«ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ» Ա. Մ. Վարչապետ Հովիկ Աբրահամյանըՙ նաիրիտցիների աշխատավարձերի մասին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության երեկվա նիստի վերջում կրկին անդրադարձավ կառավարության շենքի դիմաց բողոքող «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի խնդրին: Ըստ վարչապետի. «Մենք ինչ խոստացել ենք, մեր խոստումները կատարել ենք: Ես ուզում եմ, որ բոլորը տեղյակ լինեն ու փողոցային խոսակցությունների տեղիք չտան: Մեր վերջին հանդիպման ժամանակ ես իրենց ասել եմ եւ մեր պայմանավորվածությունը եղել է, որ մինչեւ տարվա վերջ վճարելու ենք ամեն ամսվա աշխատավարձերը, մեկ անգամ էլ լրացուցիչ, իրենց խնդրանքով վճարել ենք փետրվար ամսին: Պայմանավորվածություն է եղել նաեւ, որ այլեւս մեզ չդիմեն, գնանՙ իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն ու այնտեղ թող որոշեն, սա կառավարության պարտքը չէ: Մենք իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում կառավարության վրա լուրջ բեռ ենք ավելացնում, իսկ այս ծանր տնտեսական պայմաններում այդպիսի բեռ վերցնելն անընդունելի է»: էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ տեղեկացրեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում ընկերությունում կրճատումներ են եղել, ընկերությունը խոստացել է մնացող աշխատակիցներին ամեն ամիս վճարել աշխատավարձերը: Մյուսներին էլ վճարվել է մինչեւ հունվար ամսվա աշխատավարձերը, ինչը հանձնարարվել էր նախագահի կողմից: Ըստ նախարարի, աշխարավարձերի պարտքի ամբողջական մարումը հնարավոր կլինի ձեռնարկությունում առկա գույքի վաճառքից հետո: Նիստից հետո վարչապետը ընդունեց նաիրիտցիների 10 հոգիանոց պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ նրանց ասվել է, որ ապրիլի 17-ին վերջնահաշվարկի վերաբերյալ պատասխան կլինի: |