ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ Շատ բան փոխվեց Հինգշաբթի օրը նախագահ Սարգսյանը հանդիպել է նոր ԲՀԿ-ի ղեկավարության հետ եւ քննարկել` վերջիններիս դիրքորոշումը` կապված սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ: Հանդիպումից հետո դրան մասնակից ԲՀԿ-ականներից մեկը հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը նորմալ է անցել», իսկ նախքան հանդիպումը ԲՀԿ-ի մամուլի քարտուղար Վահան Բաբայանը հայտարարել է, որ այս պահին ԲՀԿ-ի դիրքորոշումը` կապված սահմանադրական բարեփոխումների հետ, անհայտ է: «Մենք այն պետք է քննարկենք, հիմա անհայտ է»: Այսինքն շատ հնարավոր է, որ ԲՀԿ-ն այլեւս դեմ չլինի սահմանադրական բարեփոխումներին եւ այդ գործընթացն այլեւս չդիտարկի որպես Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն ապահովելու մեխանիզմ: Հատկանշական է, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով նույն հարցի վերաբերյալ իրենց կուսակցության դիրքորոշմանը, ինքը հիշել եւ մեզ էլ հիշեցրել է, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչը ենթադրվում է սահմանադրական բարեփոխումներով, «Ժառանգության» ծրագրային դրույթներից է...Ի դեպ, «Ժառանգությունը» բոլորովին վերջերս եւս հայտարարում էր, որ սահմանադրական բարեփոխումներ ձեռնարկելով` Սերժ Սարգսյանը լուծում է իր վերարտադրության խնդիրը: Կարծես թե շատ բան է փոխվել: Ծառուկյանին մենակ են թողել Հայտնի Գառնիկ Իսագուլյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ չեն վարվել, քանի որ` «ամենածանր պահին,փաստորեն, մենակ թողեցին Գագիկ Ծառուկյանին»: Իսագուլյանը չի ասել, բայց մենք ենթադրում ենք, որ նա տարակուսանք է հայտնել, թե ինչու Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննսիյանը չհեռացան ակտիվ քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հետ, ավելին` միասին: Շմայս. «Հիմա զբաղված ենք Ցեղասպանության 100-«ամյակ»-ով» Երկուշաբթի օրը ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելուն զուգահեռ` լրագրողները մոտեցել են ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայսին) եւ փորձել պարզել վերջինիս վերաբերմունքը, գնահատականը` ԲՀԿ-ի հետ, ներսում եւ շուրջը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Պատգամավորը պատասխանել է մեկ նախադասությամբ.«Հիմա զբաղված ենք Ցեղասպանության 100 ամյակով. ԲՀԿ-ի ժամանակը չունենք»: Իսկ թե որտե՞ղ է նշվելու Ցեղասպանության 100-րդ «ամյակը», պատգամավորը չի մանրամասնել. նման հարց չեն տվել: Ուորլիքը մոռացել է Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության որոշումը (նման որոշում կայացել է ՀԱՕԿ-ի վերջին նիստում) ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ամերիկացի Ջեյմս Ուորլիքը: Դիվանագետը նշել է. «Լավ լուր է, որ հայ մարզիկները մրցելու են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում: Հուսով եմ` Ադրբեջանը կողջունի այդ որոշումը»: Ամերիկացի համանախագահը, սակայն, մոռացել է օգտագործել առիթը եւ ավանդույթի համաձայն կողմերին, այս պարագայումՙ կողմերից մեկին լարվածությունը թոթափելու քայլեր ձեռնարկելու կոչ անել: |