ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՄԱՅՐԱՄՈՒՏ, ՈՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԱՍԵՑՆԵԼ» ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայերեն եւ ռուսերեն լույս է տեսել Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որ հարկավոր է կասեցնել» գիրքը: Անցած տարի, երբ քաղաքական գործիչը դեռ մեր կողքին էր, այս գրքում ամփոփված նրա քաղաքական վերլուծությունները հրապարակվեցին yerkir.am կայքում: Հենց կայքի աշխատակազմի նախաձեռնությամբ էլ վերլուծությունները գիրք են դարձել, որն օրեր առաջ ներկայացվեց հանրությանը: Տողերիս հեղինակն ափսոսում է, որ դրա հնարավորությունն ունենալով` այս վերլուծություների բուռն ու հակասական արձագանքների մասին ժանանակին հարցազրույց չի ունեցել Վ. Հովհաննիսյանի հետ: Առհասարակ` Ազգայն ժողովում նրա հետ շփվելու, նրանից բազմաթիվ հարցերի պատասխանը ստանալու առիթներն ունենալով` ցավալի է, որ դա լավ չենք օգտագործել` նրա երիտասարդական ավյունը թույլ չէր տալիս մտածել, որ շատ շուտով դրանցից զրկվելու ենք: Առհասարակ` նրան լսելը, նրա բանավեճերին Ազգայն ժողովում հետեւելը, ղեկավարման վահանակից ԱԺ նիստերը նուրբ, բայց ոչ սպանիչ հումորով համեմելով վարելուն ակնդիր լինելը խորհրդարանում հավատարմագրված լրագրողներիս համար միշտ էլ գրավիչ են եղել: Նա այն եզակի գործիչներից էր, որը երբեք չէր փակվում կուսակցական կաղապարում` երեւույթներին ավելի լայնահայաց նայելով, հայերիս խնդիրները հաճախ մարդկության ընդհանուր պատուհանից դիտելով եւ ազգային գործունեությամբ զբաղվողներին վարակելով լայնախոհությամբ, ծառերի հետեւում անտառը տեսնելու դիտողունակությամբ: Նրանը չէին դատարկՙ հաճախ հանդիպող կուսակցական փառասիրությունն ու ինքնագոհ «ազգասիրությունը», այլ խնդիրների արմատին հասնելով, պատճառահետեւանքային գործոնները բացահայտելով` ցավին դարման անելու լուծումների որոնումն էր նա որդեգրել իր կենսակերպում: Հայերիս ու մեր երկրի խնդիրների վերաբերյալ իր քաղաքական-փիլիսոփայական վերլուծությունները, որ ներկա գրքում են ամփոփված, նույնպես ելքերի որոնման փորձ են ու մտորումների տեղիք են տալիս: Չէինք ուզենա մեր դատողություններով ծանրաբեռնել ընթերցողին, այլ հենց Վահան Հովհաննիսյանի մտքերից մի քանի մեջբերումներով կուղղորդենք նրան դեպի այդ գիրքը, որն արժե կարդալ. «Եթե դուք պատրաստվում եք սպասել հրաշքով ձեզ փրկողին` dues ex machine ոճով, իսկ ինքներդ ցանկանում ապրել, ինչպես ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել եւ շատ լաց լինել, եթե ցանկանում եք նստել հեռուստաէկրանի առջեւ եւ հեռվից հետեւել սեփական փրկությանը, ապա առավելագույնն, ինչ կտեսնեք, կլինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն»: «Մարդկությունն, ընդհանուր առմամբ, ինչպես եւ առանձին վերցրած ցանկացած ազգ, կազմված է անհավասար մասերից. նրանք ովքեր զարկ են տալիս առաջընթացին, նրանք, ովքեր ակտիվ դիմադրում են դրան, եւ նրանք, ովքեր պասիվ սպասում են այդ գործընթացի արդյունքներին` «ճանապարհին գցած գերանի» կարգավիճակում»: «Կա՛մ զարթոնքի թարմ քամի եւ քայլ դեպի ապագա, կա՛մ մակաբուծություն սեփական պատմության վրա, ահա սա է այն ընտրության իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է»: «Ինչպիսն է միջին վիճակագրական մեր հայրենակցի ստանդարտ կամ ընդհանուր առմամբ հաճախ հանդիպող արձագանք նոր տեղեկությանը, գաղափարին, վարկածին. «Գիտեմ»: Դրան հանդիպում ենք բոլորս եւ նույն այդ թուլությունն էլ ունենք բոլորս: Եւ բոլորիս դա զայրացնում է, սակայն... ոչինչ չի փոխվում: Բոլորն ամեն ինչ գիտեն: Ընդգրկույթը մեծ է. գիտեն` ինչպես է խորովածը պատրաստվում եւ ինչպես մտնել Մաքսային միություն ու միաժամանակ ինտեգրվել Եվրոպային, ինչպես մեծացնել երեխաներին եւ ինչպիսի երաժշտություն լսել, ինչպես կաշառք վերցնել եւ ինչպես տալ: Լսեք մեր քաղաքագետներն, նաեւ` որոշ քաղաքական գործիչների, կարդացեք նրանց հոդվածները, հարցազրույցները . նրանք ռուսներից լավ գիտեն, թե որոնք են Ռուսաստանի ազգային շահերը, նրանք ամերիկացիներից լավ գիտեն, թե ինչպես է հարկավոր լուծել նրանց ներքին եւ արտաքին խնդիրները, ներողամիտ ժպիտով սովորեցնում են եվրոպացներին եւ ցույց տալիս տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները»: «Հավատացնում եմ ձեզ, որ շատ քչերն են աշխարհում մեր ազգային նկարագրի մասին դատում Ներսես Շնորհալու կամ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությոններով: Օտարերկրյա հանրության գերակշիռ մասը մեր մասին դատում է խանութներից կոստյումներ եւ փողկապներ գողացող պաշտոնյաներով ու պատգամավորներով, Գլենդելի բենզալցակայանների առջեւ պպզած, չսափրված կերպարներով, տարբեր պատվիրակությունների` ոչ մի լեզվով չխոսող անդամներով, սակայն ովքեր իրենց կարեւորող տեսքով ներկայանում են արտասահմանյան համաժողովների ու նիստերից փախչում խանութները, մոսկովյան մետրոյում արեւածաղիկ չրթող լպիրշ տղաներոով եւ այլն: Բոլորին հաճելի է հայ լինել, երբ խոսքն Արամ Խաչատրյանի, Վարդգես Սուրենյացի եւ շախմատի մեր հավաքականի մասին է: Իսկ երբ խոսքը ձեր այն համաքաղաքացիների մասին է, այդ թվում` բավականին բարձրաստիճան, ովքեր դժվար թե տարրական ֆեյս-կոնտրոլ անցնեն բարձրակարգ ռեստորանում եւ որոնց հետ ազգային կապ ունենալիս դուք անհարմար եք զգում, հատկապես` արտասահմանում... Ես կնախընտրեի, որ ինձ նրանց կողքին պարզապես չճանաչեին»: «Ե՛ւ սերը, ե՛ւ ատելությունը ընդամենն արձագանքն են այն բանի, թե ինչպես է իշխանությունն իրականացնում հասարակության կողմից իրեն արտոնված` այդ հասարակությանը ղեկավարելու իրավունքը»: Մնացյալը` Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքում: |