5 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ Հայ շախմատիստներից շատերը շարունակեցին իրենց հաջող ելույթները Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին Արմեն Բարսեղյանն ու Հակոբ Հակոբյանը, որոնք 3 միավորով 7 շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը: Հաղթարշավը շարունակեց նաեւ մինչեւ 16 տարեկանների մրցաշարի առաջատարներից մեկըՙ Տիգրան Հարությունյանըՙ պարտության մատնելով Սպիրիդոն Նաումին: Տիգրանը Վահապ Սանալի եւ Յոհան Սալոմոնի հետ 3 միավորով գլխավորում է աղյուսակը: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում առանց միավորի կորստի են ընթանում Հովհաննես Գաբուզյանն ու Արման Միքայելյանը: Գաբուզյանը պարտության մատնեց Լարս Ռինդլիսբաչերին, Միքայելյանը հաղթեց Դավիթ Գույջարոյին: Հայ շախմատիստների հետ 3-ական միավորով առաջատարների թվում են նաեւ Վլադիմիր Ֆեդոսեեւը, Դավիթ Պարդոն, Դարսեն Սանժաեւը եւ Գրժեգոժ Նասուտան: Աղջիկների մրցաշարում հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեն Մանե Ադամյանը եւ Անի Հարությունյանը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: Մանեն մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հաղթեց Լիլե Կորիձեին, իսկ Անին մինչեւ 16 տարեկանների մրցավեճում հաշտություն կնքեց Ադելա Վելիկիչի հետ: |