RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04 > #169, 2013-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-02 23:12:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1118, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՎԻԼՆՅՈՒՍ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հույսեր, ակնկալիքներ, որ Ստրասբուրգում ներկայացրեց Սերժ Սարգսյանը, մեկ էլ 70 մլն եվրո, որ ունենալու դեպքում մի մասը կլիներ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բաժինը

Հայաստանը մասնակցելու է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին: Այս մասին երեկ Ստրասբուրգում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում իր ելույթին հետեւած հարցուպատասխանի ժամանակ: Ավելին, ներկա դրությամբ, ըստ Հայաստանի նախագահի, բանակցություններ են ընթանում, թե ինչ փաստաթուղթ պիտի ստորագրվի:

Ի պատասխան վեհաժողովականների հարցերի` Հայաստանի նախագահը Ստրասբուրգում հայտարարեց, թե Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին հայտարարելով Հայաստանն իր ուղուց չի շեղվել: Ըստ նախագահիՙ Եվրոմիության հետ բանակցությունների հենց սկզբից եվրոպական գործընկերներին մշտապես ասվել է, որ Հայաստանի քաղաքականությունը շահերի համադրություն է, ոչ թե հակասություն: Միեւնույն ժամանակ, եվրոպական գործընկերներն էլ, ըստ էության, համաձայնություն են հայտնել ու ընդգծել, որ Արեւելյան գործընկերությունը ուղղված չէ երրորդ երկրի կամ կազմակերպության դեմ:

Հիմա էլ, Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանը պատրաստ է ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագիր նախաստորագրել` առանց խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի, քանի որ Ասոցիացման համաձայնագիրը քաղաքական բարեփոխումներին է ուղղված, ինչը Հայաստանը ամեն դեպքում շարունակելու է իրագործել:

Ինչ վերաբերում է Հայաստանի վրա հնարավոր ճնշումներին, ապա Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ հնչեցրեց, թե որեւէ ճնշում չի եղել անդամակցելու Մաքսային միությանը: Հարցին պատասխանելիս Սերժ Սարգսյանը ցավ հայտնեց, թե ժամանակը չի ների ներկայացնելու Մաքսային միությանն անդամակցության տնտեսական օգտակարությունը, ինչը, հարկ է նշել, պետք էր անել գոնե մեկ անգամ, քանի որ հենց այդ հարցն է, որ այդպես էլ հայաստանցի որեւէ պաշտոնյա չի հասցեագրում, նաեւ երկրի նախագահը:

Հայաստանի նախագահն այդ հարցը չմանրամասնեց` հղում անելով ժամանակի սղությանը, սակայն դրա փոխարեն հաջորդ հարցերից մեկին ի պատասխան կրկին հավաստիացրեց, թե Հայաստանը ակնկալում է, որ որոշակի փոփոխություններ մտցնելուց հետո հնարավոր կլինի նախաստորագրել Ասոցիացման համաձայնագիրը, ինչի համար էլ Հայաստանը մասնակցելու է նոյեմբերի վերջին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովին:

Նախագահը նաեւ անկեղծացավ, որ Մաքսային միությանն անդամակցության որոշումը «խորապես» չէր քննարկվել բոլոր ուժերի հետ: Միեւնույն ժամանակ, ըստ նախագահի, Հայաստանի Սահմանադրությունը նախագահին է վերապահում արտաքին քաղաքականության իրականացումը, թեեւ ամեն քայլ պետք է ստանա խորհրդարանի վավերացումը:

Ղարաբաղյան թեմային առնչվող հարցերի կապակցությամբ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերին միշտ հղում անող ադրբեջանական կողմին հիշեցրեց, որ դրանց մեջ ամրագրված առաջնային պահանջներից մեկը ռազմական գործողությունների դադարեցումն է, իրավիճակի կայունացումը, որն անտեսվում է հենց Ադրբեջանի կողմից: «Մենք չենք վախենում կռվել, մենք ուղղակի պատերազմ չենք ուզում», հայտարարեց Հայաստանի նախագահը:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հարցը պաթետիկ էր` մատն օդում թափահարելով, թե Հայաստանը «օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը», տարածքային պահանջներ ունի Թուրքիայից, Վրաստանից, Հայաստանն էլ խաղ է անում այլ հարցերում:

Սերժ Սարգսյանը զարմանք հայտնեց Վրաստանին տարածքային պահանջ ներկայացնելու մասին Սեիդովի «գիտելիքի» կապակցությամբ, մնացյալ ասվածն էլ առաջարկեց ստուգել` թվաբանությունից մինչեւ խոսքում նշված հանգամանքների ճշգրտում: Խաղերի մասով էլ Հայաստանի նախագահը շեշտեց, որ մարզիկ չէ, ու ոչ թե խաղերով է զբաղված, այլ Հայաստանի ժողովրդի շահերից բխող քաղաքականության իրականացմամբ: Նախագահը, այդուհանդերձ, հիշեցրեց, որ Հայաստանը ու նրա զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն են, ու եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, Հայաստանը իր ամբողջ կարողությամբ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը: Ընդ որում, ռազմական գործողություններ սկսելուց հետո, Սերժ Սարգսյանի վստահությամբ, մի քանի ամիս անց Ադրբեջանը սկսելու է խոսել արդեն «25, 30 տոկոս օկուպացիայից»: «Պետք չէ ռազմական գործողություններ սկսել», մի քանի անգամ վեհաժողովում կրկնեց Սերժ Սարգսյանը:

Հ.Գ.- Մի հարց էլ Սերժ Սարգսյանին ուղղեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նախ հայտարարեց, թե Սարգսյանը չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը` նախագահ դառնալով կազմակերպված հանցագործության արդյունքում: Հետո էլ տիկին Փոստանջյանը այլ ոլորտից հարց տալու ձեւակերպմամբ հետաքրքրվեց, թե արդյոք Սերժ Սարգսյանը վերջերս եղե՞լ է Եվրոպայում ու կազինոներից մեկում տանուլ տվել 70 մլն եվրո, ու թե ով է դա վճարել կամ ինչքան է եղել գումարն իրականում:

«Խորապես համոզված եմ, տիկին Փոստանջյան, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին եւ ես դրանով հպարտ եմ», ասաց Սարգսյանըՙ ավելացնելով, որ կազինոյին վերաբերող հատվածն էլ Փոստանջյանի երեւակայության արդյունքն է: «Ցավոք, ես հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրո, բայց եթե ունենայի, մի մասը Ձեզ կտայի, որ կյանքից գոհ լինեիք, եւ այդքան չարություն Ձեր մեջ չկուտակվեր», ասաց Հայաստանի նախագահն ու ավելացրեց, որ Փոստանջյանը կարող է համարել, թե պատասխան չի տրվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ