ՍԻՑԻԼԻԱՆ ՀԱՆՑԱՇԽԱՐՀՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼ Է, ՀԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՆ Է ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Անցյալ ապրիլին ամերիկյան դատարանի նիստերի լեփ լեցուն դահլիճում բոլորի հայացքն ուղղված էր սեւահեր մի տղամարդու, մականունըՙ Hollywood-Mike, որ հայտնի է նաեւ Capone անվամբ: Տարիներ ի վեր կալիֆորնիական ձեռնարկություններին ահաբեկած, ավազակային հարձակման, դրամականՙ հարկային ճնշման ենթարկած մարդը նաեւ բանկային խարդախությունների, անձնաթղթերի մեքենայությունների կողոպուտի մեղադրանքով ավելի քան 30 տարվա բանտարկության դատապարտվեց: Հոլիվուդ Մայքը պատկանում է միջազգային քրեական աշխարհի աճ արձանագրող խմբին, որ նաեւ ժամանակակից կալիֆորնիական մաֆիա անվանումն ունի: Քապոնե մականունն ունեցող այս մարդը ոչ թե Իտալիայի, այլ Հայաստանի ծագում ունի, «Ամերիկյան մաֆիայի նոր դեմքերը» վերնագրյալ հոդվածում գրում է գերմանական «Բիլդը»: «Սիցիլիան իր ծառայությունն ավարտել է, այժմ հերթը Հայաստանինն է, Հարավային Աֆրիկայինը, Ռուսաստանինը», իրազեկում է գերմանական լրատունՙ մանրամասն, ծավալուն հոդվածում անդրադարձ անելով այն հանգամանքին, թե գլոբալիզացիայի հետեւանքով մաֆիայի ընտանեկան գործոնը կամ ազգային պատկանելիությունն այլեւս այնքան մեծ դերակատար չեն, որքան նախկինում: Թերթն օրինակ է բերում Armenian Power Հայկական ուժ անունը կրող միավորումը, որ հաճախ է համագործակցում ռուսների կամ մեքսիկացիների հետ: Իսկ ամերիկաբնակ նախկին իտալական մաֆիայի պարագլուխ ընտանիքներում դաստիարակված նոր սերունդըՙ թոռներն ու ծոռներն այլեւս վաղուց գետտոյից դուրս են եկել, ուսում առել, նրանք այժմ հասարակության մեջ գտել են իրենց տեղըՙ բժիշկ ու նույնիսկ փաստաբան են դարձել: Հայերը, որ մի քանի տասնամյակ առաջ են Հոլիվուդ եկել եւ 30 տարում նրանց հանցավոր խմբավորման անդամների թիվը 250-ի սահմանն անցել է, Հարավային Կալիֆորնիայում օրինապահ մարմինների տեսադաշտում արդեն կան: Նրանց խումբն աշխարհի տարբեր անկյուններում կապեր ունի, գրում է «Բիլդը»ՙ այդուհետ անդրադառնալով նաեւ աֆրիկյան, ամերիկյան, ռուսական հանցախմբերին, դրանց առանձնահատկություններին: |