RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1496, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՎԻԳԵՆ ՉԹՐՅԱՆ

Թուրք քաղաքագետ Դողու Փերինչեքին արդարացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) խախտում է արդարության հասնելու իմ իրավունքները: Դա վատ որոշում է, հղիՙ վտանգավոր հետեւանքներով:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը վերջնականապես պատասխանելու էր այն հարցին, թե Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտումը պետք էր հանդուրժե՞լ, թե՞ քրեականացնել: ՄԻԵԴ-ը որոշեց հօգուտ առաջինի:

Փերինչեքը օգտագործելով խոսքի ազատության իրավունքը գործեց մի հանցանք, որը հարյուր երկար տարիներ անպատիժ ձգվող հանցագործությունների վերջին արարն էր: Շատ պատմաբաններ գտնում են, որ ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է:

Իմ «Բաց վերքեր: Հայեր, թուրքեր եւ մեկդարյա ցեղասպանություն» գրքում գրել եմ, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ուրացումը թույլ է տվել, որ այդ քաղաքականությունը շարունակվի եւ բնաջնջվեն էթնիկական ամենատարբեր խմբեր, որոնց ինքը բնութագրում է որպես անցանկալի «փոքրամասնություններ» կամ «իմպերիալիզմի գործակալներ»: Սա հակասում է մեր ժամանակների Գերմանիայի դիրքորոշմանը, որը Հոլոքոսթի նկատմամբ իր ժառանգած պատասխանատվությունը ամբողջովին ստանձնելով, ներողություն խնդրեց եւ փոխհատուցում կատարեց: Ժխտողականությունն այնտեղ լսվում է այսօր միայն փոքրիկ, աննշան խմբավորումների կողմից, մինչդեռ Թուրքիայում այն դարձել է պետական քաղաքականություն:

Անպատժելիությունը Թուրքիային հնարավորություն է ընձեռել շարունակելու հանցագործությունների «մշակույթը»: Մազապուրծ հայերին Թուրքիան շարունակեց հետապնդել, եւ նրանք զոհ դարձան այս անգամ արդեն քեմալական կոտորածների եւ տեղահանությունների 1921-29 թվերին: Ոմանք էլ հարկադրված իսլամությունն ընդունեցին որպես կրոն: Առգրավվեց հայերի ունեցվածքը: Ավելի քան 2.500 հայկական եկեղեցիներ եւ վանքեր փոխակերպվեցին պահեստարանների, բանտերի, կամ էլ հիմնահատակ քանդվեցին: Այսօր ընդամենը 35 հայկական եկեղեցի է կանգուն մնում Թուրքիայում:

Քաղաքական ճնշումների զոհ դարձան նաեւ էթնիկական այլ խմբավորումներ: 1934-ինՙ հրեաները, 1955-ինՙ հույները: Իսկ քրդական ինքնությունն ու քաղաքական պահանջները մինչեւ օրս մնում են անտեսված:

Ավելին, մեծ թվով թուրք մտավորականներ, լրագրողներ եւ գիտնականներ տառապում են խոսքի ազատության սահմանափակումներից: Թուրքիայի իշխանությունները հարյուրավոր լրագրողների են հետապնդում ամեն տարի: Վերջին օրինակը հոկտեմբերի 9-ին «Թուդեյ՛զ Զամանի» գլխավոր խմբագրի ձերբակալումն է:

Վերադառնալով Փերինչեքին, նշեմ, որ 2007-ին Լոզանում սկսված դատավարությանը նա մենակ չգնաց: Նրան ուղեկցում էր 160 հոգուց բաղկացած մի պատվիրակություն, որի կազմում էին նախկին գեներալներ եւ քաղաքագետներ: Նրանցից մեկը Ռաուֆ Դենկթաշն էր, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության նախկին նախագահը: Իսկ 2009-ին Թուրքիայի դատարաններից մեկը Փերինչեքին դատապարտեց Էրգենեկոնի հետ կապ ունենալու համար:

Արդեն մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը վերապրողները պայքարում են արդարութան հասնելու համար: 1965-ին Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման պահանջներով զանգվածային ցույցեր տեղի ունեցան Բեյրութում, Փարիզում եւ Լոս Անջելեսում: Մեկ տասնամյակ հետո հայ երիտասարդներ արմատական քայլերի եւ բռնարարքների դիմեցին: Հետո եկավ իրավական միջոցներով ժողովրդավարական երկրներում ճանաչում հայցելու ժամանակը: Որոշ խմբավորումներ կամ անհատներ էլ դատարան դիմելով փորձեցին խորհրդանշական արդարություն ձեռք բերել: Բայց միայն հիմնովին շրջելով պետական ժխտողական քաղաքականությունը կարելի կլինի հասնել իրական արդարության:

ՄԻԵԴ-ի որոշումը միայն հայ վերապրողներին չի վերաբերում, այլ մարդկության դեմ գործադրված հանցագործությունների բոլոր զոհերին: Դատարանը սխալ ուղերձ է հղում ժխտելով դատարանների միջոցով արդարության հասնելու զոհերի եւ ապագա սերունդների հնարավորությունն ու իրավունքը:

Եթե հարյուր տարի անց ես չեմ կարող դատարան դիմելով տեր կանգնել իմ իրավունքներին, ապա խնդրում եմ դատավորներին, որ ինձ խորհուրդ տան, թե էլ որտե՞ղ կարող եմ արդարություն գտնել:

Անգլերենից թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ