RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1452, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀԱՆՈՒՆ ՉԱՆԱՔՔԱԼԵՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՎՍՏՐԱԼԻԱՑՆԵՐԻ

Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Ավստրալիայի կառավարությունն, ըստ «Ակօս» թերթի, հայտարարել է, որ իր որեւէ ներկայացուցիչ այս տարվա ապրիլի 24-ին Երեւան չի ժամանելու` ընդունելով ՀՀ նախագահի հրավերը` միասին հիշատակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Փոխարենը վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ ինքը նույն օրը լինելու է Թուրքիայում, քանի որ ընդունել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերը` միասին տոնելու Չանաքքալեի ճակատամարտի 100 ամյակը:

Հիշեցնենք, որ Ավտսրալիայի ամենամեծ` Հարավային Ուելս նահանգը ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլեւ` Արցախի անկախությունը: Մյուս կողմից, ի տարբերություն Հայոց ցեղասպանության, Չանաքքալեի ճակատամարտում Ավստրալիան եւ Նոր Զելանդիան միասին 10 հազար զոհ են տվել. այնպես որ ապրիլի 24-ին Նոր Զելանդիայից եւս հյուրեր չենք ունենա:

«Որովհետեւ Լոսի կեսը հայեր են»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը բրիտանական Heat հանդեսին տված հարցազրույցում հաստատել է այն լուրը, որ ինքը արյունակցական կապ ունի Քիմ Քարդաշյանի հետ: Քեմերոնը նշել է, որ ինքը Քիմի հորեղբորորդին է` 13-րդ պորտով...

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական The Telegraph-ը տեղեկացրել էր, որ Քեմերոնն ու Քարդաշյանը ընդհանուր նախնիք ունեն` 1555-ին ծնված ոմն Ուիլյամ Սփենսեր:

Նշենք նաեւ, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր հայտնել, որ արյունակցական կապեր ունի բրիտանացի վարչապետի հետ: Այսպիսով ստացվում է, որ ԱՄՆ նախագահը արյունակցական կապեր ունի նաեւ Քարդաշյանի հետ, ինչը նշանակում է, որ ԱՄՆ նախագահը, ինչպես նաեւ Դեւիդ Քեմերոնը, եւ, իհարկե, Ուիլյամ Սփենսերը հայ են: Դե մեզ էլ, հուզմունքից ոչինչ չի մնում, քան բացականչելը` «Հոլիվուդում մենք խոսում ենք հայերեն, որովհետեւ Լոսի կեսը հայեր են...»:

Ինչպես վերադարձնել «Հյուսիսային Կիպրոսը»

Անցնող շաբաթ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը միաձայն օրենք է ընդունել, որո Կիպրոսի ողջ տարածքում քրեական պատիժ է սահմանվում բոլոր նրանց համար, ովքեր հրապարակայնորեն կժխտեն Կիպրոսի կողմից ընդունված ցեղասպանությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը: ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը ողջունել է Կիպրոսի այս որոշումը եւ նշել, որ դրանով Կիպրոսը կարեւոր քայլ կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների կանխարգելման վեհ գործում:

Ինչպես արդեն նշեցինք, կիպրական խորհրդարանի կողմից ընդունված այս օրենքը ուժի մեջ է ողջ Կիպրոսի տարածքում, եւ հաշվի առնելով, որ Կիպրոսը բնականաբար չի ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», ուրեմն` նաեւ այնտեղ: Ինչը նշանակում է, որ եթե այդ թվում «թուրքական Կիպրոսում» որեւէ մեկը հրապարակայնորեն ժխտի կոնկրետ Հայոց ցեղասպանությունը, կհայտնվի անազատության մեջ: Դատելով հանգամանքից, որ Կիպրոսի հյուսիսում հիմնականում Ցեղասպանությունը ժխտող թուրքեր են, ուրեմն կարելի է եզրակացնել, որ Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար քրեական պատիժ սահմանող կիպրական օրենքը կարող է վերադարձնել «Հյուիսային Կիպրոսը», ինչը ոչ պակաս վեհ գործ է:

Հավկիթի հարցում հանգիստ եղեք

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ամեն օր երկրում արտադրվում է միջին հաշվով շուրջ 960 հազար հատ հավկիթ, ինչը լրիվ բավական է Սուրբ Հարության տոնի նախաշեմին սպառողների կարիքները բավարարելու համար: Նախարարությունը նաեւ տեղեկացրել է, որ այս պահին անհրաժեշտություն չկա դրսից հավկիթ ներկրելու, ավելին` տոնի հետ կապված հավկիթի գինը շուկայում չի թանկանա:

Այնպես որ հավկիթի հարցում կարող ենք հանգիստ լինել: Այլ հարց է, որ Սուրբ Հարության տոնին ճիշտ է հավկիթ շատ է պետք, բայց այն ամենեւին էլ ամենակարեւորը չէ: Համենայն դեպս տոնը քրիստոնեական է, որի կանոնների լայն պահպանման հետ կապված անհանգստանալու առիթներ ունենք:

Ժողովուրդն ասում է` գրքի գողը գող չէ

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Բուկինիստ» ՍՊԸ-ին պատկանող գրախանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ. Հովհաննիսյանը մի քանի օր շարունակ տարբեր ժամերի իբրեւ հաճախորդ գնացել է Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բուկինիստ» ՍՊԸ-ին պատկանող գրախանութ եւ գաղտնի հափշտակել ընդհանուր շուրջ 290 հազար դրամ արժողությամբ 77 հատ տարբեր տեսակի գրքեր: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ. Հոհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեկան օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (5 դրվագ):

Գրախանութի տնօրենը հայտնել է, որ խանութից էլի են գողոթյուններ եղել, բայց գողերին հայտնաբերել չի հաջողվել: Իմիջիայլոց «Բուկինիստ»-ի ներսում ցուցանակ կա, որտեղ գրված է` «Ժպտացեք, ձեզ նկարահանում են»: Չի բացառվում, որ կոնկրետ Գ. Հովհաննիսյանը ցուցանակը չի նկատել, քանի որ ամեն անգամ խանութից դուրս գալիս տարված է եղել ընթերցանությամբ, ինչի արդյունքում էլ 77 հատ տարբեր տեսակի գրքեր է ակամայից գողացել: Սաՙ որպես «մեղմացուցիչ դեպք հանցանաց»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ