RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1593, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՉԻՆ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ԱՆԴԱՌՆԱԼԻՈՒԹՅԱՆ ԿԵՏՈՒՄ

Պ. Ք.

Պեկինը հրապուրում է ԱՄՆ-ի դաշնակիցներին

Հոկտեմբերի 27-ին չին-ամերիկյան լարված հարաբերությունները նոր մագլցում արձանագրեցին, երբ ամերիկյան մի ականակիր ռազմանավՙ USS Lassen, նավարկեց Հարավ-չինական ծովում Չինաստանի կողմից սարքված արհեստական կղզիներից մեկի մոտակայքով, ըստ Պեկինի «խախտելով ջրային տարածքների վերաբերյալ միջազգային օրենքը»: Ամերիկյան կողմը վիճարկում է այդ կղզիների պատկանելիությունը, առարկելով, որ նշյալ կղզիները արհեստական են եւ, հետեւաբար, դրանց վրա չի տարածվում ափամերձ ջրային տարածքների մասին միջազգային օրենքը, որը սահմանում է ափից առավելագույնը 20 մղոնի հեռավորություն, մինչ խնդրո առարկա ռազմանավը նավարկել է 12 մղոն հեռավորության վրա: Առայժմ կողմերի դիրքորոշումը անտեղիտալի է, հետեւաբար իրավիճակը տարածաշրջանումՙ խիստ պայթյունավտանգ:

Ստորեւՙ վերլուծական մի ակնարկ չին-ամերիկյան լարվածության պատճառների վերաբերյալ:

Չինաստանն ու ԱՄՆ-ը ավելի ու ավելի են մոտենում պատերազմին, քանզի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկու երկրների շահերի բախումը ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վերածում են «զրոյական գումարով խաղի», որտեղ խաղասեղանին են դրված ամերիկացիների գերիշխանությունը եւ Ասիայում Չինաստանի հզորությունը: Այս կապակցությամբ ամերիկյան National Interest հանդեսը գրում է, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն անցել են անդառնալիության կետը: Երկու երկրների հարաբերություններն անխուսափելիորեն կհանգեցնեն կողմերից մեկի պարտությանըՙ անկախ նրանից, թե ԱՄՆ-ը եւ Չինաստանը ինչ ձեւով կկարողանան կարգավորել ծագած հակամարտությունները: Խոսքը ռազմական կամ դիվանագիտական կարգավորման մասին է, հանդեսի էջերում նշում է գիտաշխատող Ռայան Պիկրելը:

Վերլուծաբանը ընդգծում է, որ Չինաստանը առաջարկում է Պեկին-Վաշինգտոն հարաբերությունների ռազմավարական կայունության սեփական հայեցակարգՙ «մեծ երկրների փոխհարաբերությունների նոր մոդել», որը ենթադրում է երկու պետությունների քաղաքական համակարգերի եւ ազգային շահերի փոխադարձ հարգում:

«Նոր մոդելի ընդունումը կստեղծի Չինաստանի զարգացման համար բարենպաստ միջազգային միջավայր. դա Պեկինին թույլ կտա Ասիայում գերիշխող ուժ դառնալ առանց գերտերությունների հետ հակամարտության մեջ մտնելու», նշվում է հոդվածում:

ԱՄՆ-ում, սակայն, կարծում են, որ «նոր մոդելը» չի համապատասխանում ամերիկացիների ազգային շահերին: Տվյալ հարցը օրերս գլխավորներից մեկն էր ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի ԱՄՆ կատարած այցի օրակարգում, սակայն նախագահ Բարաք Օբամայի հետ նրա վարած բանակցություններում շոշափելի առաջընթաց չարձանագրվեց:

Գերիշխանության հակումներ ունեցող ԱՄՆ-ի համար ռազմավարական հակառակորդի առաջարկած աշխարհաքաղաքական սահմանափակումները նշանակում են ուժի եւ ազդեցության մի մասի զոհաբերություն: Չինաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունության նկատմամբ ամերիկացիների մոտեցումը հիմնված է «մի՛ վնասիր» սկզբունքի վրա. երկու երկրները պետք է փորձեն փոխշահավետ կերպով համագործակցել եւ խուսափել մրցակցությունից: Նման ռազմավարությունը, սակայն, անարդյունավետ է երկարաժամկետ հեռանկարով. «վաղ թե ուշ ջինը դուրս կցատկի շշից», եւ չլուծված խնդիրները ծայրաստիճան կբարդացնեն չին-ամերիկյան հարաբերությունները: Պեկինի համար առավել վտանգավոր խնդիրներ տարածքային վեճերն են Հարավչինական ծովում:

Իր հերթին ամերիկյան գործարար շրջանակների «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը գրում է, որ Չինաստանը խելացի խաղ է սկսել, իր կողմը գրավելով ԱՄՆ-ի դաշնակիցներին: Պեկինը տարածքային վեճերը համարում է Չինաստանի ինքնիշխանությունը վիճարկելու ԱՄՆ-ի եւ մյուս ագրեսիվ երկրների փորձեր: Մինչդեռ Վաշինգտոնը Պեկինի գործողությունները դիտում է որպես «ծավալապաշտություն», տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների եւ ռազմավարական գործընկերների դեմ ուղղված նախահարձակում եւ նույնիսկ սպառնալիք ազատական կարգին, որը համարվում է ԱՄՆ-ի համապարփակ գերիշխանության կարգավիճակի պահպանման էական սկզբունք:

Թերթը հիշեցնում է, որ այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ը ընդունեց Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծովային անվտանգության նոր ռազմավարություն, որի նպատակն է «նավագնացության ազատության եւ միջազգային ծովային իրավունքի սկզբունքների ու չափանիշների պաշտպանությունը»: Սա նշանակում է որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը հայտնվում է ԱՄՆ-ի ծովային անվտանգության շահերի կենտրոնում: Այս կապակցությամբ ՉԺՀ արտգործնախարարության խոսնակ Հոն Լին ընդգծել է, որ Չինաստանը հանդես է գալիս «ծովային նավագնացության ազատության պաշտպանության պատրվակով ՉԺՀ տարածքային ինքնիշխանությունը վիճարկելու մյուս բոլոր երկրների փորձերի դեմ»:

Տվյալ հայտարարությունը կարող է լինել պարզապես «մկանների ցուցադրություն», բայց նույնիսկ այդ դեպքում Հարավչինական ծովում Պեկինի եւ Վաշինգտոնի շահերի բախումը մեծացնում է լուրջ հակամարտության հավանականությունը: Չինաստանի համար խաղասեղանին դրված են ազդեցության հնարավոր ոլորտները, իսկ ԱՄՆ-ի համարՙ ազատական կարգը եւ ամերիկյան գերիշխանությունը:

Նման իրավիճակում հակամարտությունը անհնար է հաղթահարել այնպես, որ կողմերից մեկի շահերը չոտնահարվեն: Նկատի ունենալով սեփական ուղեգծին հետեւելու երկու երկրների վճռականությունը եւ համառությունը, տվյալ հակամարտությունը վաղ թե ուշ կարող է հանգեցնել ռազմական բախման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ