«ԿԱՄՈ ՆԻԳԱՐՅԱՆ. ՇԻԶՈՊՈԼԻՍ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրության հանդիսավոր բացումը 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին, «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում: Ուժի եւ խելագարության հարաբերակցության թեման համակցում է Կամո Նիգարյանի (1950-2011)` այս ցուցահանդեսում առաջին անգամ մեկտեղած տասնյոթ աշխատանքները: Ուրվագծելով Նիգարյանի ստեղծագործական ուղին` 1980-ականներից մինչեւ 2000-ականները, «Շիզոպոլիսը» բացահայտում է նրան որպես 20-րդ դարի վերջի հայ արվեստի առաջադեմ, հակահամակարգային ներկայացուցիչներից մեկը: Կամո Նիգարյանը ծնվել է 1950-ին պատմական Հայաստանի Գարդմանք գավառի Հելենդորֆում (ներկայիս Ադերբեջանի Հանրապետության տարածք), մտավորականների ընտանիքում: Կարճ ժամանակ անց նրանք հաստատվում են Երեւանում, որտեղ 1973-ին Նիգարյանն ավարտում է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի ֆակուլտետը: Աշխատելով դիզայնի բնագավառում իր ողջ ստեղծագործական ուղու ընթացքումՙ արվեստագետի ստեղծած բազմաթիվ թատերական, ցուցահանդեսային եւ կինո ազդագրերը, ինչպես նաեւ յոթ թանգարանային ցուցադրությունների գեղարվեստական նախագծերը եզակի տեղ են գրավում հայկական դիզայնի պատմության մեջ: Նա ակտիվ գործունեություն է ծավալում ուշ խորհրդային շրջանի Երեւանի ընդհատակյա արվեստային շրջանակներումՙ մասնակցելով մի շարք պերֆորմանսների եւ նոն-կոնֆորմիստական ցուցահանդեսների, ինչպես օրինակ 1982-ի «Հափենինգ»-ի կազմակերպմանը: 1980-ից սկսած Նիգարյանը հետզհետե կենտրոնանում է գեղանկարչության եւ լուսանկարչության վրաՙ իր ստեղծագործությունների միջոցով շարունակաբար ստանձնելով սադրիչ եւ քննադատական դիրքորոշում պետական ու զանգվածային մշակույթի գաղափարաբանությունների հանդեպ: «Որպես սովետական ռեժիմի վերջին տասնամյակներին ասպարեզ իջած այլախոհ արվեստագետ` նրան խորապես մտահոգում էր միատարր հասարակության եւ գլոբալ տնտեսության մեջ տրոհվող անհատի ազատությունը եւ կամքը: Ազդագրային ու ցուցահանդեսային ձեւավորումներից մինչեւ գեղանկարչություն ու լուսանկարչություն` Նիգարյանի արվեստը զննում է մարդկության ներկայիս վիճակը` որպես խորագույն վախի, պարադոքսի ու անտարբերության մեջ խրված մի երեւույթ: Իր գաղափարները քաղելով փիլիսոփայությունից, հոգեվերլուծական, մարդաբանական, տնտեսագիտական տեսություններից եւ անգամ գիտաֆանտաստիկ գրականությունից` արվեստագետն ի ցույց էր դնում հասարակական ու քաղաքական համակարգերի ենթաշերտային տեռորը, որի ճնշման տակ ուժը դառնում է սպառողական ապրանք եւ իշխելու բանաձեւ: Էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի ու փոփ-արվեստի ավանդույթների հետ համարձակ փորձարկումները Նիգարյանի համար նաեւ միջոց էին արտահայտելու իր տագնապը արդի քաղաքակրթության ճգնաժամի հանդեպ: Նրա գործերում պատմությունն ու ժամանակակից կյանքը գոյակցում են նույն տարածության մեջՙ անընդհատ կենդանացնելով այն համակարգերը, որոնք բերում են պահպանողականության, պատերազմների ու քաոսի: Որպես սարսափների մի դահլիճ` «Շիզոպոլիսը» հնարավորություն է տալիս դիտարկելու իրականության այս հակառակ կողմը եւ մտորելու մեր առօրյա գոյության մեջ արմատակալած անգիտակից խելագարության մասին»,- նշում է ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը : «Գաֆէսճեան արվեստի կենտրոնը պատիվ ունի ներկայացնելու ուշ եւ հետխորհրդային ժամանակաշրջանի հայ առանցքային նոն-կոնֆորմիստ արվեստագետ Կամո Նիգարյանի աշխատանքներըՙ Կենտրոնի 2015 թվականի ցուցահանդեսային ծրագրի շրջանակներում: Ներկայացնելով արվեստագետի թեմատիկ շարքերի հազվագյուտ ցուցադրված աշխատանքների ընտրանի, ինչպես նաեւ Ս. Մերկուրովի թանգարանում գտնվող մահադիմակներով ինստալացիայի կրկնօրինակըՙ «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրությունն առաջարկում է Նիգարյանի խորը ինտելեկտուալ ստեղծագործական ժառանգության նոր տեսանկյուն»,- նշեց ԳԱԿ գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը : |