RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-03-12 23:16:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1729, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՙ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանի անունը շուրջ երեք տասնամյակ հայտնի է նաեւ Սերբիայում: Նա 9 գրքի եւ ավելի քան 800 հոդվածների, թարգմանությունների, գրախոսությունների, ուղեգրությունների հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, ռումիներեն, էստոներեն, իտալերեն, հունգարերեն, ֆրանսերեն, անգլերեն:

1975 թվականից Հայաստանում առաջինն է զբաղվել հայ-սերբական մշակութային կապերով: Այն ամենը, ինչ արել մինչ օրս հայ-սերբական գրական եւ մշակութային կապերի բնագավառում, բազում տարիների ուսումնասիրությունների, ազնիվ մղումների, համոզմունքների եւ նպատակային գործունեության արդյունք է:

Սերբիայի հայ գաղթօջախին վերաբերող նյութի հավաքման նպատակով նա բազմիցս շրջել է Բելգրադում, Նովի Սադում եւ այլ քաղաքներում, հայտնաբերել հայ հոգեւոր մշակույթի պահպանված հազվագյուտ նշխարներ, որոնք երկու ժողովուրդների համատեղ կյանքի ամենապերճախոս վկայագրերն են: Սերբական արխիվներից զատ նա սերբահայ գաղթօջախին վերաբերող նյութի ուսումնասիրություններ է կատարել նաեւ Վիեննայի եւ Վենետիկի Մխիթարյան միաբանության դիվաններում:

Սերբերի հետ իր վաղեմի բարեկամությունը նա ոչ թե խոսքով ու կարգախոսներով է հաստատել, այլեւ գործով: Իսկական ստեղծագործողին վայել նվիրվածությամբ նա ամեն տարի այցելում է Սերբիա, ուսումնասիրում նրա հուշարձաններն ու սրբավայրերը, հանդիպում ու զրուցում անվանի գրողների, արվեստագետների, պատմաբանների հետ, հրավիրվում մասնակցելու Բելգրադում անցկացվող գրողների եւ թարգմանիչների միջազգային հանդիպումներին, կազմակերպում հայ-սերբական գրական երեկոներ, մշակութային թեմաներով բազմիցս ելույթներ ունենում սերբական ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Եվ, որ պակաս կարեւոր չէ, այս ամենին զուգահեռ մեծ հաջողությամբ զբաղվում է նաեւ հրատարակչական գործունեությամբ: Սերբ հրատարակիչների հետ համագործակցության արդյունքում Բաբկեն Սիմոնյանի աշխատասիրությամբ լույս են տեսել մեկ տասնյակից ավելի գրքեր, գրվել առաջաբաններ, գրախոսականներ: Սիմոնյանն իր ստեղծագործական ակտիվությամբ ըստ արժանվույն է ներկայացրել Հայաստանը Սերբիայում եւ Սերբիան Հայաստանում: Նրա հեղինակային գրքերի, ելույթների, մամուլում լույս տեսած հրապարակումների միջոցով հայերը եւ սերբերը ավելի լավ են ճանաչել միմյանց:

Բաբկեն Սիմոնյանն իր գրական-մշակութային բեղուն գործունեության համար բազմիցս արժանացել է գրական ու թարգմանական տարբեր մրցանակների, նաեւ` պետական պարգեւների:

Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հրամանով, մեր հայրենակցին վերջերս շնորհվել է Սերբիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգեւ` Ոսկե մեդալ` ստեղծագործական աշխատանքի 40-ամյակի առթիվ եւ հայ-սերբական գրական ու մշակութային կապերն ամրապնդելու գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ