RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015



Տեղադրվել է` 2015-03-12 23:16:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1867, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 5

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍՐԲԱԶԱՆ ԼԵՌԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ»

Պ. ՔԵՇԻՇՅԱՆ

Բելգիայի «Նեւիկատա» հրատարակչությունը «Ժողովուրդների հոգին» մատենաշարով լույս է ընծայում աշխարհի երկրներին ու ժողովուրդներին նվիրված փոքրածավալ գրքեր: 2015 թ. մարտին հրատարակված 85 էջանոց գրքի հեղինակը երիտասարդ լրագրող, «Ֆրանս-Արմենի» ամսագրի աշխատակից Տիգրան Եկավյանն է: «Հայաստան. սրբազան լեռան հովանու տակ» վերնագրված գիրքը լույս է տեսել ֆրանսերեն եւ ունի նաեւ թվայնացված տարբերակ:

Գիրքը բաղկացած է երկու բաժնից, ինչպես նաեւ նախաբանից, որտեղ մասնավորապես խոսվում է աշխարհահռչակ որոշ հայերի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Ղարաբաղյան շարժման, պատմական տարածքի 9/10-ը կորցրած մերօրյա Հայաստանի մասին, որն այդուհանդերձ մնում է որպես հայության «վերջին ապաստարան»: Առաջին բաժնի առանձին գլուխներ, չնայած իրենց սեղմ ծավալներին, աչքի են ընկնում դիպուկ նկարագրությունների, ինչպես նաեւ պատմական տեղեկությունների առատությամբ: Այսպես, Ֆրանսիայում մինչեւ օրս «հայկական թուղթ» անունով հայտնի բուրավետ արտադրանքը իրոք կապված է Հայաստանի հետ, թեեւ 19-րդ դարում այն ստեղծել են քիմիկոս Օգյուստ Պոնսոն եւ դեղավաճառ Անրի Ռիվյեն: Հայաստանում ճամփորդելիս Պոնսոն նկատել էր, որ հայերն իրենց տներն ախտահանում են ստյուրակ (սեւ խունկ) այրելով: Հիշատակվում են նաեւ հայտնի պատմական փաստեր, թե ինչպես Փարիզում առաջին սրճարանը 1672 թ. բացել է Պասկալ (Հարություն) անունով հայը, փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն նախընտրել է հայկական տարազը, գրող Ալեքսանդր Դյումա հայրը 1858-1859 թթ. Կովկասում իր կատարած ճամփորդության առնչությամբ գրել է, որ Հայաստանից են սկիզբ առնում դրախտի չորս գետերը, Արարատի վրա է իջել Նոյյան տապանը եւ այնտեղ է սկսվել կործանված աշխարհի վերածնունդը եւ այլն:

Գրքում խոսվում է նշանավոր հայ գրողների, արվեստագետների, խաչքարերի, Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի, առհասարակ մշակութային կյանքի կարեւոր երեւույթների, առօրյա կյանքի, ավանդույթների ուժի մասին: Երկրորդ բաժնում տեղ են գտել հեղինակի հարցազրույցները նշանավոր հայագետ եւ թարգմանիչ Ժան-Պիեռ Մահեի, ազգագրագետ Լեւոն Աբրահամյանի, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հետ: Գիրքն ավարտվում է հայոց պատմության համառոտ ժամանակագրությամբ եւ էլ ավելի համառոտ մատենագիտական ցանկով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ