ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՉԵԽԱԿԱՆ ՅԻՀԼԱՎԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ Հ.Ա., Պրահա ՕՐԵՐ- Հոկտեմբերի 27-ի երեկոյան չեխական Յիհլավայի վավերագրական ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության շրջանակներում հայ կինոյի մեծ վարպետ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանձնվեց Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար մրցանակը: Պարգեւը հանձնեց փառատոնի տնօրեն Մարեկ Հովորկան, ով Արտավազդ Փելեշյանին բնութագրեց իբրեւ հայկական կինոյի լեգենդ, ով թեեւ թվով քիչ եւ ոչ երկար ֆիլմեր է նկարահանել, սակայն նա համարվում է պոետիկ ֆիլմի վարպետ եւ ամենաոգեշնչող կինոռեժիսորներից մեկը: Նա վկայակոչեց Փարաջանովին, ով ասել է. «Փելեշյանը կինեմատոգրաֆի քիչ թվով հանճարներից մեկն է»: Արտավազդ Փելեշյանն ստանալով պղնձյա արձանիկը, նշեց, որ իր համար մեծ պատիվ է այդ մրցանակը ստանալ եւ շնորհակալություն հայտնեց Յիհլավայի կինոփառատոնին: Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաեւ վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունինչպես նաեւ վարպետության դաս ուսանողության համար: Նշենք, որ Պրահայում Արտավազդ Փելեշյանն արդեն անցկացրել է վարպետության դաս Չեխիայի կատարողական արվեստների ակադամիայի կինոյի եւ հեռուստատեսության ֆակուլտետի ուսանողների համար, իսկ «Պոնրեպո» կինոթատրոնում իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունից հետո մինչեւ կեսգիշեր պատասխանել է հանդիսականների հարցերին: Վարպետը Չեխիայում է գտնվում Կատարողական արվեստների ակադեմիայի հրավերով: Պրահայում Արտավազդ Փելեշյանն իր տիկնոջ հետ այցելել է նաեւ վերջերս հայ համայնքին փոխանցված Սուրբ Հոգի եկեղեցի, ուր նրանց հյուրընկալել է Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Այնուհետեւ պարոն Փելեշյանը եւ իր ուղեկիցները այցելել են Հայաստանի դեսպանություն, ուր նրանց ընդունել է Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: |