ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏԵՐԵՐԻՆ ԿՈՐՈՇԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ երկու հանդիպումները: Գյումրիում «Շիրակը» հյուրընկալել էր «Բանանցին»: Առաջնության նախորդ տուրի համեմատ գյումրեցիների կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր դարպասապահ Արթուր Հարությունյանը, որին փոխարինել էր Նորայր Աբրահամյանը: Պահեստայինների նստարանին էր հայտնվել Սերժ Դեբլեն, որը 5 գնդակով «Շիրակի» լավագույն ռմբարկուն է: Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: 25-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրանիկ Բարիկյանը: Սակայն հյուրերից ընդամենը 2 րոպե պահանջվեցՙ հավասարակշռությունը վերականգնելու համար: Գոլն իր օգտին գրանցեց Էդգար Մալաքյանը: Հենց վերջինս էլ 2-րդ խաղակեսում դարձավ հաղթական գոլի հեղինակ: «Բանանցը», հաղթելով 2-1 հաշվով, Երեւանում կայանալիք պատասխան խաղից առաջ լավ հնարավորություն ստացավ դուրս գալու կիսաեզրափակիչ: Հայաստանի գործող գավաթակիր «Փյունիկն» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատին», որին 4 օր առաջ առաջնության խաղում պարտվել էր 0-1 հաշվով: «Փյունիկը» շատ ակտիվ սկսեց հանդիպումըՙ ձգտելով ռեւանշի հասնել մրցակցի նկատմամբ: Սակայն առաջին խաղակեսում գոլային իրական պահեր ստեղծել չհաջողվեց: Ընդմիջումից հետո 55-րդ րոպեին «Փյունիկին» վերջապես հաջողվեց բացել հաշիվը: Սեփական տուգանային հրապարակից Կամո Հովհաննիսյանը սրընթաց անցում կատարեց մինչեւ հյուրերի տուգանային հրապարակ, գնդակը փոխանցեց հսկողությունից դուրս մնացած Աղվան Պապիկյանին, որը դիպուկ հարվածով գրավեց դարպասը: Բաց թողած գոլը ստիպեց արարատցիներին գրոհելու մեծ ուժերով: 66-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել Արսեն Բալաբեկյանը, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց: Իսկ ահա 74-րդ րոպեին արարատցիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: «Փյունիկի» տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել: Արարատցիները մի քանի անգամ հարվածեցին դարպասին, եւ միայն 3-րդ փորձից Նորայր Գրիգորյանին հաջողվեց գնդակն ուղարկել ցանցը: «Արարատը» կարող էր նույնիսկ կորզել հաղթանակը, երբ խաղավարտից 3 րոպե առաջ եռաքայլ կոմբինացիայի արդյունքում Ալեքսանդր Ռակիչը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն «Փյունիկին» փրկեց դարպասապահ Գոռ Մանուկյանը: Այսպիսով գրանցվեց մարտական ոչ-ոքի: Այս մրցակցության ելքը եւս կվճռի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպումը: |