RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1577, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՖՐԱՆՍԱՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱՆՏՈՒԱՆ ԱԳՈՒՋՅԱՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ «ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՐՔ-ԱԼԲՈՄԸ

ԱՆԻ ՆԱԶԱՐՅԱՆ,
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում մարտի 30-ին տեղի ունեցավ ֆրանսիական Le Monde թերթի հայազգի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր` նոր լույս ընծայված «Լռության ճիչը» գիրքը եւ պատմեց ապրիլի 24-ին Տիգրանակերտում (ներկայիս` Դիարբեքիր) բացվելիք ցուցահանդեսի մասին:

Լուսանկարիչը ներկայացրեց գրքում տեղ գտած լուսանկարների ստեղծման նախապատմությունն ու ապրիլի 22-ին Տիգրանակերտում կայանալիք ցուցահանդեսի մանրամասները:

Լուսանկարչի խոսքերով` գրքում ներառվել են իր 27-ամյա գործունեության արդյունքը հանդիսացող 100-ից ավելի լուսանկարները, որոնք 1988 թվականից ի վեր արվել են Արցախում, Ջավախքում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Իսրայելում եւ Թուրքիայում: «Ես սկսեցի այս աշխատանքը երկրաշարժի տարիներին, երբ մարդասիրական խմբի հետ եկա Հայաստան: Այն ժամանակ սիրողական լուսանկարիչ էի, բայց ցանկություն առաջացավ մասնագետ լուսանկարիչ դառնալ: Երկրաշարժից հետո, երբ հումանիտար աշխատանքներն ավարտվեցին, վերադարձա Ֆրանսիա, շարունակեցի այդ աշխատանքն այնտեղ, այնուհետեւ` Ջավախքում, Լեռնային Ղարաբաղում, Մերձավոր Արեւելքի երկրներում: Գնացել եմ բոլոր այն վայրերը, որտեղ հայեր են ապրել կամ էլ ունեցել են ներկայություն ցեղասպանությունից առաջ եւ հետո: Արդյունքում ստեղծեցի հայկական հիշողության հիման վրա մի պատմություն` որպես երրորդ սերնդի ֆրանսիահայ: Ցանկացա Հայոց ցեղասպանության պատմությունը լուսանկարչության միջոցով փոխանցել»,- ասաց Անտուան Ագուջյանը` շեշտելով, որ իր նախնիները ցեղասպանությունից վերապրողներ են: «Տատիկ-պապիկս ցեղասպանության վերապրողներ են, մի կողմը Կոմիտասի քաղաքից (Քյոթահիա) էին, մյուս կողմը` Էրզրումից: Ֆրանսիայում այն քաղաքում, ուր ես մեծացել եմ, շատ վերապրողներ կային, նույնիսկ վայրեր կային, ուր միայն հայեր էին ապրում: Ես կյանքս ապրել եմ այդ պատմությունների ներքո, շատ եմ լսել այն ատելության ու սպանությունների մասին, որ կատարվել են մեզ հետ»,- նշեց լուսանկարիչը:

«Լռության ճիչը» գիրքը լույս է ընծայվել ֆրանսերեն ու անգլերեն լեզուներով: Անվանումն էլ խորհրդանշական է, քանի որ ցույց է տալիս համր լուսանկարների «ձայնն ու ճիչը»: «Լուսանկարչությունը մի արվեստ է, որը ձայն չունի, շարժում չունի, բայց այդ լռության մեջ ձայն կա: «Լռություն» բառը կապված է նաեւ նրա հետ, որ Թուրքիան դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-հավելեց Անտուան Ագուջյան:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլի 22-ին պատրաստվում է մեծ ցուցահանդեսով հանդես գալ Դիարբեքիր քաղաքում, որի ժամանակ կներկայացվեն Հայոց ցեղասպանության հետեւանքները ցուցադրող 70 գունավոր ու սեւ-սպիտակ լուսանկարներ: «Ինձ հրավիրել է Դիարբեքիրի քաղաքապետարանը, որը քրդերն են ղեկավարում, նրանք ցանկանում են հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Օրն ընտրվեց ապրիլի 22-ը, որպեսզի ցուցահանդեսի բացումը չխանգարի ապրիլի 24-ին Ստամբուլում կայանալիք ցույցերին»,-տեղեկացրեց լուսանկարիչը: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվի նաեւ 30 րոպեանոց ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին արխիվային նյութերով, հեղինակի ապրումներով, ինչպես նաեւ ցուցահանդեսում տեղ գտած լուսանկարների ստեղծման պատմություններով: Իսկ հարցին, թե արդյոք չի վախենում այդ օրերին Թուրքիայում խոսել Հայոց ցեղասպանության մասին, լուսանկարիչն ի պատասխան ասաց. «Վախի մասին չեմ կարող մտածել:Այդ ծրագիրն ինձ համար այնքան հոգեհարազատ է, որ մտածում եմ միայն դա իրագործելու մասին»: Անտուան Ագուջյանը հիշեց, որ 2011-ի ապրիլի 24-ի օրերին, երբ Ստամբուլում ներկայացավ ցուցահանդեսով, թուրքական բանակում հայ զինվորի սպանեցին հայ լինելու համար: «Ամեն ինչ կարող է պատահել: Թուրքիայում կա մի խումբ, ովքեր ագրեսիվ կերպով պատրաստ են կանգնեցնել հայերի հետ կապված ամեն միջոցառում: Չնայած այդ երկրում շարժում կա, մարդիկ սկսում են ընդունել Հայոց ցեղասպանության փաստը,կան մարդիկ, ում միջոցով էլ հնարավոր է դառնում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը»,-ավելացրեց լուսանկարիչը` իր կողմից կատարվող աշխատանքը համարելով մեծ գործի մեկ մասնիկը: «Ծովը կաթիլներից է կառուցված, իմ աշխատանքները մի-մի կաթիլ են: Հայ ժողովոըրդը միշտ ստեղծել ու կառուցել է այն դեպքերում, երբ ուրիշները ավերել են, այնպես, որ մենք պետք է շարունակենք կառուցել ու մտածել, թե ինչ պետք է թողնենք մեր նոր սերունդներին»,-ավելացրեց նա:

Անտուան Ագուջյանը տեղեկացրեց, որ լուսանկարները կներկայացվեն նաեւ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում ցուցահանդես անցկացնելու թեմայով զրուցել են «Արմենպրես»-ի տնօրենի հետ:

Գիրք ալբոմը ֆրանսերեն ու անգլերեն տարբերակներով են, որտեղ զետեղված է մոտ 113 լուսանկար:

Լուսանկարներըՙ «Արմենպրեսի», լուսանկարիչ Ֆելիքս Առուստամյանի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ