ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ Ի. Պ. Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) երեկ մեկնարկեց «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որի բացմանը ներկա էին կրթության ու գիտության նախարարը, Հայաստանում Իտալիայի դեսպանը, մասնակիցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից, Ճապոնիայից եւ այլն: Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանն ասում է, որ գիտաժողովի կազմակերպման գաղափարը կար դեռ 2 տարի առաջ, իսկ ծրագրի վրա սկսել են աշխատել շուրջ 7-8 ամիս առաջ: Արա Երեմյանի փոխանցմամբ` գիտաժողովին մասնակցում են 6 երկրներից, իսկ նախատեսված դասախոսություններին ներկա կլինեն նաեւ Մանկավարժական համալսարանից դասախոսներ, ուսանողներ, մագիստրոսներ, պրոֆեսորներ եւ այլք: Կրթության արդիականացման, այսինքնՙ հենց բուն թեմայի վերաբերյալ Արա Երեմյանը նշում է, որ արդիականացման առաջին նախապայմանը կրթության որակի կատարելագործումն է, իսկ դա կարող է արվել համալիր միջոցառումներով: Գիտաժողովը դրանցից մեկն է: Նախատեսվում է, որ գիտաժողովից հետո կամփոփվեն արդյունքները, որոնց հիման վրա կշարունակվեն խորհրդատվություններն ու մյուս աշխատանքները: Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես կրթության արդիականացման վերաբերյալ իր կարծիքը հայտնեց. «Կրթության արդիականացում ասելով շատերը պատկերացնում են նորոգված սենյակներ, շքեղ շքամուտքեր, սակայն դրանք ընդամենն ածանցյալներ են: Իսկ ինձ համար կրթության արդիականացումը նախ եւ առաջ նշանակում է Հայաստանի քաղաքացու կրթական պահանջների բավարարման հնարավորություն»: Ըստ նախարարի` պետք է դնենք հետեւյալ հարցադրումը` ո՞ւմ եւ ինչի՞ համար է պետք կրթության արդիականացումը, չէ՞ որ կրթությունը միայն դասագրքերն ու դասախոսությունները չեն, այլ կրթությունն առաջին հերթին փիլիսոփայություն է: «Անձամբ իմ եւ եվրոպացի մեր գործընկերների համար Հայաստանի կրթական համակարգի կարեւորագույն ցուցանիշն այն է, որ եվրոպական 47 երկիր Հայաստանին վստահեց Բոլոնիայի գործընթացի բարձրագույն կրթական բարեփոխումների ողջ ընթացքի կոորդինացման եւ ուղղորդման պատասխանատվությունը, մի բան, որի մասին 7 տարի առաջ որեւէ մեկը երազել անգամ չէր կարող», հավելեց նախարարը: Իսկ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց կրթության ու գիտության նախարարությանը` հանձին Արմեն Աշոտյանի, հետեւողական աշխատանքի համար, որ կատարվում է մեր կրթական համակարգը միջազգային համակարգում ինտեգրելու նպատակով: Մանկավարժական համալսարանի կազմակերպած գիտաժողովին վերոնշյալ երկրներից մասնակիցների ընդգրկումը ցույց է տալիս, որ կրթության արդիականացման թեման օրակարգային է ամբողջ աշխարհում: Ընդհանրապես յուրաքանչյուր գիտաժողով բերում է նոր հնարավորություններ, ուստի այս գիտաժողովի ընթացքում փորձի ու տեղեկատվության փոխանակումը, քննարկումները քայլ առ քայլ կնպաստեն Հայաստանում կրթության արդիականացմանը: |