ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ, ՕԲԱՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ Հաշվի առնելով, որ Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման շուրջ ընթացող ժնեւյան բանակցությունների ելքը խիստ կարեւոր է նաեւ մեզ համար, թարգմանաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնում «Ստրատֆոր» աշխարհաքաղաքական եւ գլոբալ հետախուզական շաբաթաթերթի հիմնադիր վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանի ուշագրավ հոդվածը, որը, միաժամանակ, բացահայտում է ոչ միայն Իսրայելին, այլեւ Իրանին, Թուրքիային ու Սաուդյան Արաբիային վերապահված տարածաշրջանային դերն ու դիրքը ամերիկյան կառավարության գլոբալ ծրագրերում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Մ. Նահանգներ այցելեց մարտի սկզբին ելույթ ունենալու կոնգրեսի առաջ: Օբամայի վարչակազմը վրդովված էր, որ ներկայացուցիչների պալատի խոսնակ Բոեները ինքնագլուխ, առանց Սպիտակ տան հետ խորհրդակցելու էր հրավիրել Նաթանյահուին, եւ որ նրա ելույթը կարող էր սպառնալ ամերիկա-իսրայելական հարաբերությունների ամբողջ կառուցվածքին: Նաթանյահուն զգուշացնում էր Մ. Նահանգներին Իրանից եկող «միջուկային սպառնալիքի» վերաբերյալ:
Նախ ասեմ, որ դա ընդամենը ելույթ էր, եւ Նաթանյահուն չէր կարող ինչ-որ նոր բան ասել այդ կապակցությամբ, քանի որ նա անընդհատ խոսում է այդ մասին: Երկրորդ, այդ հարցում ներառվածները բոլորն էլ ցանկանում են իրենց ցույց տալ: Բնական է, քանի որ քաղաքագետներ են եւ դա նրանց գործն է: Եվ երրորդՙ հազիվ թե ամերիկա-իսրայելական հարաբերությունները քայքայվեն մի ելույթի հետեւանքով: Դրանք արդեն առաջվանը չեն: Դրանք կտրուկ փոխվել սկսեցին սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո, ստեղծելով որոշակի սառնություն եւ լարվածություն երկու երկրների միջեւ: Նաթանյահուի ելույթը ընդամենը իրականության արտացոլում է: Անհատներ կարող են ցանկանալ իրենց ցույց տալՙ առանձին գործելով, կամ իրար հանդեպ թշնամանք տածել, բայց ի վերջո նախագահներն ու վարչապետները գալիս են ու գնում: Դրանք մշտական չեն մնում իրենց պաշտոններում: Կարեւորը շահերն են, որոնք կարող են երկրներին միացնել կամ իրարից բաժանել: Եվ Իսրայելի ու Մ. Նահանգների շահերը վերջին շրջանում բավականաչափ խոտորվել են, եւ մենք դրա վրա պետք է բեւեռենք մեր ուշադրությունը, հատկապես որովհետեւ չափազանց շատ են առասպելներն ու ասեկոսեները ամերիկա-իսրայելական հարաբերությունների վերաբերյալՙ լինեն դրանք թշնամիների թե բարեկամների կողմից արտահայտված: Ամերիկա-իսրայելական հարաբերությունների կառուցումը Կարեւոր է հենց սկզբից ընդգծել, որ Մ. Նահանգների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները միշտ չէ, որ սերտ են եղել: Չնայած Ամերիկան հենց սկզբից ճանաչել է Իսրայելի պետության գոյությունը, բայց հարաբերությունները բավական սառն են եղել մինչեւ նույնիսկ 1967-ի 6-օրյա պատերազմից հետո: Երբ Իսրայելը, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ հարձակվեց Եգիպտոսի վրա 1956-ին, Մ. Նահանգները Իսրայելից պահանջեց հետ քաշվել Սինայից եւ Գազայից: Իսրայելը ենթարկվեց: Մ. Նահանգները օգնություն չցուցաբերեց Իսրայելին, բացի սնունդից, որը հատկացվեց ՄԱԿ-ի ծրագրերից մեկի շրջանակներում: Թշնամանք չկար Իսրայելի հանդեպ, բայց հարաբերություններն այդ երկրի հետ այնքան էլ էական նշանակություն չունեին: Իրադրությունը փոխվեց 1967-ի հակամարտությունից առաջ, երբ Բաաս կուսակցության խմբավորումները ռուսամետ հեղաշրջում կատարեցին Սիրիայում եւ Իրաքում: Այդ սպառնալիքին ընդառաջ Մ. Նահանգները երկիր-երկինք հրթիռների արձակման մի երկար գոտի ստեղծեց 1965-ին Սաուդյան Արաբիա-Հորդանան-Իսրայել երկրների ամբողջ երկայնքով: Սա Իսրայելին տրված առաջին ռազմական օգնությունն էր, որի նպատակն էր խոչընդոտել խորհրդային իշխանության հետագա առաջխաղացումը տարածաշրջանում: Մինչեւ 1967 թվականը, Իսրայելը զենք էր ստանում հիմնականում Ֆրանսիայից, եւ Մ. Նահանգները դեմ չէր այդ հարաբերություններին: Վաշինգտոնի համար կրիտիկական նշանակություն չուներ դա: Բայց վեցօրյա պատերազմը փոխեց իրավիճակը: Ֆրանսիան, ցանկանալով բարելավել հարաբերությունները արաբների հետ, դադարեցրեց զենքի վաճառքը Իսրայելին: Եգիպտոսը, Սիրիային առընթեր, դարձել էր խորհրդային ռազմածովային եւ օդային բազա, սպառնալով ամերիկյան 6-րդ նավատորմին եւ արեւելյան Միջերկրականի այլ շահերին: Մ. Նահանգները մասնավորապես մտահոգված էր Թուրքիայով, որովհետեւ եթե Բոսֆորը անցներ ռուսների ձեռքը, ապա նշանակալի մարտահրավեր կլիներ ինչպես Միջերկրականի, այնպես էլ Հարավային Եվրոպայի ամբողջ տարածքում: Թուրքիան վտանգված էր ոչ միայն հյուսիսից, այլեւ հարավիցՙ Սիրիայից եւ Իրաքից: Իրանը, որն այդ ժամանակ Մ. Նահանգների դաշնակից էր, ստիպեց Իրաքին հյուսիսի փոխարեն թեքվել դեպի արեւելք: Իր հերթին Իսրայելը ստիպեց Սիրիային հայացքն ուղղել դեպի հարավ: Իսրայելին զենք մատակարարելուց Ֆրանսիայի հրաժարումն ու ռուսների դիրքերի ամրապնդումը Եգիպտոսում եւ Սիրիայում 6-օրյա պատերազմից հետո, ստիպեցին Մ. Նահանգներին փոխել իր հարաբերությունները Իսրայելի հետ: Ասում են, որ 1967-ի այդ պատերազմը եւ Իսրայելին հետագայում ցուցաբերված ամերիկյան պաշտպանությունը պատճառ դարձան արաբների շրջանում հակա-ամերիկյան տրամադրությունների առաջացմանը: Պետք է ասել, որ այդ գործոնները անկասկած խորացրին արաբների հակա-ամերիկյան տրամադրությունները, բայց դրանք պատճառը, կամ մղիչ ուժը չէին: Եգիպտոսը խորհրդամետ էր դարձել դեռեւս 1956-ին, երբ Ամերիկան դեմ էր դուրս եկել Իսրայելին: Սիրիան եւ Իրաքը խորհրդամետ էին դարձել նախքան ամերիկյան ռազմական օժանդակությունը Իսրայելին: Բայց 1967-ից հետո Մ. Նահանգները ռազմավարական հարաբերություններ մշակեց Իսրայելի հետ եւ դարձավ նրան զենք մատակարարող գլխավոր երկիրը: Ռազմական այդ օժանդակությունը մեծապես աճեց 1973-ի արաբա-իսրայելական պատերազմի օրերինՙ Իսրայելի համախառն արտադրանքի մոտ հինգ տոկոսից հասնելով տարեկան ավելի քան քսան տոկոսի: Մ. Նահանգները մարտավարական տեսակետից լիովին կախված էր Իսրայելիցՙ պահպանելու համար ուժերի հավասարակշռությունը արեւելյան Միջերկրականում: Բայց նույնիսկ այդ տարիներին Մ. Նահանգները հետապնդում էր մրցակցային ռազմավարական շահեր: 1973-ի պատերազմից հետո, օրինակ, արաբներին սիրաշահելու համար, Մ. Նահանգները ճնշում գործադրեց Իսրայելի վրաՙ հետ քաշվելու Սինայից, մի բան, որ Իսրայելը չէր ցանկանում անել: Նմանապես, նախագահ Ռոնալդ Ռեյգանը չթույլատրեց, որ Իսրայելը ներխուժի Լիբանան, եւ Մ. Նահանգների միջամտությունը այնտեղ ուղղված չէր արաբների դեմ, այլ պարզապես նպատակ ուներ խոչընդոտելու Իսրայելին: Կար մարտավարական կախվածություն Իսրայելից, բայց հարաբերությունները այնքան էլ պարզ չէին դեռ: Իսրայելի ազգային անվտանգության պահանջները միշտ էլ գերազանցել են իր հնարավորությունները: Երկիրը պարտադիր կարիք է ունեցել օտար հովանավորի: Սկզբում Խորհրդային Միությունն էրՙ Չեխոսլովակիայի միջոցով, հետո Ֆրանսիան, եւ այնուհետեւ Մ. Նահանգները: Իսրայելը չէր կարող հրաժարվել Մ. Նահանգներիցՙ ազգային անվտանգությունը ապահովող իր հենքից, բայց նա չէր կարող միշտ կատարել Մ. Նահանգների ցանկությունները: Մ. Նահանգների համար Իսրայելը կարեւոր գործոն էր: Բայց ոչ միակ կարեւոր գործոնը: Իսրայելին ցուցադրվող պաշտպանությունը Մ. Նահանգները պետք էր համատեղել, օրինակ, Սաուդյան Արաբիային ցուցադրվող աջակցության հետ: Իսրայելն ու Սաուդյան Արաբիան հակա-խորհրդային կոալիցիայի մի մասն էին կազմում: Բայց նրանք ունեին տարբեր, հաճախ մրցակցային շահեր: Երբ Մ. Նահանգները ավիադեսանտային նախազգուշացման եւ վերահսկման համակարգեր վաճառեց սաուդցիներին, իսրայելցիները նեղացան: Նրանք կարիք ունեին Մ. Նահանգներին, բայց զայրանում էին այն սահմանափակումների կապակցությամբ, որ Ամերիկան էր պարտադրում նրանց: Հետխորհրդային հարաբերություններ Խորհրդային Միության փլուզումը խորտակեց ամերիկա-իսրայելական հարաբերությունների ռազմավարական հիմքերը: Հրատապ պատճառներ չկային վերջ դնելու դրանց, ուստի դրանք զարգացան, բայց այլ բնույթ ստացան: Խորհրդային Միության փլուզումը նաեւ առանց հովանավորի թողեց Սիրիային եւ Իրաքին: Եգիպտոսի բանակը, իր ամերիկյան սպառազինությամբ, բաժանված Իսրայելից ապառազմականացված եւ խաղաղապահների հսկողության տակ գտնվող Սինայի թերակղզով, առանձնապես վտանգ չէր սպառնում: Հորդանանը Իսրայելի գլխավոր դաշնակիցներից մեկն էր: Այնպես որ, Մ. Նահանգները սկսեց բոլորովին այլ ձեւով տեսնել Միջերկրականն ու Մերձավոր Արեւելքը: Իսրայելին, առաջին անգամ իր ստեղծումից հետո, անմիջական վտանգ չէր սպառնում: Ավելին, Իսրայելի տնտեսությունը աճ էր արձանագրում եւ Մ. Նահանգների օգնությունը, չնայած նույնն էր մնում, այլեւս կորցրել էր իր երբեմնի կարեւորությունը: 2012-ին 2,9 միլիարդ դոլարի ամերիկյան օգնությունը կազմում էր Իսրայելի համախառն արտադրանքի ընդամենը մեկ տոկոսից մի փոքր ավելին: Երկու երկրները խուսանավելու առավել մեծ հնարավորություններ ունեին, քան նախկինում: Հարաբերությունները շարունակվեցին սովորույթի ուժով եւ հանուն շահերի: Մ. Նահանգներին այնքան էլ չէր հետաքրքրում Արեւմտյան ափին Իսրայելի կատարած շինությունները եւ դրանք հարաբերությունների խզման պատճառ չէին կարող դառնալ: Իսրայելն էլ իր հերթին այնքան կախյալ չէր Մ. Նահանգներից, որ ռիսկի դիմեր եւ արժանանար նրա անհամաձայնությանը, եթե այն տեղի ունենար: Մ. Նահանգներն ու Իսրայելը առավել մոտեցան միմյանց սեպտեմբերի 11-ի հայտնի իրադարձություններից հետո: Իսրայելի տեսակետից, հարձակումներն ապացուցեցին, որ Մ. Նահանգներն ու Իսրայելը ընդհանուր շահեր ունեն պայքարելու ընդդեմ իսլամական աշխարհի: Ամերիկայի արձագանքը առավել բարդացրեց խնդիրը, հատկապես երբ հայտնի դարձավ, որ Մ. Նահանգների զինված ուժերի ներկայությունը Աֆղանստանում եւ Իրաքում ոչ մի ձեւով չէր խաղաղեցնելու իրադրությունը այդ երկրներում: Մ. Նահանգներին անհրաժեշտ էր մի մարտավարություն, որը կարգելեր ջիհադիստների հարձակումներն իր երկրում, իսկ դա նշանակում էր հետախուզական համագործակցություն ոչ միայն Իսրայելի, այլ նաեւ Իսրայելին թշնամի իսլամական այլ պետությունների հետ: Սա հին խնդիր էր: Իսրայելը ցանկանում էր, որ ԱՄՆ-ը կենտրոնանար միայն իր վրա, որպես գլխավոր գործընկեր, իսկ Մ. Նահանգները ավելի լայն ու բարդ հարաբերությունների հետ գործ ուներ տարածաշրջանում, իսկ դա պահանջում էր առավել երանգավորված մոտեցում: Սա էր դեպի Իրան թեքվելու հիմնական պատճառը: Իսրայելի տեսակետից, Իրանն իր միջուկային ծրագրով, որքան էլ առաջ գնացած լինի, թե ոչ, սպառնալիք է ներկայացնում իրենից, եւ Մ. Նահանգները պետք է նրա դեմ դիրքորոշվի: Չնայած կարեւոր խնդիր է իմանալ, թե Թեհրանն ինչքան մոտ է միջուկային զենք ձեռք բերելուն, բայց Իսրայելի համար այդ հարցի վերաբերյալ Թեհրանի մտադրություններն անգամ վտանգավոր են եւ անհանդուրժելի: Իրանի խնդիրը Ամերիկայի տեսակետից գլխավոր հարցն այն է, որ եթե նույնիսկ սպառնալիք է Իրանի պահվածքը, ապա կարելի՞ է արդյոք խորտակել նրան ռազմական միջամտությամբ: Իրանցիները հիմար չեն: Նրանք հետեւեցին, թե ինչ հեշտությամբ 1981-ին իսրայելցիները խորտակեցին Իրաքի միջուկային ռեակտորները, եւ իրենց ռեակտորները ավելի խորը վայրերում թաքցրեցին: Այնպես որ, պարզ չէ, թե Մ. Նահանգները կկարողանա՞ օդային հարձակումների միջոցով ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, թե՞ ոչ: Դա հավանաբար կպահանջի առնվազն հատուկ ցամաքային գործողությունների մշակում, իսկ ձախողման դեպքում ռազմական ավելի լուրջ գործողություններ, որոնք վեր են Մ. Նահանգների հնարավորություններից: Պարզ չէ նաեւ, որ որեւէ հարձակում այդ բազմակի կարծրացված վայրերի վրա իր նպատակին կհասնի՞, թե՞ ոչ: Իսրայելցիները գիտակցում են այս դժվարությունները: Եթե հնարավոր լիներ հարձակվել, եւ եթե հավատային իրենց ասածին, իսրայելցիները վաղուց հարձակված կլինեին: Ճիշտ է, Իրանը հեռու է, բայց Իրանին ավելի մոտիկ գտնվող երկրներ, որոնք նույնպես շահագրգռված են, որ միջուկային զենքին նա չտիրանա, կթույլատրեին, որ իրենց տարածքներն օգտագործվեին այդ նպատակի համար: Բայց իսրայելցիները չհարձակվեցին: Այժմ Ամերիկայի դիրքորոշումն այն է, որ միակ տարբերակը Իրանին ստիպելն է կրճատել այդ ծրագիրը: Մշտական պատժամիջոցները նպատակին չեն ծառայի: Միայն պատժամիջոցների վերացման դիմաց ծրագրի կրճատման վերաբերյալ համաձայնության գալը կարող է հաջող ելք ապահովել: Ռազմական միջամտությանը կարող են փոխարինել բանակցությունները: Սա է ամերիկյան տեսակետը: Իսկ Իսրայելը գտնում է, որ դա հուսալի տարբերակ չէ: Ամերիկան, սակայն, այլ տարբերակ չի տեսնում: Կա նաեւ ավելի խորը մի հարց: Իսրայելը հասկանում է, իհարկե, Ամերիկայի պատճառաբանությունները, բայց նրան վախեցնում է Ամերիկայի նոր վեր հառնող մարտավարությունը: Հասկանալով, որ Աֆղանստանում եւ Իրաքում ձախողվեց, Մ. Նահանգները եզրակացրել է, որ նվաճողական պատերազմներն իր ուժերից վեր են: Ամերիկան պատրաստ է օգտագործել իր ռազմաօդային ուժերը եւ սահմանափակ քանակի ցամաքային ուժերը Իրաքում, բայց չի պատրաստվոււմ ավելի մեծ, ավելի վճռական պատասխանատվություն վերցնել իր վրա: Խճճված ամերիկյան մարտավարություն Այսպիսով, Մ. Նահանգների մարտավարությունը երկակի բնույթ ունի: Առաջինը հեռու մնալն է տարածաշրջանի գլխավոր թեժ կետերից: Օգնություն, պաշտպանություն ցուցաբերելով հանդերձ զերծ մնալ առաջնային պատասխանատու քայլերից: Եթե իրավիճակը այդ վայրերում վատթարանա, Մ. Նահանգները հույս ունի, որ հակամարտություններն ի վերջո կստիպեն տարածաշրջանային ուժերին իրենց վրա վերցնել լուծումներ գտնելու պատասխանատվությունը: Սիրիայի եւ Իրաքի պարագայում, օրինակ, քաոսային վիճակը Թուրքիայի սահմանին է, ուրեմն Թուրքիան էլ թող կա՛մ հանդուրժի այն, կա՛մ էլ իր զորքերով միջամտի հակամարտությանը: Նման դեպքերում Մ. Նահանգները պարտավորվում է աջակցել սամհանափակ ուժերով միայն: Հորդանանի եւ «Ծոցի համագործակցության խորհրդի» երկրների պարագայում Սաուդյան Արաբիան է պատասխանատու պաշտպանելու սուննի արաբների շահերըՙ ԱՄՆ-Իրան լարվածության թուլացման պայմաններում: Կարեւոր է ընդգծել, որ լարվածության այս թուլացումը տեղի է ունենում ԱՄՆ-ին եւ Իրանին թշնամի համարվող «Իսլամական պետության» հռչակման մեր օրերում: Վստահ չեմ, որ կատարվածը կարելի է անվանել համագործակցություն, բայց հաստատ զուգահեռ քայլեր են ձեռնարկվում Իրանի եւ Մ. Նահանգների միջեւ: Մարտավարության երկրորդ բնույթը ուժերի հավասարություն ստեղծելն է: Մ. Նահանգները ցանկանում է, որ տարածաշրջանային ուժերը կարողանան լուծել իրենց իսկ շահերին սպառնացող հարցերը: Միաժամանակ ցանկանում է, որ տարածաշրջանում ոչ մի երկիր տիրապետող դիրք չգրավի: Ամերիկայի շահերը պահանջում են ունենալ հավասարազոր ուժեր, որոնք կկարողանան զսպել միմյանց: Ներկայիս կան չորս այդպիսի ուժեր. Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը: Նրանցից ոմանք համագործակցում են, ոմանք թշնամիներ են, ուրիշներ էլ ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքորոշումը: Մ. Նահանգները ցանկանում է ազատվել Իրանի միջուկային զենքերից, բայց առանց ցնցումներ պատճառելու այդ երկրին: Դա մաս է կազմում տարածաշրջանային պատասխանատվության եւ հավասարակշռության իր քաղաքականությանը: Եվ սա է Իսրայելին մտահոգող էական խնդիրը: Նա միշտ եղել է շախմատային զինվոր Մ. Նահանգների մարտավարության մեջ, բայց կարեւոր մի զինվոր: Այս նոր հառնող մարտավարության մեջ, երբ բազմաթիվ «դերակատարներ» են միմյանց հավասարակշռում, իսկ Մ. Նահանգները նվազագույնն է անում պահպանելու այդ հավասարակշռությունը, Իսրայելը իրեն շփոթված է զգում. ինչպե՞ս վարվել մյուս երեք պետությունների հետ: Իրանի ընդգրկումը այդ պետությունների թվում անկանխատեսելի էր Իսրայելի համար, ոչ միայն միջուկային զենքի խնդրի առկայության, այլ նաեւ այն հանգամանքով, որ Իրանի ազդեցությունների ոլորտը հասնում է մինչեւ Սիրիա եւ Լիբանան: Իսրայելը ցանկանում է խուսափել վերջինների հնարավոր սպառնալիքներից: Իհարկե խնդիրը ոչ մի առնչություն չունի Բարաք Օբամայի եւ Բենիամին Նաթանյահուի անձնավորությունների հետ: Մ. Նահանգները ցույց է տվել, որ չի կարող առկա զորքերով հանդարտեցնել հակամարտող կողմերին: Հիմարություն կլիներ նույն բանը անընդհատ կրկնել ակնկալելով տարբեր ելք: Եթե Մ. Նահանգները չխառնվի մարտերում, ապա տարածաշրջանային ուժերի վրա կմնա խնդիրը լուծելու պարտականությունը: Իսկ եթե վերջիններս իրենց վստահված դերը ճիշտ կատարեն եւ վերահսկեն միմյանց, ապա հավասարակշռությունը կպահպանվի եւ ոչ մի երկիր էլ հեգեմոն չի դառնա: Նման մարտավարությունը անհրաժեշտություն է Մ. Նահանգների համար անկախ նրանից, թե ով է երկրի նախագահը: Բազմաթիվ ուժային կենտրոնների մեջ ընդգրկված լինելը դուր չի գալիս Իսրայելին, դարձյալ անկախ այն բանից, թե ով է այդ երկրի վարչապետը: Մյուս երկրներն էլ չեն ցանկանում նման մարտավարության դերակատարները լինել: Այդ մարտավարությունը գուցե կատարյալ չէ, բայց առայժմ միակն է, որ Մ. Նահանգները կարող է որդեգրել մի տարածաշրջանի համար, որ ոչ կարող է հնազանդեցնել, իրեն ենթարկել, ոչ էլ կարող է ամբողջովին թողնել, հեռանալ: Աշխարհաքաղաքականությունը անտարբեր է անհատների կամ երկրների ղեկավարների անհատական ցանկությունների հանդեպ: Այն գործում է միայն ըստ անհրաժեշտությունների եւ հարկադրանքների: Geopolitical Weekly, Stratfor G.I., Թարգմ. Հ.Ծ. |