7500 ՈՏՔԻ ԵԼԱԾՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Անցած չորեքշաբթի օրը, երբ ԱԺ-ի հերթական քառօրյան արդեն ընթացքի մեջ էր եւ քառօրյայի, փաստորեն, երրորդ օրն էր, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, որն, ինչպես հայտնի է, «Դեմ է», կարեւոր չէ, թե ինչին, այսինքն` հայտնի չէ, թե ավելի շատ ինչին, հայտարարեց, որ իրենք հենց չորեքշաբթի օրվանից ակցիա են սկսում ԱԺ-ի շենքի դիմաց, որն, ուշադրություն, «Պետք է տեւի ԱԺ-ի ողջ քառօրյայի ընթացքում», ինչը, ցավոք, հնարավոր չէ, քանի որ քառօրյա` նշանակում է 4 օր տեւող: Ոտքի ելածները ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել են իրենց պահանջագիրը երեք կետից կազմված: Առաջին կետով պահանջում են ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի դրույթների համաձայն` ԱԺ-ում քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, երկրորդ կետով պահանջում են հրապարակել 2012-ին եւ 2013-ին համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանից բացակա քաղաքացիների ցուցակը եւ երրորդ կետով էլՙ հրապարակել 2012-ից ի վեր կառավարության բոլոր ծախսերին վերաբերող մանրամասն տեղեկատվություն: Շարժումը այս պահանջագրին կից ներկայացրել է նաեւ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ պահանջող 7500-ից ավել ՀՀ քաղաքացիների ստորագրությունները: Հիշեցնենք, անգամ լայնածավալ արտագաղթը հաշվի առնելով, միայն Երեւան քաղաքում բնակչությունը կազմում է ավելի քան մեկ միլիոն մարդ: |