուրա եւ այլն: Նրանց հավաքագրեցինք երկու տարի, իսկ եթե պետք էր ինվազիվ սրտաբան դառնալ` նաեւ երկու տարի այդ ծրագրի մեջ: Կադրերի պատրաստումը, ԱՄՆ-ից բացի, շարունակական դարձավ նաեւ Ֆրանսիայում. ինվազիվ սրտաբանները վերջին փուլում պարտադիր երեք ամիս Մարսելում են վերապատրաստվում:

Արդեն քսան տարի այդ ծրագիրը շարունակվում է, եւ բոլորՙ վեց այլ բուժհիմնարկներում, ուր եւս կա զոնդավորման լաբորատորիա, աշխատում են մեր ծրագրով անցած, մեզ մոտ սովորած, ավարտած բժիշկներ:

Սրտի վիրաբուժության հայկական դպրոցը դոկտոր Հրայր Հովակիմյանի մենաշնորհն է, եւ բոլորը նրա սաներն են:

Քսան տարիների ընթացքում քսան հազար սրտի վիրահատություն է կատարվել, իսկ ինվազիվ վիրահատությունների թիվը մոտավորապես 7-8 հազար է: Տարեկան կատարում ենք 800-900 սրտի բաց վիրահատություն, որից մոտ 170-180-ը կազմում են երեխաները, նաեւ ստենտավորում 500-600 մարդու:

- Ձեր բուժկենտրոնում երեխաներին եւ առավել անապահով սոցիալական խմբերի ներկայացուցիչներին բուժօգնություն ցուցաբերվում է պետպատվերով, մյուսներինՙ վճարովի...

- Ասեմ, որ ծառայությունը մեծահասակների համար ի սկզբանե եղել է վճարովի, սակայն շատ ցածր արժեքով: Այսինքն` գնացուցակի մեջ արտացոլվում էր միմիայն բուժական նյութերի ծախսը: Հինգ տարի շարունակՙ 1994-1998թթ., ԱՄՆ Միացյալ հայկական ֆոնդը ապահովում էր մանկական սրտի վիրաբուժության նյութածախսը: Եվ հենց դրա շնորհիվ էր, որ այն ժամանակ կարողանում էինք քիչ-թե շատ ապահովել նաեւ որոշ թվով մեծահասակների վիրահատությունների ծախսերը, սահմանելով ցածր արժեք:

Սրտի վիրաբուժության մեջ ինքնարժեքի 60%-ը կազմում է պահանջվող բուժական նյութածախսը, 40%-ն էլՙ աշխատավարձը, տնտեսական ծախսերը եւ այլն: Վիրահատությունը, որ այսօր մեզ մոտ կատարում ենք ԱՄՆ 5 հազար դոլարին համարժեք դրամով, Եվրոպայում արժի 50-60 հազար դոլար: Որակը բացարձակապես չի զիջում. մեր կենտրոնում աշխատում են առաջնակարգ մասնագետներ եւ օգտագործվում են բարձրորակ բուժական պարագաներ, դեղ-դեղամիջոցներ: Կուզենայի գոհունակությամբ նշել, որ վերջին երկու տարիներին Հայաստանում եւս սկսել է ձեւավորվել ապահովագրական համակարգը, որի ծավալները տարեցտարի աճում են:

Եվ արդեն մոտ մեկուկես տասնյակ տարի է, ինչ մինչեւ 18 տարեկան երեխաներին եւ դեռահասներին բուժօգնությունը տրամադրում ենք անվճարՙ պետպատվերի շրջանակներում:

Ինչ վերաբերում է մեծահասակներին, մեր կենտրոնում պետպատվերը ապահովում է տարեկան 100 վիրահատություն մեծահասակներիՙ անապահով խավի ներկայացուցիչների համար:

Այստեղ պարզապես չեմ կարող երախտապարտությամբ չհիշել երջանկահիշատակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ով, ուշադիր լսելով իմ խորին մտահոգությունը մեր անապահով հայրենակիցներին անհետաձգելի բուժօգնություն ցույց տալու վերաբերյալ, եթե չեմ սխալվում, 2006 թվականն էր, անմիջապես հարցը լուծելու հանձնարարական տվեց: Պարտքս եմ համարում նշել նաեւ, որ հետագայում եւս մեր այդ անապահով խավը մնաց երկրի նախագահի եւ կառավարության ուշադրության կենտրոնում. տարեցտարի ավելանում է իրենց համար նախատեսված սրտի վիրաբուժությունների բյուջեն:

Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի գոյության քսան տարիների ընթացքում եւ ո՛չ մի մարդ գումար չունենալու, կամ դրա միայն մի մասն ունենալու պատճառով չի զրկվել բուժօգնություն ստանալու հնարավորությունից:

Պետք է հատուկ նշեմ մեր կենտրոնին պետական աջակցության դերը, հատկապեսՙ վերջին տարիներին: Տեսնու՞մ եք զոնդավորման այս նորագույն սարքը, մեկ միլիոն դոլար արժողությամբ: (Զրույցը շարունակում ենք վիրահատարանում- Գ.Խ.): Սա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նվերն է մեր կենտրոնին: Կուզենայի հատուկ նշել, որ կարեւորագույն հարցերով դիմում եմ հանրապետության նախագահին, եւ նա անմիջապես արձագանքում է:

...Գիտե՛ք, մենք հպարտ ենք, որ ժողովրդին եւ երկրին տվել ենք մի ծառայություն, որը բազում ծիլեր է տվել եւ տալիս էՙ մեր պատրաստած կադրերի, կուտակած հսկայական եւ բացառիկ փորձի ձեւով: Հպարտ ենք նաեւ մեր կողմից ստեղծված բուժքույրական համակարգով, դպրոցով:

Սրտաբանության եւ սրտի վիրաբուժության «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն արդեն 1990-ականների կեսերին իր չափորոշիչներով ու բժշկական ցուցանիշներով տարածաշրջանի միակ մասնագիտացված կենտրոնն էր, որտեղ հաջողությամբ վիրահատվում էին Վրաստանից, Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից եւ այլ տեղերից Հայաստան եկած բազմաթիվ հիվանդներ:

Կնքվեց պայմանագիր Ռուսաստանի մանկական ֆոնդի հետ, որի շնորհիվ 5 տարի շարունակ հետխորհրդային երկրներից տարեկան 12 երեխա բարեգործական հիմունքներով վիրահատվում էր այստեղ:

Մեզ դիմեց նաեւ մի հիվանդ երեխայի մայր Ադրբեջանից: Ես նրան միանգամից ասացի, որ մեզ համար որեւէ նշանակություն չունի հիվանդի, մանավանդՙ երեխայի ազգությունը կամ քաղաքացիությունը, եւ պատրաստ ենք պահանջվող ցանկացած բուժօգնություն ցույց տալու, պարզապես նա պետք է կապվեր Ռուսաստանի մանկական ֆոնդի հետ: Սակայն երբ Ռուսաստանի մեր գործընկերները կապվեցին Ադրբեջանի մանկական ֆոնդի հետ, ապա վերջիններս կտրական կերպով դեմ եղան, եւ, դժբախտաբար, այդ տառապյալ երեխան, ամենայն հավանականությամբ, մահացավ...

Մի այլ ադրբեջանցի երեխայի մայր էլ էր դիմել մեզ` այս անգամ Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններից: Ասացի նույնը, իսկ երբ անվտանգության երաշխիքների մասին խոսեց, պայմանավորվեցինք Երեւանում Վրաստանի դեսպանի հետ, որ երկուսով կգնանք իրենց սահմանին կդիմավորենք ու կբերենք այստեղ...Սակայն տեղի ադրբեջանական համայնքը այդպես էլ թույլ չտվեց նրանց գալ Հայաստան...

Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսավորմամբ եւ մեր կենտրոնում մշակված ծրագրի շրջանակներում մեզ մոտ եկել են բժիշկներ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղըրղըզստանից, Ուզբեկստանից մի քանի ամսվա վերապատրաստման:

Այստեղ նորից ու նորից խորին երախտագիտության խոսքեր պիտի ասեմ սրտի տաղանդավոր վիրաբույժ եւ մեծ հայրենասեր, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր դոկտոր Հրայր Հովակիմյանի հասցեին: Այս ՄԱՐԴՈՒ նվիրումն այնքան մեծ է, որ արդեն քսան տարի նա ապրում է մեր հիվանդանոցումՙ մի սենյակումՙ ուղիղ իմ այս աշխատասենյակի վերեւում, եւ լսել անգամ չի ցանկանում իրեն շատ ավելի հարմարավետ բնակարան տրամադրելու մասին:

Նրան այդքան սիրող եւ գնահատող մեր ժողովրդի համար էլ այստեղ մի պարզաբանում կցանկանայի անել. ոմանք վերջերս լուրեր են տարածում, թե իբր «...Հրայրը նեղացել-գնացել է Հայաստանից...»:

Պաշտոնապես հայտարարում եմ. այդպիսի բան չկա՛, եւ չի՛ էլ կարող լինել: Պարզապես Հրայրի սիրելի մայրիկը վատառողջ է, եւ հասկանալի պատճառներով որդին գերադասում է ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ, սակայն նա գալիս է Հայաստան, վիրահատում մանկահասակների եւ վերադառնում ԱՄՆ:

- Գաղտնիք չէ, որ մեծ օգնություն եք ցույց տալիս նաեւ մարզերին եւ ԼՂՀ-ին...

- Բավականին բարեգործական ակցիաներ ենք կատարել եւ շարունակում կատարել հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաեւ ԼՂՀ-ում (ամիսներ առաջ «Նորք-Մարաշ» ԲԿ գլխավոր տնօրեն Լիդա Մուրադյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Երախտիք» մեդալով- Գ.Խ.):

Ինչ վերաբերում է ՀՀ մարզերին, ապա մենք այս տարի եղանք սահմանամերձ գոտում` Տավուշի մարզում: Երեք անգամ այցելել ենք այնտեղ, նրանց հրավիրել ենք մեզ մոտ Երեւան: Շատերը եկան մեզ մոտ, եւ նրանց անհրաժեշտ բարդ հետազոտություններըՙ զոնդավորումը եւ այլն, անվճար կատարվեցին: Նաեւ Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերում ենք եղել: Գորիսում ֆրանսահայերի ASAF կազմակերպությունը, որի հետ արդեն քսան տարի համագործակցում ենք, կառուցեց ինվազիվ սրտաբանության կենտրոն` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Երեք-չորս ամիս մեր մասնագետները այնտեղ կատարում էին ե՛ւ զոնդավորում, ե՛ւ ստենտավորում:

Այս տարվա փետրվարին բարեգործական ակցիա անցկացրեցինք Գյումրիի նորակառույց կենտրոնական հիվանդանոցում: Երկու օրվա ընթացքում այնտեղ 15 զոնդավորում եւ ստենտավորում արեցինք:

- Իսկ ո՞րն է կենտրոնի հաջորդ հանգրվանը, կարելի է ասելՙ Ձեր երազանքը...

- Ասեմ, որ ապագայի մեր ծրագրերը բավականին բազմազան են, ունենք, օրինակ, տարբեր գյուտերՙ ընդհուպ արհեստական սիրտը... Ցանկություններից մեկն էլ սրտի փոխպատվաստումն է, որին մեր մասնագետները լիովին պատրաստ են, ունենք նաեւ ամբողջ անհրաժեշտ նյութատեխնիկական բազան: Եվ դրան լիովին պատրաստ կլինենք, երբ ընդունվի համապատասխան օրենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ