RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-03-12 23:16:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1818, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԶԱՐԳԱՑԱԾ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նապոլեոնը` պատերազմում գտվելու օրերին երեք նամակ էր գրում` իր տեղակալին` պետական հարցերով, իր կնոջը` ընտանեկան հարցերով եւ թատրոնի գեղարվեստական ղեկավարին` ազգային հարցերով: Այլ կերպ ասած` Ֆրանսիայի կայսրը երեք նամակ էր գրում` պետական, ընտանեկան եւ ազգային հարցերով, կարեւորագո՛ւյն հարցերով: Թե որքանով էր այդ նամակների բովանդակությամբ կառավարվում Ֆրանսիան, դժվար է ասել, բայց այդ նամակների առկայությամբ կարելի է պայմանավորել Ֆրանսիայի կայսեր (չխառնել Ֆրանսիայի հետ) զարգացածությունը: Այսինքն կայսերը (ոչ թե Նապոլեոն անձը) զարգացած էր, քանի որ նրան հետաքրքրում էին երեք տեսակի հարցեր` պետական, ազգային եւ ընտանեկան:

Այլ հարց է երկիրը: Այսօր որոշել, թե տվյալ երկիրը զարգացա՞ծ է, թե՞ ոչ, բավական բարդ աշխատանք է: Օրինակ, եթե երկրի զարգացածության մասին է խոսում վերջինիս քաղաքացիների բնակարան ունենալը, ամեն տարի արտասահման` հանգստանալու մեկնելու հնարավորությունը, մշտական եւ բարձր աշխատավարձով աշխատանք ունենալը, ապա, ենթադրենք, ԱՄՆ-ն այսօր ամենեւին էլ զարգացած երկիր չէ: Ամերիկացիների մեծ մասը սեփական բնակարանը չունի (եթե ունի, ապաՙ «տոկոսի տակ»), ճնշող մեծամասնությունը երկրից դուրս երբեք չի եղել, էլ չենք խոսում գործազրկության բարձր տոկոսի մասին եւ ավելի բարձր` ժամանակավոր աշխատանք ունեցողների տոկոսի մասին: Բայց քանի որ աշխարհում չկա մի մարդ (եթե իհարկե այդ մարդը հյուսիսկորեացի չէ), ով ԱՄՆ-ը չհամարի զարգացած պետություն, ուրեմն երկրի զարգացածությունը որոշում է այլ կերպ: Օրինակՙ առաջնորդի գործոնով: Այսինքն, եթե որեւէ երկրի առաջնորդն ավարտել է հեղինակավոր բուհ, հրաշալի մասնագետ է, գիտի ավելին քան տասը օտար` այդ թվում գոնե մի մեռած լեզու, ուրեմն այդ մարդու ղեկավարած երկիրը չի կարող իր նման զարգացած չլինել: Բայց այդ պարագայում` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայաստանն աշխարհում, եթե ոչ ամենա, գոնե շատ զարգացածներից մեկը կլիներ: Չէր:

Կնշանակի` առաջնորդը կապ չունի: Ուրեմն երկրի զարգացածությունը որոշվում է, ենթադրենք, այս կամ այն գործոնների առկայությամբ: Ենթադրենք որակյալ կրթություն` դպրոց, առողջապահություն` հիվանդանոց, գիտություն` նորամուծություններ: Բայց, եթե զարգացածությունը որոշվում է այս հանգամանքներով, ուրեմն ԽՍՀՄ-ը աշխարհի ամենազարգացած երկիրն էր: Այդպես չէր:

Ուրեմն ո՞րն է այդ որոշման մեխանիզմը: Իհարկե այս հարցի պատասխանը խիստ սուբյեկտիվ է, օրինակՙ չի բացառվում, որ լինեն մարդիկ, որոնք կպնդեն, թե երկիրը զարգացած է, երբ այդ երկրում «Մաքդոնալդս» կա, կամ երկիրը զարգացած է, եթե այդ երկրում մոտոցիկլիստներ կան` հասկանալի է` ջինսերով, ողջունելի է` պատռված: Ես, օրինակ, երկրի զարգացածության մակարդակը որոշում եմ տվյալ երկրի` իր քաղաքացուն տված վերաբերմունքից: Օրինակ, երբ որեւէ երկիր հարգում է իր քաղաքացու խելամիտ իրավունքները, տալիս է նրան ոչ թե աշխատանք, այլ աշխատելու հնարավորություն, ոչ թե անտոկոս վարկեր, այլ տոկոսով վարկերը մարելու հնարավորություն, ոչ թե լավ բեմադրություններ, այլ թատրոն հաճախելու հնարավորություն (եւ հավես), ոչ թե «Մաքդոնալդս», այլ «Մաքդոնալդս» բերելու հնարավորություն եւ ազատություն, ոչ թե զարգացած առաջնորդ, այլ առաջնորդ ընտրելու հնարավորություն, ոչ թե արտասահմանում հանգստանալու ուղեգիր, այլ այն ձեռք բերելու հնարավորություն, եւ վերջապես ոչ թե դպրոցի հրաշալի շենք, այլ այդ դպրոցից հետո հրաշալի դառնալու հնարավորություն...

Մի ընդհանուր խոսքով` բոլոր այն երկրները, որոնք իրենց քաղաքացիներին տալիս են ոչ թե ինչ-որ բան, այլ` հնարավորություն, իմ կարծիքով հենց նրանք էլ զարգացած երկրներ են:

Անհնա՞ր է, բայց ինչպես Նապոլեոնն է գրել պետական հարցերով իր նամակներից մեկում` «Անհնարը բառ է` անկարողների բառարանից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ