RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015



150-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2015-03-12 23:16:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2326, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ՄԵԾ ԵՐԱԶԻ ՃԱՄԲՈՒՆ ՈՒՂԵՎՈՐԸ. ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶԵԱՆ»

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Օրերս հանդիսավորությամբ նշվեց մեծանուն նկարիչ, հայ ազատագրական պայքարի աննկուն մարտիկ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակը: Բոլոր կողմերով հասարակությանը ներկայացվեց հանճարեղ նկարչին, սակայն ոչ մի խոսք չհնչեց նրա կուսակցական պատկանելիության մասին: Թեեւ սկզբունքորեն մերժում ու դատապարտում եմ կուսակցամոլության յուրաքանչյուր դրսեւորում, սակայն միաժամանակ մտածում եմ` արդյո՞ք այդպես կլիներ, եթե Թերլեմեզյանը պատկաներ...:

Հայոց հերոսական ու ցավաշատ պատմությունը հարուստ է վճռորոշ իրադարձություններով ու հերոսներով, որոնք իրենց անջնջելի հետքն են թողել այդ պատմության խորապատկերի վրա: Այդպիսի հերոսներից է արեւմտահայ ազատագրական պայքարի համեստ զինվոր, 1915 թ. Վանի ինքնապաշտպանության քաջամարտիկ, հայ նշանավոր գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանը (3.03. 1865, Վան -30.04.1941, Երեւան): Մարդ, ով իր մեջ ամփոփել էր զգացական տեսակին բնորոշ ամենանուրբ գունազգացողությունն ու հայրենին պաշտպանելու վճռականությունը, անհրաժեշտության դեպքում անարգ թշնամուն նույնիսկ առանց աչք թարթելու` ֆիզիկապես ոչնչացնելու կարողությունը:

Ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում: Սովորել է տեղի տարրական դպրոցում, ապա` 1881-86թթ. Մկրտիչ Փորթուգալյանի հիմնած Վանի Կենտրոնական վարժարանում, որը ժամանակի դաստիարակչական առաջավոր մեթոդներով ղեկավարվող բացառիկ դպրոցներից էր, ուր հավաքվել էին Եվրոպայում ուսում առած ազատամիտ մտավորականներ: Հազիվ տասներկու տարեկան, նա կորցրեց հորը, դրա համար էլ շատ էր կապված մոր հետ:

1885թ. իշխանությունները Վանից հեռացրին Մ. Փորթուգալյանին եւ փակեցին Կենտրոնականը: Ուսումնական տարին չավարտած «աշակերտները պարտաւորուեցան աւարտական դասերէն կարեւորագոյնները շարունակել Մ. Թերլեմեզեան-Աւետիսեանի, Գ. Ասլանեանի եւ ուրիշներու դասաւանդութիւններովը... բացօթեայ Յանկոյսներու ծառաստաններուն մէջ»#: Շուտով ազատատենչ պատանին անդամագրվելով «բոլորի մտքին ու սրտին տիրող» Արմենական կուսակցությանը` ապրեց ազատամարտիկին բաժին հասած փոթորկալից կյանք: Երկրի ծանր ցավով հիվանդանում են, իսկ նա դեռ մանկուց, երբ սկսել էր ծանոթանալ մեր պատմությանը, հիվանդացել էր դրա ցավով ու ոտքի ելել սուլթանական իշխանությունների հայահալած բռնատիրության դեմ: Անհնազանդ ու ազատասեր մեր հերոսն ընկերների հետ զենք էր հայթայթում եւ փոխադրում Վան եւ շրջակա գյուղերը: Նրանց հաջողվում է զինել որոշ գյուղեր եւ ազատել նրանց հետագա ասպատակումներից: Շուտով նա հետապնդվում է իշխանությունների կողմից եւ հեռակա դատապարտվում:

Կուսակցության հանձնարարությամբ համարձակ ու ոչնչից չերկնչող երիտասարդ «Փ. Թերլեմեզեանը Քանքանեանի հետ միասին Վանի տմարդի ու հայատեաց ոստիկանապետ Նուրիի ահաբեկիչն եղած էր»#: Պատժից խուսափելու համար նրան հաջողվում է մի կերպ դուրս պրծնել թուրքական ոստիկանության ճանկերից. «Նուրիի սպանութենէն յետոյ, Թերլեմեզեանը, իր վեց հոգինոց խումբովը, ապահով Սալմաստ ապաստանեցաւ».:

Արվեստն ու ազատությունը, որոնք այնքան մոտ են միմյանց ու ներդաշնակ, որ ազատատենչ խառնվածքով Թերլեմեզյանի համար միայն արվեստը կարող էր իմաստավորել կյանքը, հագուրդ տալ ապրելու տենչին:

Այնուհետեւ անցնում է Թիֆլիս, որտեղ աշխատում է նախ տպարանում, ապա` «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ 1895 թ. մեկնում է Պետերբուրգ եւ ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը, որտեղ ուսանելու համար Խրիմյան Հայրիկը նրան ամիսը երեսուն ռուբլի թոշակ էր նշանակել: Ի դեպ` արվեստի պատմության մեջ հազվագյուտ են այն դեպքերը, երբ մարդ նկարչությանն է նվիրվում երեսուն տարեկանում, ինչպես եղավ Թերլեմեզյանի պարագայում, եւ դառնում է ոչ թե շարքային մի նկարիչ, այլ անվանի արվեստագետ եւ իր ստեղծագործություններով հարստացնում սեփական ժողովրդի մշակույթի գանձարանը: 1897 թ. ամռանը մեկնում է Էստոնիա ստեղծագործելու: Այդ օրերին թուրքական գրաքննության ձեռքն է ընկնում Փանոսիՙ իր ընկերոջը գրած մի նամակը, որում թուրքական կառավարության հասցեին մեղադրանքներ եւ հակահամիդյան մտքեր կային: Թուրքական իշխանությունների պնդմամբ ցարական ոստիկանությունը ձերբակալում է նրան եւ բանտարկվում Ռեվելի բանտում, որտեղից ուղարկվում է Մետեխի բանտ, հետո` Երեւան, ապա աքսորվում Իրան: 1898 թ. գաղտնի մեկնում է Փարիզ եւ 1899 թ. ընդունվում Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան:

Դեռ Վանում, պատանի, դպրոցում նկարում էր եւ ձեռք էր բերել «նկարչի» համբավ եւ աշակերտական նստարանից երազում էր նկարիչ դառնալ, նկարել մարդկանց, հայրենի բնությունը, ազատ լինելով կաշկանդումներից, լինել ինքնուրույն: 1908-1910 թթ. ապրում եւ ստեղծագործում է Փարիզում: 1910 թ. մեկնում է Պոլիս: Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն է հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի, Գր. Զոհրապի, Տ. Չեոկյուրյանի, Ռ. Սեւակի, Երուխանի եւ նշանավոր այլ մտավորականների հետ: 1904 թ. ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի: 1912 թ. Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի հայտնի դիմանկարը: 1914 թ. նա ստեղծագործական շրջագայության է մեկնում հայրենի Վան, որտեղ նկարում է իր մի շարք բնանկարները: Այստեղ էլ վրա է հասնում հայ ժողովրդին պատուհասած 1915 թ. ողբերգությունը` Հայոց մեծ եղեռնը: Մեծատաղանդ նկարիչը, հերոսական անցյալի տեր եւ սեփական ժողովրդի ցավով տառապող ակտիվ անհատը չէր կարող անտարբեր մնալ` նա մի կողմ է դնում վրձինն ու նկարակալը եւ ձեռքը վերցնում սիրելի հրացանը:

***

XIX դարի 70-80-ական թթ. Վանում իրենց բեղուն կրթա-լուսավորչական եւ գաղափարա-կազմակերպչական գործունեությամբ առանձնացող երկու Մկրտիչները (Խրիմյան եւ Փորթուգալյան) դարձան այն սերմնացանները, որոնց ազդեցության ներքո ծլարաձակեց ու հասակ առավ մի սերունդ, որն էլ երկնեց հայ իրականության մեջ առաջին կուսակցությունը` Արմենական անունով: Կուսակցություն, որի հիմնադիր կորիզը դարձան Մ. Փորթուգալյանի Կենտրոնական վարժարանի սաները եւ որի գործունեությանն ակտիվորեն մասնակցում էր նաեւ Փ. Թերլեմեզյանը: «1885թ. աշնանը, թերլեմեզեանների Խսրի Տունը կը դառնայ հայկական առաջին քաղաքական կուսակցութեանՙ Արմենական կազմակերպութեան օրրանը»#, որտեղ Մկրտիչ Ավետիսյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ կուսակցության փաստացի հիմնադրումը: Կուսակցության ծնող խմբին, որը Կենտրոնականի առաջին 12 շրջանավարտներից էր բաղկացած, շուտով միացան Արմենակ Եկարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Միքայել Նաթանյանը, Արտակ Դարբինյանը եւ շատ ուրիշներ:

Արմենական-Ռամկավար կուսակցությունների պատմությանը նվիրված լավագույն հուշագրություն-ուսումնասիրության հեղինակ, իրադարձությունների մեծ մասի մասնակից Արտակ Դարբինյանը հուշագրում է, որ «պետք է յիշեմ նաեւ անունը կուսակցական երիտասարդութիւնը ոգեւորող նկարիչ Փանոս Թերլեմեզեանի: Վանի հին թե նոր սերունդներուն ծանօթ էր անոր անուն: Արմենական ահաբեկիչ մը եղած էր 20-22 տարի առաջ, իր անուան շուրջ հիւսուած գեղեցիկ պատմութիւնները ամէնուն շրթունքին վրայ էին: Համաշխարհային առաջին պատերազմի նախօրեակին Վան եկած էր հայրենիքէն կարօտն առնելու եւ նկարչական էթիւտներ ընելու: Ապրիլեան գոյամարտը մղեց Թերլեմեզեանը նորէն իր երբեմնի պաշտած հրացանը գրկելու: Կռուի ընթացքին ամէն տեղ Փանոս կը կռուէր երգելով, պարելով եւ կը խանդավառէր իր շրջապատը»#:

Երբեմն որոշ տարակարծություններ են եղել Փ. Թերլեմեզյանի կուսակցական պատկանելիության հարցի վերաբերյալ: Նշենք, որ նա` ա) այդ տարիներին «ազատախոհության քուրայի»` Վանի Կեդրոնական վարժապետանոցի սան էր, որտեղ թեւածում էր Խրիմյան-Փորթուգալյան-Ավետիսյան Մկրտիչների ազատաբաղձ շունչը, բ) Արմենական կուսակցության հիմնադիր Մկրտիչ Ավետիսյան-Թերլեմեզյանի ոչ միայն հորեղբոր որդին էր, այլեւ մտերիմն ու հավատակիցը, գ) բնիկ վանեցի էր եւ ամեն օր իր մաշկի վրա էր կրում իշխանությունների սանձազերծած հարվածները, դ) անվախ ու հանդուգն երիտասարդը պակաս մտահոգված չէր սեփական ժողովրդի մարդավայել ապրելու հնարավորությունների եւ մեղավորներին պատժելու անհագ ցանկությամբ: Այնպես որ, նա թեեւ ընդգծված կուսակցական գործիչ չի եղել, հեռու էր ամեն տեսակ գաղափարաբանություններից, սակայն Արմենական կուսակցության անդամ էր:

1915թ. սկսված հայոց ցեղասպանական իրադարձություններն Վանում գտնվող մեծանուն նկարիչին` ով բարձր հայրենասիրության կենդանի մարմնացում էր, ստիպեցին փարվել զենքին ու կռիվ տալ հայոց ինքնությունը, հայրենի տունը, պատիվն ու ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Որպես ղեկավարներից մեկը` աննկուն մարտիկը մասնակցեց Վանի ինքնապաշտպանության ողջ կռվին:

Վանի 1915թ. հերոսական ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվեց Զինվորական շտաբ` «գերագոյն մարմինը` որ պիտի ստանձնէր գործին ղեկավարութիւնը: Ինծի ընկեր տրուեցան Պուլղարացի Գրիգորը, Կայծակ Առաքելը, իսկ իբր խորհրդականներ, հնչակեաններէն` Հ. Գալիկեանը, ռամկավարներէն` Գ. Սեմերճեանը, դաշնակցականներէն` Արամը ինքը, եւ Փանոս Թերլեմեզեանը` նախկին ծանօթ արմենականը, վերջին ժամանակները` չէզոք»#,- հուշագրում է այդ նույն շտաբի անզուգական ղեկավար Արմենակ Եկարյանը: Ժամանակակիցները վկայում են, որ Թերլեմեզյանը պաշտպանության աչքի ընկնող կազմակերպիչներից մեկն էր, առաջնակարգ նշանառու: Դրա համար էլ նա հաճախ էր հայտնվում կռվի ամենաթեժ կետերում եւ անվրեպ կրակով պատժում թշնամուն: Շուրջ մեկ ամիս տեւած Վանի հերոսամարտը փայլուն հաղթանակով ավարտվեց: Կատարվեց անհավատալին` անվերապահ ոչնչացումից փրկվել էր ավելի քան 150 հազարանոց վասպուրահայությունը:

Ռուսական հրամանատարության հեղինակած Վանի խորհրդավոր նահանջներից այլեւս ուժասպառ հայությունը թողեց հայրենին ու գաղթեց Արեւելյան Հայաստան: Նրա հետ էր նաեւ Թերլեմեզյանը: 1915-1917 թթ. լինում է Թիֆլիսում, Ռոստովում, իսկ 1919 թ. վերադառնում է Կ. Պոլիս: 1920-1922 թթ. ուղեւորվում է Իտալիա, Փարիզ, 1923 թ.` Ամերիկա: 1924 թ. Ամերիկայում օտար, ճնշող ու ծանր պայմանների տակ, Փ. Թերլեմեզյանը մինչեւ սրտի խորքը զգալով մայր երկրի կարոտը եւ ամենահարազատը համարելով հայրենիքն ու իր ժողովրդին, արտասահմանում ունենալով հանդերձ բազմաթիվ ազգականներ կտակ է ձեւակերպում եւ ցանկանալով իր լուման ներդնել հայրենիքի մշակույթի վերելքի մեծ գործին, իր մահից հետո ամբողջ դրամական եւ նյութական ունեցվածքը նվիրում Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ հետագայում ի կատար է ածվում: 1928 թ. Թերլեմեզյանը վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում եւ ստեղծագործում է մինչեւ իր կյանքի վերջը: Երեւանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը:

Բոլոր գործընկերները նրան քնքշորեն ու կրճատ «Թերլեմեզ» էին անվանում, իսկ թերլեմեզ` թուրքերեն նշանակում է չքրտնող: Նա տոկուն մարդ էր, ամուր, պինդ, առնական: Հայ գեղանկարչությանը գոհարներ պարգեւած, լիրիկական հոգու տեր պոետ-նկարիչը նաեւ անբիծ ու ազնիվ էր, Էությամբ պարզ ու անկեղծ: Հայրենասիրական զգացումների մի մարգարտաշար էր նրա ապրած կյանքը, որը հագեցած էր ժողովրդի նկատմամբ ունեցած մեծագույն սիրով, երախտագիտությամբ, հարգանքով, նրա ապագայի հանդեպ հաստատուն համոզմունքով: Բացի տաղանդից ուներ նաեւ զարմանալի աշխատասիրություն, վարպետանալու մի անսպառ եռանդ ու հաստատակամություն: Դրանք ձեռք էր բերել անցնելով կյանքի դժվարին, դաժան ու տատասկոտ մի ուղի:

Շատ անգամներ դեմ առ դեմ կանգնելով մահվան եւ երջանիկ դիպվածով փրկվելով` Թերլեմեզյանն իր կյանքի ամենալավ շրջանը` քսանից երեսուն տարեկան հասակը, նվիրաբերել է ժողովրդի ազատագրության գործին: Թերլեմեզյանի համար ժողովրդի նկատմամբ ունեցած անհուն սերը, բարձր հայրենասիրությունը վեր էին ամեն ինչից, անձնական կյանքից ու շահից, սեփական երջանկությունից: Ճակատագիրը դաժան վարվեց նրա հետ, կյանքի վերջին տարիներին կորցրել էր ձեռների ամրությունը, աշխատունակությունը: Թերլեմեզյանը չէր ամուսնացել եւ չէր վայելել ընտանեկան հարկի քաղցրությունը:

Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երեւանում: Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում: Երախտագետ հայ ժողովուրդը նրբաճաշակ գեղանկարչի եւ ազնիվ քաղաքացու` նրա անունով է կոչել Երեւանի գեղարվեստական ուսումնարանը: Հետաքրքրական զուգադիպությամբ Թերլեմեզյանի 80-ամյակի կառավարական հոբելյանականը նույն կազմով վերածվեց թաղման հանձնաժողովի: Հայ ժողովուրդը սրտի ցավով, սակայն հպարտության ու երախտագիտության զգացումով հրաժեշտ տվեց նրան` այն հաստատ համոզումով, որ զուր չեն եղել մեր հերոսների մաքառումները եւ գալու են հաղթանակի ու նորանոր նվաճումների ժամանակները: Այսօր էլ` 74 տարիների հեռվից, կենդանի է նրա շունչը, իսկ հոգեթով ստեղծագործություններն ու մեր հաղթանակները` հրաշալի հուշարձաններ են նրա փառապանծ հիշատակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ