ԿԱԼԻՖՈՌՆԻԱ. ՈՒՄԻՏ ՔՈՒՐՏԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐԱՏ-ԷՍՔԻՋՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ Հ. Ծ. Վուստերում (Մասաչուսեթս) գործող Կլարք համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս Ումիտ Քուրտը սեպտեմբերի 15-ին «Նոր, հարուստ դասակարգի առաջացումը Թուրքիայում 1915-1922 թվերին» թեմայով դասախոսություն է կարդացել Արարատ-Էսքիջյան թանգարանի «Հասմիկ Մկրտչյան» սրահում: «Արմինյն միրոր-սփեքթեյթր» թերթի փոխանցմամբՙ թանգարանի ու Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) հովանավորությամբ անցկացված միջոցառման ընթացքում հարգարժան դասախոսը անդրադարձել է Այնթապում տեղացի էլիտար դասակարգի կողմից հայերի ունեցվածքի առգրավման հարցին: Նա ցույց է տվել, որ կառավարությանՙ ցեղասպանության եւ բռնագաղթի որոշման հիմքում ընկած է եղել նաեւ սոցիալական հարցը, որը լուրջ քննարկման պետք է արժանանա: Քուրտը բնիկ այնթապցի է: Քաղաքագիտության եւ հանրային կառավարման գծով բակալավրի աստիճան է ստացել Մերձավոր Արեւելքի տեխնիկական համալսարանում, իսկ մագիստրոսի աստիճանըՙ Սաբանջի համալսարանում, որտեղ ներկայումս դասավանդում է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների եւ մի շարք գրքերի, որոնցից վերջինըՙ «Օրենքների ոգին. Հայկական ցեղասպանության հետքերի որոնումները լքված ունեցվածքի վերաբերյալ օրենքներում» խորագրով, հրատարակվել է 2012-ին Թաներ Աքչամի համահեղինակությամբ: |