RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1591, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԵՐՔՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Որոշ ժամանակ առաջ ես Հայոց ցեղասպանության առավելաբար իրավական հարցերի շուրջ հարցազրույց էի վերցրել մեր միջազգային իրավունքի մասնագետ իրավաբաններից մեկից: Հարցազրույցն ամբողջությամբ ձայնագրել էի եւ այն ավարտելուց հետո մենք պայմանավորվեցինք, որ պատրաստ լինելուն պես տեքստը կուղարկեմ զրուցակցիս, որպեսզի վերջինս` «ստուգումներ կատարի»: Դե նա ասաց` «Մի հատ նայեմ», բայց հո նայելու ընթացքում հնարավոր անճշտությունները առանց ուղղման չէ՞ր թողնելու:

Ինչպես եւ պայմանավորվել էինք, ես խմբագրությունից նրան էլեկտրոնային եղանակով ուղարկեցի պատրաստի տեքստը: Ի պատիվ զրուցակիս ասեմ, որ նա ճիշտ մեկ ժամից հետ ուղարկեց այն եւ շեշտեց` «Այ այս վիճակով կարող եք հրապարակել»: Դե, քանի որ այս ընդգծումից պարզ երեւում է, որ տեքստի նախորդ վիճակը հրապարակման ենթակա չէր, փաստորեն, ես հետաքրքրությունից մղված` բացեցի այն: Պարզվեց, որ իմ որոշ հարցերին զրուցակիցս պատասխանել է ոչ թե այնպես, ինչպես լսելի է իմ ձայնագրիչի մեջ, այլ բոլորովին այլ կերպ, այլ բառերով, այլ տոնայնությամբ, այլ տերմինների գործածումով, կամ դրանց գործածումից խուսափելով: Քանի որ նյութը պետք է հաջորդ օրը լույս տեսներ եւ ես ժամանակ չունեի, այլեւս չզանգահարեցի զրուցակցիս` պարզելու,թե այդ ինչպես է նա իմ հարցերին մեր զրույցի ընթացքում այլ պատասխաններ տվել, հիմա, ըստ գրավոր տեքստի` այլ: Նյութը հրապարակվեց` զրուցակից ասած` «այ այս վիճակով»:

Բոլորովին վերջերս` մարտի 31-ին, ռուսական Lenta.ru կայքը հարցազրույց էր վերցրել ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից: Հրապարակված հարցազրույցի առաջին տարբերակում հարգարժան փոխվարչապետը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում Թուրքիայի հետ հարաբերություններին, հաշվի առնելով մասնավորաբար Ցեղասպանության խնդիրը, պատասխանել էր.«Մենք Թուրքիայից տարածքային,կամ որեւէ այլ պահանջ չունենք: Բայց մենք չենք կարող մոռանալ Ցեղասպանությունը: Ապագային նայել չի կարելի` առանց հիշելու անցյալը: Կարեւորն այն է, որ նման բաներ չկրկնվեն»: Նկատենք, որ հարցազրույց տվել է ՀՀ փոխվարչապետը, այսինքն ՀՀ կառավարությունը, այսինքն` ՀՀ պաշտոնական ներկայացուցիչը, հետեւաբար, երբ ասվում է, թե «Մենք Թուրքիայից տարածքային կամ որեւէ այլ պահանջ չունենք...», նշանակում է, որ ՀՀ-ն այսօր Թուրքիայից որեւէ պահանջ չունի, հետեւաբար Ցեղասպանության տարելիցի նշանաբան` «Հիշում եմ եւ պահանջում»-ից պետք է հանել` «պահանջում եմ» հատվածը, թողնելով սոսկ` «Հիշում եմ»-ը: Բայց սա նշանակում է նաեւ, որ Թուրքիայի դեմ միջազգային դատարանում մեր պահանջատիրությունը հիմնավորող իրավական թղթածրարը, որի ստեղծմանը այսքան տարի ջանում ենք, չի հաջողվել ստեղծել, չկա, կամ կա, պարզապես այնտեղ հայոց պահանջատիրությունը հիմնավորող ոչ մի իրավական փաստարկ չկա:

Անշուշտ, իրավիճակը բավականին անհարմար էր, սա դեռ մեղմ ասած: Հենց այս անհարմարությունից ելնելով, թերեւս, նույն օրը` մարտի 31-ին, բայց արդեն երեկոյան, նույն Lenta.ru կայքը վերահրապարակեց իր վերցրած հարցազրույցը` Վաչե Գաբրիելյանի հետ: Չի բացառվում, որ ՀՀ կառավարության, կամ անձամբ պարոն Գաբրիելյանի` արդեն հրապարակված տեքստը ստուգելուց եւ այնտեղ ուղղումներ անելու պահանջից հետո: Ըստ նոր տեքստի, մեր փոխվարչապետը ոչ թե ասել է` «Մենք Թուրքիայից տարածքային կամ որեւէ այլ պահանջ չունենք...», այլ ասել է` «Մենք այսօր Թուրքիայի հետ չենք քննարկում մեր տարածքային կամ ցանկացած այլ պահանջները...»:

Հիմա, ի՞նչ է այստեղ տարօրինակը. մարդն այդպես չի ասել, կայքն էլ ընդունել է, որ այդպես չի ասել, ուղղել է տեքստը: Բանն այն է, որ Lenta.ru-ն ոչ թե պաշտոնական հերքում է տպագրել, այսինքն` «Մենք ներողություն ենք խնդրում ՀՀ փոխվարչապետից եւ մեր ընթերցողներից, քանի որ տեղի է ունեցել ցավալի վրիպակ, պարոն Գաբրիելյանը չի ասել այսպես, այլ ասել է այսպես...», այլ ուղղակի անհետք փոխել է տեքստը, իբր պարոն Գաբրիելյանը առհասարակ նման բան չի ասել, իբր իրենք առհասարակ նման տողեր չեն հրապարակել:

Մենք, անշուշտ, հավատում ենք, որ ՀՀ փոխվարչապետը նման բան չի ասել, հետեւաբար խորհուրդ ենք տալիս նրան եւ ոչ միայն նրան` անգամ «հայկականներից երկու գլուխ պրոֆեսիոնալ» ռուսական լրատվամիջոցներից պահանջել հարցազրույցի տեքստը` «նայելու համար» ոչ թե հրապարակելուց հետո, այլ` առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ