RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2146, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԴՈ՛ՒՔ ՈՐՈՇԵՔ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սահմանադրական փոփոխությունները, չնայած դրանց հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքին, այնուամենայնիվ, կարծես անշրջելի են դառնում` Ազգային ժողովում այդ փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու թույլտվության հարցի քննարկմամբ:Այն քննարկվեց երեք օր, այսօր արդեն քննարկումն արտահերթ նիստով է շարունակվում: Քվեարկությունը կկայանա հաջորդ քառօրյային:

Խորհրդարանում նախագծին դեմ է ՀԱԿ-ը, էն էլ` ոչ ողջ խմբակցությամբ. խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ու Լյուդմիլա Սարգսյանը հանդիպել են Հայաստանի նախագահի հետ, ով հանդիպումների շարք իրականացրեց քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների հարցով: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ են փոփոխություններին, ՕԵԿ-ականները խոսում են իրենց առաջարկներն ընդունելու դեպքում նախագծի հանդեպ դիրքորոշում որդեգրելուց, «Ժառանգությունում» եւս միասնական դիրքորոշում չկա` ե՛ւ դեմ պատգամավորներ կան, ե՛ւ կողմ: ԲՀԿ-ն ավելի շատ կողմ է, քան դեմ, չնայած առանձին պատգամավորներ կարող են դեմ լինել, օրինակ` Վարդան Օսկանյանը, որը ԲՀԿ-ից չէ այլեւս, բայց խմբակցությունից դուրս չի եկել: Անպես որ` չնայած խորհրդարանից դուրս նախագծի դեմ «Ոչի» շարժումի մեկնարկին (սա եւս տարօրինակ շարժում է` անհասկանալի նպատակով, անհայտ ռեսուրսներով), եթե երկրի ղեկավարությունը տարբեր ներքին եւ արտաքին պատճառներով չփոշմանի ու հետ չկանգնի իր մտադրությունից, սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի խոր աշնանը: Իսկ թե ինչու այդպիսի շտապողականություն, ինչու չէր կարելի հավանական բոլոր առաջարկներն արդեն ներառած, մաքուր խմբագրված ու սրբագրված նախագիծ քննարկել խորհրդարանում` դա անհասկանալի է, քանի որ հենց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչ եւ նախագիծը խորհրդարանում ներկայացնող Վարդան Պողոսյանն է ասում, թե առաջարկները նախագիծը հանրաքվեի դնելու թույլտվության ստացումից հետո էլ դեռ կարող են լինել, ու դրանց մեջ ուշադրության արժանիները դեռ ներկայացվելու են երկրի նախագահին` փոփոխությունները նախաձեռնողին:

Չնայած, որ տարբեր առիթներով խոսել ենք նախագծի վերաբերյալ արտահայտված մտահոգություններից, սակայն ավելորդ չէ «Ազգի» ընթերցողին հանրամատչելի բացատրելը, թե ի՞նչ առանցքային փոփոխություններ են լինելու Հայաստանի կառավարման մոդելում, եթե հանրաքվեի դրվի ու անցնի սահմանադրության փոփոխությունների այս նախագիծը, որն ԱԺ-ում ներկայացնող հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը բնորոշում է «մարդակենտրոն», ընդդիմախոսները` իշխանության վերարտադրության միջոց, իսկ երրորդ հայացքը` արտաքին ուժերի կողմից մեր երկրի կառավարման հեշտ ապահովման գործիք: Անկախ նրանից, որ նաեւ ենթատեքստը չի թաքցվում, թե նախագահ դառնալու որոշ անձանց մանկության երազանքն է ջրվում ու որոշ մարդկանց կենսագրությանը վերջակետ դրվում այս նախագծով:

Այսպիսով` նոր նախագծով Ազգային ժողովը, որ վերահսկում է գործադիր իշխանությանը, ունենում է նվազագույնը 101 պատգամավոր, ընտրվում համամասնական կարգով, ընդ որում` ընտրակարգը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Բազմիցս քննադատված ԱԺ ընտրության երկրորդ փուլը դեռ առկա է նախագծում, ըստ որի այս փուլում նոր ընտրությանը կարող են մասնակցել առավելագույն ձայն ստացած երկու կուսակցությունները, իսկ եթե նրանց հետ միավորվեն խորհրդարան անցած մյուս կուսակցությունները, ապա նաեւ այդ մասնակցությունը կլինի երկու դաշինքների տեսքով: Այս դեպքում մանդատները, որ ստացվել են առաջին փուլում, չեն կորչի, իսկ 101 մանդատն էլ տեսականորեն կարող է ավելանալ ու անցնել անգամ ներկա 131-ից, խորհրդարանն արդեն կոալիցիոն կլինի, Վ. Պողոսյանի հայացքով` սա հենց մեծամասնության միանձնյա իշխանություն թույլ չի տա: Բայց ընտրությունների երկրորդ փուլը Վարդան Պողոսյանը, չգիտես ինչու, պարտադիր չի համարում, հենց այնպես, ուրեմն, ձեւի համա՞ր է գրված: Երկրորդ փուլին մասնակցողներն անգամ վարչապետի թեկնածու ու կառավարության ծրագիր պիտի ունենան: ԱԺ-ն էլի հինգ տարով է ընտրվում: Պատգամավորները նոր խմբակցություններ չեն կարող ստեղծել, բայց իրենց խմբակցությունից կարող են դուրս գալ, խնդրեմ, որքան կուզենան: Քվորումի խնդիր էլ չի ծագի` որոշումներն ընդունվելու են նիստին մասնակցող պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ: ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկն ընդդիմությունից կլինի, եթե , իհարկե, այսքանից հետո ԱԺ-ում ընդդիմություն մնա, չնայած նախագծի հեղինակներն ասում են, թե այս նախագծով ընդդիմության լիազորություններն ու վերահսկողական գործառույթներն են ընդլայնվում: ԱԺ նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդով կարելի է վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել, բայց որոշումն ընդունվելու է պատգամավորների թվի մեծամասնությամբ եւ անվանական քվեարկությամբ: Սա նախագծողները համարում են ձախողված վարչապետներին ու կառավարություններին փոխելու լավ ճանապարհ, չնայած կան պատգամավորներ, որ չեն ըմբռնում անվանական քվեարկության իմաստը:

Ազգային ժողովի մասին գլուխը նախագծում առաջնադաս է նախագահի գլխից` խորհրդարանական հանրապետություն պիտի դառնանք: Հաջորդում է նախագահի վերաբերյալ գլուխը, ով նախագծով էլի պետության գլուխն է, բայց այնպիսի մի գլուխ, որը նախ, կուսակցական չէ, յոթ տարով ու մի անգամ է ընտրվում, քիչ է, դեռ ժողովրդի մանդատով չի ընտրվում, այլ ԱԺ եւ ՏԻՄ առաջադրած անձանց` Ընտրիչների ժողովի կողմից, ընդ որում` հենց էդ Ընտրիչների ժողովի մեկ հինգերորդով էլ նրա թեկնածությունը կարող է առաջադրվել (ԺԷԿ-ի պե՞տ ենք ընտրում): Նախագահին տեսականորեն մինչեւ երեք փուլանի ընտրությամբ կարելի է ընտրել, համենայնդեպս` ընտրության երեք փուլի հնարավորություն ամրագրված է: Այսինքն` ինչ է ստացվում, խորհրդարանական հանրապետություն ենք դառնում, բայց նախագահին անգամ խորհրդարանը չի ընտրում, այլ երրորդ-չորրորդ ռանգի մի ինստիտուտ:Նախագահի գլխավոր գործը պետք է լինի Սահմանադրության կիրարկմանը հետեւելը: Երբ Վարդան Պողոսյանին հարցրին, թե, լավ, մեկ անձը, էն էլ այդքան նվազ լիազորություններով, ոնց պետք է երաշխավորի սահմանադրության կատարումը, եւ ո՞ր մարմինն է իրականում երաշխավորում սահմանադրության կատարումը, պարզվեց` Սահմանադրական դատարանը: Ծաղկեց Մարոյի բախչեն: Հայաստանում ՍԴ-ն ե՞րբ կլինի հեղինակություն, որ մինչեւ այժմ չգործող սահմանադրությունը հետո գործող դարձնի ու դեռ երաշխավորի նրա կիրարկումը: Նախագահն անգամ ինքնուրույն դեսպան չի նշանակում, այլ միայն` վարչապետի առաջարկությամբ, եւ մնացած բաներն է անում վարչապետի առաջարկությամբ:

Վարդան Պողոսյանը երեկ նաեւ հետաքրքական պատասխան է տվել Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե արդյոք նոր սահմանադրության ո՞ր դրույթները կկարողանան բացառել այն օրինազանցությունները, որ կատարվում են այս սահմանադրության օրոք: Նա փաստորեն ընդունելով, որ այդ երեւույթներն առկա են ու անգամ նշելով, որ անկախությունից քառորդ դար անց մենք չունենք հանրային կարիքները բավարարող իշխանական համակարգ ու դատական իշխանություն, ակնարկել է սահմանադրության գործելու մարդկային գործոնի մասին: Նա ասել է , որ սահմանադրությունները կյանքի են կոչում մարդիկ, իսկ իշխանական հավասարակշռված համակարգի առկայությամբ, անձնակենտրոն կառավարում չունենալու պարագայում հնարավոր կլինի կյանքի կոչել սահմանդրությունն ու բացառել այժմյան վիճակը:

Պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը ըստ փոփոխությունների մշակում է կառավարությունը: Բայց նախագահն է ԱԺ ներկայացմամբ վարչապետ նշանակում (հը՞), մինչդեռ երբ վարչապետը հրաժարական է տալիս, արդեն ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ պատգամավորական խմբակցությունների ներկայացրած թեկնածուին է ընտրում վարչապետ: Փոխվարչապետների թիվն այժմ քննարկվում է, այն կարող է կախված լինել քաղաքական նպատակահարմարությունից: Ավելի հետաքրքրական է այն, որ երբ ԱԺ-ն յոթնօրյա ժամկետում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ չի ընտրում վարչապետ` ԱԺ արձակվում է, նույնիսկ միայն կառավարության ծրագրին հավանություն չտալու դեպքում է ԱԺ-ն արձակվում, հիմա սա խորհրդարանական հանրապետությո՞ւն դարձավ, թե՞ վարչապետական, մանավանդ` ներքեւի դիտարկումների պարագայում:

Քիչ վեճերի տեղիք չի տվել այն գլուխը, որը վերաբերում է զինված ուժերին: Զինված ուժերի օգտագործման մասին որոշումն ընդունում է կառավարությունը: Եթե անհետաձգելի է զինված ուժերի օգտագործումը` պաշտպանության նախարարի առաջարկով այդպիսի որոշում վարչապետն է կայացնում, ապա նոր տեղեկացնում կառավարությանը: Զինված ուժերը ղեկավարում է պաշտպանության նախարարը, բայց պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: Ըստ Վ Պողոսյանի` եթե նախագահը նոր նախագծով ռեսուրսների չի տիրապետում, չունի կառավարության եւ Ազգային ժողովի լայն աջակցությունը, ապա առավել արդյունավետ է ռեսուրսների տիրապետող կառավարությանն ու վարչապետին այդպիսի լիազորություններ վերապահելը, այդպիսով կապահովվի իրավունքի եւ պատասխանատվության հարյուր տոկոսանոց վիճակ: «Պատերազմական իրավիճակ» բառերը, ըստ Վարդան Պողոսյանի, հնարավոր է փոխվեն «ռազմական դրություն» բառերով, քանի որ Հայաստանը միշտ էլ կիսապատերազմական վիճակում է: Պատերազմ հայտարարելու լիազորությունը, սակայն, կառավարության առաջարկի հիման վրաՙ Ազգային ժողովին է պատկանում:

Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատավորներին նշանակում է նախագահը, Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը, ՍԴ նախագահն ընտրվում իր միջի դատավորներից` առանց վերընտրվելու իրավունքի, մի շարք պաշտոնների նշանակմանը ԱԺ-ն է մասնակցում` ընդդիմության լայն համաձայնությամբ::

Անհանգստացնող է այն դրույթը, որ եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են մեր օրենքներով, ապա կիրառվում են միջազգային նորմերը: Չնայած Վ. Պողոսյանը բացատրեց, թե բոլոր դեպքերում մեր սահմանադրությունը Հայաստանում պահպանելու է իր բարձրագույն իրավական ուժը, նախագծի հինգերորդ հոդվածի առաջին կետի գործողությամբ, որտեղ նշվում է, թե օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրությանը, բայց նույն հոդվածի երկրորդ կետը միջազգային նորմերի գերակայության մասին է խոսում: Պատգամավորների համար անհասկանալի բաներ կային, որն արդեն երրորդ օրն է նրանք փորձում են պարզել Վ. Պողոսյանից եւ իրենց ելույթներով նախագծի սեւուսպիտակ շերտերը բացահայտել: Մի քան ելույթի ուղղվածություն ներկայացնենք:

Իրավագետ, ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը հարցնում էր` եթե չի կիրառվում ներկա սահմանադրությունը, չենք ապրել այյդ սահմանադրությամբ, ինչու ենք փոխում, քաղաքական մենաշնորհը, որ այսօր հաստատված է դե ֆակտո, հիմա դե յուրե սահմանադրությամբ ենք ամրագրում:

ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը փաստեց, որ ԲՀԿ շատ առաջարկներ կարծես ընդունվում են, այնպես որ վերաբերմունքը դրական է: Մի այլ ԲՀԿ-ական` Վահան Բաբայանն անձամբ «այո» ասաց ու կոչ արեց մյուսներին նույնն անել:

Արամ Մանուկյանը զգուշացրեց` այսօր պետք չէ կառավարման մոդելի փոփոխության գնալ, ուժեղ իշխանություն է պետք` պատերազմական վիճակում ենք, սա կարող է բերել ցնցումների:

ԱԺ փոխխոոսնակ Էդուարդ Շարմազանովն իր արտահերթ ելույթում ասաց, թե կարիք չկա ցուցամատով խելք ցույց տալ մեծամասնությանը: Հարցը բնական-օրակարգային անվանեց, նշեց քաղաքական կոնսոլիդացիայի մասին կամ փաթեթի շուրջ. «Ինչին եք դեմ` հարյուր տոկոսանոց համամասնական համակարգի՞ն, որ ընդդիմության լիազորությունները լայնանա՞ն, որ շատ պաշտոններ ընդդիմության հետ կոնսենսուսով նշանակե՞նք, դեմ եք, որ դուք վերահսկողական ֆունկցիաներ ունենա՞ք» հարցրեց նա` վստահեցնելով, որ Սերժ Սարգսյանի ճակատագրի հետ կապ չունի փաթեթը: Այլ տաք ելույթներ էլ եղան: Հանգուցալուծումը` հաջորդ քառօրյային:

Հ.Գ. Հիշեցնենք, որ նախագծի շուրջ Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ, երեկ էլ հանդիպում ՌԱԿ ներկայացուցիչների հետ էր, իսկ մինչ այդ էլ խորհրդարանում նախագծի շուրջ եղել են բավական ներկայացուցչական լսումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ