RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015



Տեղադրվել է` 2015-03-12 23:16:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1661, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԲԱ ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը որեւէ տեղեկատվություն չի տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ օրերս արտասահման որեւէ այցի մասին: Կնշանակի` Սերժ Սարգսյանը մոտ օրերս չի պատրաստվում այցելել որեւէ երկիր: Այս հանգամանքը բավական ուշագրավ է այն համապատկերում, որ մարտի 13-14 Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հավաքվելու են Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները: Ճիշտ է, հանդիպումն ամենեւին էլ չի կոչվում ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողով, այլ կոչվում է երեք նախագահների հանդիպում,բայց մի տեսակ անհարմար բան է ստացվում, երբ հանդիպում են ինչ-որ միություն ներկայացնող 4 երկրներից երեքի նախագահները` առանց հրավիրելու չորրորդին:

Իրավիճակըը որոշակիորեն պարզաբանեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Փոխնախարարը երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը միմյանց հետ որոշ խնդիրներ ունեն եւ նրանք այդ խնդիրների առկայությունն ամենեւին էլ չեն թաքցնում եւ հանդիպելու են` փորձելու լուծում տալ դրանց: Փոխնախարար Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանը ոչ մի խնդիր չունի հիշյալ երկրների հետ, եւ հենց այդ պատճառով էլ այդ հանդիպմանը չի ներկայանալու:

Այսինքն հայկական ապրանքներն արդեն, ճիշտ այս տարվա հունվարի 2-ից, անարգել ԵՏՄ անդամ երկրներ են գնում կա՛մ աբխազական երակթգծով, կա՛մ Վերին Լարսով, իսկ ԵՏՄ անդամ պետությունների ապրանքները կրկին նույն ճանապարհներով գալիս են Հայաստան: Այսինքն Հայաստանի համար ոչ միայն ամեն ինչ պարզ է Միության ընդհանուր քաղաքականության հետ կապված, այլ` միանգամայն ընդունելի է, քանի որ խնդրահարույց չէ: Այսինքն Հայաստանը ոչ մի խնդիր չունի Ռուսաստանի հետ, որը, սակայն, շարունակում է «մաքուր բիզնես» ծրագրի շրջանակներում զենք վաճառել Հայաստանի անվտանգությանը սպառնացողին: Չկան որեւէ խնդիրներ նաեւ Աստանայի հետ, ով բոլորովին այլ շրջապատում, ասենքՙ թյուրքախոս երկրների ղեկավարների գագաթաժողովում ստորագրում է ընդհանուր հայտարարությունների տակ, որոնցով Հայաստանից պահանջվում է դադարեցնել «ադրբեջանական հողերի օկուպացիան»: Որեւէ խնդիր չկա նաեւ Բելառուսի հետ, որի նախագահը բոլորովին վերջերս մտքի մեջ հայտարարեց, թե բելառուս զինվորները պատրաստ են կանգնել հայ զինվորների կողքին, երբ Հայաստանի անվտանգությանը սպառնալիք լինի: Եւ վերջապես Հայաստանը որեւէ խնդիր չունի ԵՏՄ-ի հետ` ընդհանուր առմամբ, չնայած մինչեւ սեպտեմբեր նախատեսվում է ստեղծել միասնական արժութային շուկա, խոսակցություններ կան` միասնական վալյուտա:

Հայաստանն, առհասարակ, որեւէ խնդիր չունի, անգամ այն պարագայում, երբ ԵՏՄ անդամ երեք հիմնադիր անդամները միմյանց հետ այնքան լուրջ խնդիրներ ունեն, որոնց հետեւանքով ԵՏՄ-ն ըստ էության դեռ գոյություն չունի:

Շավարշ Քոչարյանը կարող էր բոլորովին այլ բան ասել, օրինակՙ որ հանդիպումը ԵՏՄ շրջանակներում չէ, այլ այն անկախ պետություններ` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հանդիպում է, որին, հասկանալիորեն, Հայաստանը չի պատրաստվում մասնակցել: Բայց փոխնախարար Քոչարյանի պատասխանից հետեւում է, որ այդ հանդիպումը լավ էլ ԵՏՄ շրջանակներում է, եւ որ Հայաստանին այդ հանդիպմանն ուղղակի չեն կանչել: Թե չէ, խնդիր Հայաստանն ունի, ինչպես ԵՏՄ-ում գտնվող յուրաքանչյուր երկիր. ե՛ւ ընդհանուր, ե՛ւ միմյանց հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ