«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-Ն ԱՅԺՄ ԿԳՈՐԾԻ ՆՈՐ ՇԵՆՔՈՒՄ Ապրիլի 2-ին` Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, կայացավ «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացումը, որտեղ կիրականացվի աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը եւ նրանց սոցիալական ադապտացիան: 2008 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին եւ մեծ ներդրումներ պահանջող գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է անհատականացված ինտենսիվ ուսուցում` մեկ թերապեւտ` մեկ երեխա հարաբերությամբ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2008 թվականից ի վեր տրամադրել է ավելի քան 115 500 000 միլիոն դրամ, ինչի շնորհիվ 3-ից 12 տարեկան 30 սաները կենտրոն են հաճախում անվճար: Կենտրոնի աշխատակազմը եւ այնտեղ հաճախող երեխաների ծնողները փաստում են, որ հաճախումների շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է արձանագրվել ոչ միայն գիտելիքների ձեռքբերման մեջ, այլեւ ինքնասպասարկման ու սոցիալականացման առումով: Այդ մասին են վկայում երեխաների վարքագծում նկատվող փոփոխություններն ու մտավոր ունակությունների զարգացումը: Կենտրոնի սաներից 14-ն արդեն զուգահեռ հաճախում են հանրակրթական դպրոց: Ստացված արդյունքները վկայում են «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունավետության փաստը: Երեխաները չեն կարող բուժվել, քանի որ աուտիզմի համար դեղամիջոց հայտնաբերված չէ: Սակայն ինտենսիվ վաղ միջամտությունը զգալի առաջընթաց արձանագրելու հնարավորություն է տալիս: Աուտիզմով ախտորոշված երեխաներն ունեն հատուկ ծառայությունների եւ աջակցության կարիք` այս ամենին հասնելու համար: Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որն ախտահարում է ուղեղի տարբեր հատվածները: Աուտիզմով տառապող ե՛ւ մեծահասակները ե՛ւ երեխաները սովորաբար վերբալ (խոսքային) եւ ոչ վերբալ (ոչ խոսքային) հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, ինչպես նաեւ զվարճանքի եւ խաղային գործունեության առումով խնդիրներ են ունենում: |