ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Իմ մանկության օրերի Բեյրութում ընկերական խնջույքների ժամանակ մի երգ էինք երգում, որի կրկներգն եմ հիշում հիմաՙ «Հեյ ջան Երեւան, հայրենիք դու իմ»: Մեկ էլ մի տող եմ հիշում նույն երգիցՙ «Երբ որ ես մեռնիմ, Հայաստան տարեք, Արարատյան դաշտը դիակս թաղեցեք»: Մեծերը այս տողը երգում էին հուզումով, մեծագույն զոհողության գնացողի, սեփական դիակը միայն հայրենի հողին վստահելու ինքնազոհ եւ ինքնագոհ արտահայտությամբ... Ավելի ուշ, արդեն չափահասության դռների մոտ, «Արարատյան դաշտը դիակս թաղեցեքը» սկսեց մտատանջություն պատճառել ինձ- Հայաստանը գերեզմանո՞ց է, որին շատ մարդիկ, գոնե իմ շրջապատից, պատրաստ էին իրենց «դիակը վստահել»: Մտատանջությունս գնալով մեծացավ հաջորդ մտքիցՙ միայն որպես դիա՞կ կարելի է Հայաստան գնալ, մինչ մեր ուսուցիչները, առավելՙ «Երեւանն է խոսումի» ամենօրյա հաղորդումները անընդհատ պատմում էին միայն ծաղկուն երկրի, հզոր հայրենիքի մասին: Դա մեր երազային Հայաստանն էր, որին ձգտում, կարոտում, երազում էինք մենք, ի հակադրություն մեզ հասակակից մյուս ճամբարականների, որոնք կուռ դաստիարակվել էին ռուբենդարբինյանների «հոգեկան հայրենիքի» գաղափարով եւ որոնց «ազատագրական պայքարը» այն ժամանակ ուներ մեկ թիրախ ու կարգախոսՙ «կորսվեցեք մեր երկրեն, բոլշեւիկ շուներ»: Վրա հասավ 1965 թիվը, Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը, ու գեթ մեկ բան արմատապես փոխվեց. հնչակ, դաշնակ թե ռամկավար, առաքելական, կաթոլիկ թե բողոքական, մենք բոլորս նույն «մրրկաւ էինք զատուած», ժառանգորդներն էինք նույն ցեղասպանության: Դա՛ էր միացնում մեզ: Ու փոխվեց թիրախը մեր «պայքարի»: Բայց չփոխվեց կեցվածքը Սովետական Հայաստան կոչվող երկրի նկատմամբ. մեզ համար դա «երազային Հայաստանն էր», նրանց համար այն փոխարինված մնաց «հոգեկան հայրենիքով»: Դեռ որոշ ժամանակ: Երազս իրականացավ, եկա Սովետական Հայաստանՙ ուսանելու: Շուտով երազիցս բան չմնաց. հոգսաշատ ու ջղային մարդիկ, գողեր, բոզեր, փոքր ու մեծ ուրախություններ, «ախբարների» ամենօրյա տրտունջՙ «հո՛ն լավ է»: Վերջապեսՙ ապրող երկիրՙ գաղափարախոսության պարտադրած տարօրինակ կաշկանդումներով հանդերձ: Նաեւՙ հրաշալի դասախոսներ, արվեստագետներ, գիտնականներ, վերջապեսՙ 70-ականների հրաշալի վերածնունդ: Եվ վերջապես հասկացա մեր ամենամտածող բանաստեղծիՙ Վահան Թեքեյանի տողը. «Տարբե՜ր ես դուն մեր երազէն,- աւելի՛ լաւ»: Ցնդեց երազը, մնացին տագնապներըՙ ազգային, հասարակական, քաղաքական: Փոխվեցին շատերը նաեւ մյուս ճամբարում. մահացել էր արդեն Ռուբեն Դարբինյանը, իր հետ տանելով իր «հոգեկան հայրենիքը»: Հայրենիքը հիմա նման էր թռիչքի պատրաստվող օդանավի, որն անընդհատ ուժ էր հավաքում, թափ հավաքում: Թռիչքի էր պատրաստվում: Այդ թռիչքը պատահեց ուշ, 25-30 տարի հետո, մեզնից անկախ, բայց մեր մասնակցությամբ: Հայաստանը անախացավ: Արյուն չթափվեց անկախության համար, արյունը թափվեց այդ անկախությանը միանալու համար, ազատագրված Արցախո՛ւմ: Եվ հիմա, անկախությունից 24 տարի հետո, Հայաստանը ոչ երազային է, ոչ էլ հոգեկան, եւ բնավ նպատակ չունի դիակներ ընդունող գերեզմանոց դառնալու: Հայաստանը իրակա՛ն երկիր է, ապրող, շնչող, սիրող, ատող, տագնապող, հաղթահարող սովորական երկիր, որը պետք է սիրել ու պաշտպանել, տքնել, աշխատել, պայքարել եւ արարել: Ուրիշ ելք չկա: Սա՛ է մեր երկիրը, իրական Հայաստանը: Եվ իրականը միշտ «տարբեր է (...) մեր երազէն,- աւելի՛ լաւ»: |