ԷԿՈՒՄԵՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒԵՍՏՄԻՆՍՏԵՐՅԱՆ ԱԲԲԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՐ ՍՐԲԱԴԱՍՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ Հ. Ծ. Չորեքշաբթիՙ հոկտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 19.00-ին Լոնդոնի շքեղագույն, հինավուրց Ուեստմինստերյան Աբբայությունում, որտեղ թագադրվել են անգլիացի միապետների մեծ մասը եւ որտեղ թաղված են բրիտանացի նշանավոր պետական գործիչներ եւ ճանաչված գրողներ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված էկումենական պատմական արարողություն, տեղեկացնում է Լոնդոնի Թեքեյան մշակութային միության կողմից խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Արարողությունը, որին ներկա են գտնվելու, ըստ հաղորդագրության, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ուելսի արքայազնը եւ Քենտերբերիի արքեպիսկոպոսը, կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ 2014-ից նաեւ Իռլանդիայում ՀՀ դեսպան դոկտ. Արմեն Սարգսյանի հովանու ներքո եւ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Ուեստմինստերյան Աբբայության ավագ քահանայի բարյացակամ թույլտվությամբ: Արարողությանը ներկա գտնվելու հրավերներ ուղարկվել են Մեծ Բրիտանիայի վարչապետին, կառավարության, լորտերի պալատի եւ հոգեւորական դասի ներկայացուցիչներին: |