ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲՈՒՐԳԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ Պ. Ք. Իսլամիստներն ավերել են ասորական եւ պարթեւական հուշարձաններ Քուվեյթում հայտնի իսլամիստ քարոզիչ Իբրահիմ ալ Քենդարին հանդես է եկել հին եգիպտական բուրգերը եւ Սֆինքսը ոչնչացնելու կոչով: Այդ մասին հաղորդում է եգիպտական «Ալ Վաթան» թերթը: «Եթե Մուհամմեդ մարգարեի հետեւորդները Եգիպտոս մտնելուց հետո անմիջապես չեն ավերել փարավոնների հուշարձանները, բնավ չի նշանակում, թե մենք չպետք է դա անենք հիմա: Այդ շինվածքները երկար ժամանակ թաղված էին ավազաշերտի տակ եւ վերստին հայտնաբերվեցին ընդամենը երկու հարյուրամյակ առաջ», հայտարարել է ալ Քենդարին: Քարոզչի կարծիքով, եթե մարգարեն ժամանակին Մեքքայում ոչնչացրել է բոլոր կուռքերը, ուրեմն նրա սերունդները եւս պարտավոր են վերջ դնել կռապաշտությանը, եթե նույնիսկ այդ հին հուշարձաններն այժմ ոչ թե ծառայում են պաշտամունքին, այլ բացառապես մշակութային ու պատմական կարեւոր դեր են կատարում: «Իսլամական պետության» գրոհայիններն իրենց գործողություններով խորացնում են ճիվաղային հոգեգարության այդ մթնոլորտը: Իսլամիստներն օրերս սկսեցին ոչնչացնել հին ասորական Դուր-Շարրուկինա քաղաքի ավերակները, որոնք Խորսաբադի մոտակայքում ենՙ իրաքյան Մոսուլ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արեւելք: Իրաքի զբոսաշրջության նախարար Ադել Ֆարբ աշ Շարշաբը «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում երկյուղ է արտահայտել, որ վանդալները կկողոպտեն հնագիտական հուշարձանները եւ կպայթեցնեն պեղումների վայրերը: Մ.թ.ա. 8-րդ դարումՙ Սարգոն 2-րդի օրոք հիմնադրված Դուր-Շարրուկինան որոշ ժամանակ եղել է Ասորեստանի մայրաքաղաքը: Պարսպապատ քաղաքում մի բարձունքի վրա արքայական պալատն էր իր 200 հարկաբաժիններով, որոնք զարդարված էին բարձրաքանդակներով: 1843 թ. ֆրանսիացի Պոլ-Էմիլ Բոտտան այնտեղ պեղումներ սկսեցՙ դրանով իսկ սկիզբ դնելով ասորագիտությանը: Մարտի 7-ին իսլամիստները ոչնչացրին իրաքյան Նայնավա նահանգում գնտվող պարթեւական Հատրա քաղաքի մնացորդները: Սելեւկյանների օրոքՙ մ.թ.ա. 2-րդ դարում հիմնադրված քաղաքի տարածքը «Իսլամական պետության» ձեռքն անցավ անցյալ տարվա հուլիսին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հնավայրի ոչնչացման նպատակով իսլամիստներն օգտագործեցին բուլդոզերներ: Փետրվարի վերջերին «Ազգը» գրեց Մոսուլի կենտրոնական գրադարանի եւ որոշ այլ գրադարանների ոչնչացման մասին: Իսկ օրերս հայտնի դարձավ, որ իսլամիստները բուլդոզերներով հողին են հավասարեցրել հին ասորական Նիմրուդ քաղաքը (Մոսուլից հարավ-արեւելք), որ հիմնադրվել էր մ.թ.ա. 13-րդ դարում Քալաք անունով եւ Ասորեստանի մայրաքաղաքն էր եղել, մ.թ.ա. 612 թ. կործանվել էր մարերի եւ քաղդեացիների հարձակման ժամանակ: Հետագայում մասնակիորեն վերականգնված քաղաքի ճարտարապետական հուշարձանները սաստիկ տուժել էին ամերիկյան զորքերի 2003 թ. ներխուժման հետեւանքով: Սադդամ Հուսեյնի օրոք այնտեղ անցկացվում էին հնագիտական պեղումներ: 1989 թ. Նիմրուդի մոտակայքումՙ արքայական չորս դամբարաններում հնագետները հայտնաբերեցին 300-ից ավելի ոսկերչական իրերՙ զարդեր, գոհարեղեն, սարդիոնից պատրաստված իրական եւ առասպելական կենդանիների բազմաթիվ արձանիկներ, ամանեղեն: Գիտնականների կարծիքովՙ այդ իրերը գեղարվեստական արժանիքներով համեմատելի են Թութանհամոն փարավոնի դամբարանի գտածոների հետ: Հայտնաբերված իրերի մի մասն ուղարկվել էր Բադղադի եւ արտերկրի թանգարաններ, բայց խոշոր ցուցանմուշները մնացել էին Նիմրուդում եւ այժմ դարձել են իսլամիստների ավարը: Փորձագետները Նիմրուդի ավերումը համեմատում են Աֆղանստանի Բամիան նահանգում 2001 թ. Բուդդայի հսկայական արձանների պայթեցման հետ: |